Թբիլիսին, Պրահան և Կարմիր հրապարակը


Անցած օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմով Հարավային Կովկասի համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև սկսված պայքարը սրվում և գնալով անկանխատեսելի է դառնում: Այդ են վկայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Թբիլիսիում շարունակվեցին Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող հանրահավաքները: Պաշտոնական շրջանակները հայտարարեցին, թե զինվորականների խռովության մեջ ռուսաստանյան հետքն են տեսնում: Եվ ընդհանրապես, վրաց իշխանություններն ի սկզբանե պնդում էին, թե ընդդիմության հանրահավաքները, Սահակաշվիլիի հրաժարականի պահանջը խրախուսվում, աջակցություն են ստանում Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Այդ պնդումներն ավելի համոզիչ են հնչում, երբ հիշում ենք Վրաստանի ընդդիմության հանրահավաքների սկսվելուց ոչ շատ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Մեդվեդևի հայտարարությունը, թե Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին կարելի կլինի խոսել միայն իշխանությունից Սահակաշվիլու հեռանալու դեպքում: Այս տեսանկյունից առկա գործընթացները դիտարկելու պարագայում դժվար չի լինի նկատել, որ Վրաստանում ընդդիմության բողոքի ցույցերի, Սահակաշվիլու հրաժարականի պահանջով չդադարող հանրահավաքների ու պիկետների ժամանակահատվածն ամենևին էլ պատահական չի ընտրված: Անգամ անփորձ աչքը կնկատի, որ դրանք սկսվեցին Վրաստանում ՆԱՏՕ-ի զորախաղերի նախօրյակին: Մինչ զորախաղերի սկսվելը Ռուսաստանն արդեն հայտարարել էր, թե չի կարելի զորախաղեր անցկացնել մեկ տարի առաջ հարևանների դեմ պատերազմ հրահրած երկրում: Չնայած Մոսկվայից հնչող բողոքներին, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի զորախաղերը Վրաստանում սկսվեցին: Մոսկովյան պաշտոնական շրջանակները Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի այդ քայլը որակեցին որպես սառը պատերազմը վերսկսելու փորձ: Այսքանով Վրաստանում խաղարկված Ռուսաստան-Արևմուտք դրաման չավարտվեց: Մայիսի 9-ին` գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 64-ամյակի օրը, Կարմիր հրապարակում կայացավ, ինչպես Ռուսաստանի հեռուստատեսության մեկնաբան ները նշեցին, նոր Ռուսաստանի պատմության մեջ ամենահզոր զորահանդեսը: Շքերթին մասնակցում էր 9 հազար զինվորական, ցուցադրվեցին ռազմական տեխնիկայի վերջին նվաճումները… Նկատենք, որ այդպիսի զորահանդես կազմակերպվում է սովորաբար միայն հոբելյանական տարեթվերին: Սակայն այս տարին հոբելյանական չէ, և զորահանդեսն էլ Վրաստանում` Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների անմիջական հարևանությամբ, ՆԱՏՕ-ի զորախաղերի անցկացմանը Մոսկվայի պատասխանն էր: Իր ռազմական հզորության ցուցադրումով, Կրեմլն ուզում էր ասել, որ Կովկասն իր ազդեցության տարածաշրջանն է, որ այստեղ ինքն ունի կենսական շահեր, որոնք մտադիր չէ որևէ մեկին զիջել: Ի դեպ, Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի վրաստանյան զորախաղերին, ի թիվս ԱՊՀ այլ երկրների, չմասնակցեց նաև «Համագործակցություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրին անդամակցող Հայաստանը: Չմասնակցելու պատճառը հստակ էր ձևակերպված. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զորախաղերից առաջ հայտարարել էր, թե Դաշինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսի հայտարարություն առաջին անգամը չի, որ հնչում է Բրյուսելից, բայց Հայաստանն ըմբռնումով է վերաբերվել: Սակայն այս անգամ Հայաստանի դիվանագիտական ըմբռնողականությանը միացավ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի շահերը… Հետաքրքիր է, երբ որոշիչ պահը գա, Կրեմլը նույնպե՞ս կգործի` ելնելով Հայաստանի կենսական շահերից: Աշխարհաքաղաքական նշանակության հաջորդ զուգադիպությունն անցած շաբաթ Չեխիայի մարաքաղաք Պրահայում կայացած` Եվրամիության արևելյան գործընկերութ յան գագաթաժողովն էր: Արևելյան գործընկերության ծրագրով Եվրամիությունը հայացքն ուղղում է դեպի նավթով ու գազով` իրեն այնքա¯ն անհրաժեշտ էներգակիրներով հարուստ արևելք: Ռուս-ուկրաինական գազային վեճից հետո, որի պատճառով եվրոպական երկրները տնտեսական մեծ կորուստներ կրեցին, Եվրամիությունը վերջնականապես համոզվել էր դեպի Եվրոպա Ռուսաստանը շրջանցող գազատարի անհրաժեշտության մեջ: Պրահայի գագաթաժողովում Եվրամիության երկրները փաստաթուղթ ստորագրեցին Հարավային Կովկասով, Թուրքիայով Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» գազատարի անցկացման մասին: Սակայն այդ փաստաթղթին չմիացան Ուզբեկստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը: «Նաբուկո» ծրագրով նախատեսվում էր, որ այդ գազատարը կլցվի նաև հիշյալ երկրների գազով: Կարևոր է չմոռանալ, որ բոլորովին վերջերս Մոսկվայում Մեդվեդև-Ալիև հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ադրբեջանական գազը Ռուսաստանի կողմից գնելու հարցը: Եթե Մոսկվային հաջողվի ամբողջութ յամբ, թեկուզ և Եվրոպական բարձր գնով տիրանալ ադրբեջանական գազին, ապա Ռուսաստանը կպահպանի Եվրոպային գլխավոր գազամատակարարի իր դիրքերը. ասել է թե` կպահպանվի եվրոպական տնտեսության զգալի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ