Մի ջրիկ պատմություն


Ո՞ր շենքի տակը ջուր լցվի ու հարայ¬հրոց չսկսվի: Շենք ասածն էլ հո մի բնակարան չի, առնվազն 100 ընտանիք, համարյա մի գյուղ: Դե որ գյուղը քանդման ենթակա դառնա, ո՞վ չի տագնապի: Իսկ որ գյուղն էլ կանգնի` գերան կկոտրի: Էդ չարաբաստիկ ջուրը նրանց շենքի տակն էլ չոքեց, բայց ամենից շատ շենքի հիմքերում: Առավոտյան բնակիչների պատմած երազները ճշմարտանման էին` շենքը կքանդվի: Հարայ¬հրոցի ձենը հեռախոսով հասավ մինչև քաղաքապետարան, բայց, քանի որ հեռախոսները երևի շատ էին զբաղված նման կարգի բողոքներով, ստիպված ոտքով գնացին «սրբի» դուռն ու ծնկի եկան: - Փրկե´ք, Աստծո սիրուն, մեծ ու փոքրով կկոտորվենք: Եկեք, ձեր աչքով տեսեք` ինչ է կատարվում: - Սպասեք, վրա մի տվեք, դրա համար կարգ ու կանոն կա, հերթ կա, սա հո ջրի ճամփա չի, հերթագրվեք: - Ինչի՞ն, շենքի քանդվելո՞ւն… - Թեկուզև… մի շաբաթից կգանք: Բողոքողների համար կգանքը ոնց որ տուգանք լիներ: Սպասելուց աչքները ջուր դառավ, էդ ջուրն էլ գնաց լցվեց հիմքերն ու ավելի վատթարացրեց շենքի դրությունը: Երբ «փրկարարները» եկան, կարծես տոն լիներ շենքավորների համար: Նույնիսկ երեխաները դպրոց չգնացին. չէ՞ որ իրենց բախտն էր վճռվելու: Շատերը հրաշքով չկտրված մի քանի ծառերին բարձրացան ու մեծերից լսած կոչերն էին վանկարկում` «Պայքար, պայքար մինչև վերջ…»: Քաղաքապետարանից եկողները, որ լսեցին պայքարի կոչերը, սրտներին դիպավ: Որ պետ¬պետ պիտի խոսեին, էդքան ջրերը տեսնելուց հետո` բերանները ջուր առել, չէին կարողանում խոսել: Համարձակներից մեկը, որ հազիվ բերանի ջուրը կուլ տվեց, բարբառեց. - Վա´յ ձեր տունը չքանդվի, մենք էլ ասինք` էս ինչ է եղել… Բան էլ չի էղել, ջուր է լցվել, էլի, ջուրն էլ կյանք է, իր ճամփան կգտնի, կգնա, իզուր ջուր մի պղտորեք: Անցած շաբաթ Վենետիկի իմ առանձնատնից եկա… Ով գիտի` գիտի, ով չգիտի, ասեմ` էդ հրաշք քաղաքը ջրի մեջ է: Ապրողների բախտը բերել է, ջուրը բոլ¬բոլ է, ինչքան ուզում ես խմիր, լողացիր, չոփ¬չոփ արա, տալերկեքը լվա, այգի ջրի… Եվ հենց ջրի շնորհիվ է, որ քաղաքն այդպես պահպանվել է դարերով: Իսկ դուք, ամոթ ձեզ, իտալացիների չափ էլ չկաք, մեր տաղանդավոր ազգի պատիվը գետնովն եք տալիս: Հայ եք, է˜, հայ, հա˜յ¬հա˜յ… Ջուրը չտեսած բոբիկանում եք: - Ո՞նց չենք տեսել, ջուրը մեզ տակից քայքայում է: - Ի՞նչ, վերմակիդ տա՞կն է, տո, ջուրը որտեղ, դուք որտեղ… Փոխանակ երգելով գովեք` «Ախ իմ հայրենիքիս ջուրը», հլա բողոքում էլ եք: Սողոն, որ անհամբեր էր` չհամբերեց. - Բայց Ջիվանին էլ ասում է` մեր ջուրը օձ ու կարիճներն են խմում… - Էդ օձ ու կարիճը մեզ ի նկատի ունե՞ք, էլ ինչո՞ւ եք կանչել: - Որ մեր շենքը չփրկեք խեղդվելուց, էդ պատվին կարժանանաք: - Դուք պիտի Ամենափրկիչին դիմեիք: Հարգեք ջուրը, հիշեք Վենետիկի պատմությունը, թե չէ ես կհիշեցնեմ: Այդ ծովերի թագուհին իր բազմահարկերով առոք¬փառոք բազմել է ջրերի վրա ու կանգուն է ջրի շնորհիվ: Գեղամը լսելի քրթմնջաց. - Մեր ջրերը քաղցրանում են, 2¬րդ տեղն են գրավում աշխարհում, իսկ ծովի ջրերը աղի են, աղն էլ, գիտեք` ամրացնող հատկություն ունի: Շինարարները մեր ցեմենտի փողերը յուրացրել են, դրա համար էլ նրանց ստամոքսներն ավելի ամուր են, քան մեր շենքերի հիմքերը: Ախպեր, ուզում եք էս մեր լեռնային երկիրն էլ վենետիկացնե՞լ: - Ո՞նց դարձնենք, որ մի չնչին բանի համար հարայ¬հրոց եք անում, փոխանակ Վենետիկը ձեր քույր քաղաքը դարձնեք, գնաք-գաք, օրինակ վերցնեք, ձեր ու մեր մոտ էլ գիդեր, գոնդոլներ կունենանք: Փողոցները ջրից կլինեն, փողոցայիններ չենք ունենա, երթուղային տաքսիներին սպասող չի լինի, հազարավոր զբոսաշրջիկներ կգան, ձկնաբուծությունը, ջրաբուժությունը, տուրիզմը կզարգանա, շատ փող կունենանք: Եթե բյուջեի մեջ էլ ճեղքեր գոյանա, ջուրը կլցվի այդ ճեղքերն ու հրաշքով կփակի: Ջրի, հողի հարկ չենք մուծի: Ջուրն այնքան շատ կլինի, որ ամեն ինչ կդառնա ջրի գին: Երեխաները ծառերի վրայից գոռացին. - Ուխա˜յ, ձմռանը ջրերը կհոսեն, մենք էլ սահնակ, չմուշկ կխաղանք: - Երեխաներ, Իտալիան տաք երկիր է, թույլ չի տալիս իր ծոցում ջրերը սառեն: Հայաստանն էլ, որ երկրորդ Իտալիան է, հետևում է մեր մեծ քրոջ օրինակին: Տիկին Փեփրոնը փնթփնթաց. - Էս ջրի տարածը, որ էսքան ջուր է ծեծում, չի էլ ուզում մի քիչ պնդանա, սառույց դառնա: Բա հիմի սրան չշշպռե՞մ: Մինչև սա գործի մասին խոսի` շենքը կխեղդվի, ջուրը շատանում ա, է˜… Այ մարդ, էս մարդը ոնց որ եկել է ջուր պղտորելու, որ հեշտ ձուկ որսա: Կողքինն էլ հարցրեց. - Ախչի, էդ ձուկն էլ մե՞նք ենք, բա մեր փշերից չի վախենո՞ւմ, կդիմենք մինչև ՄԱԿ, Եվրադատարան, Եվրախորհուրդ, ՆԱՏՕ, Շախմատի ֆեդերացիա, թող դրանց մի լավ մատ անեն: - Բա մեր չեմպիո՞նն ով ա, որ դրանց մատ անի, ընդհակառակը` տեսնում ես, էլի, ոնց են ուզում մեզ մատ անեն: Ասում ենք ջուրը կտրեք` շենքը փուլ է գալիս, իրենք էլ Վենետիկով են մեզ սպառնում: Անհամբեր մարդը (Սողոն) էստեղ էլ չհամբերեց. - Այ մարդ, էդ խորհուրդներիդ տեղակ, օրինակ ծառայեք. նախ` ձեր քաղաքապետարանը ջրի մեջ մտցրեք, դարձրեք փոքրիկ Վենետիկ, որ մենք էլ ձեր հաջողություն ներից շշմած, Աստված տա` նախանձից չպայթենք, ընկնենք ձեր ջրերը, այսինքն` օրինակելի օրինակից օրինակ վերցնենք: Հ. Գ. Հարգելի ընթերցող, վերջին տեղեկությունների համաձայն, էդ բողոքի ցույցից մինչև էսօր ո´չ շենքի հիմքի ջուրն է պակասում, ո´չ էլ շենքն է փուլ գալիս… Իսկ բնակիչների ջրիկ բողոքները, իշխանությունների ջրիկ խոստումների հետ գետ դարձած` քչփչալով խոսում ու հեռու ծովերն են հոսում…

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ