Մոդելասեր Բեռլուսկոնին


Իտալիայի վարչապետի կինը` 3 երեխաների մայր և «Սարսուռ» սարսափաֆիլմի աստղ, 52-ամյա Վերոնիկա Լարիոն ապահարզան է պահանջել Սիլվիո Բեռլուսկոնիից, որը չափից ավելի շատ է հրապուրվել մոդելներով ու հեռուստահաղորդավարուհիներով: Տիկին Լարիոն չի թաքցրել, որ այդ քայլը շատ դժվար էր, բայց ինքը ստիպված էր դրան դիմել: Վարչապետ ամուսինն այդ փաստին հանգիստ է վերաբերվել, բայց չի ցանկացել մեկնաբանել` ասելով. - Դա անձնական խնդիր է, որն ինձ խիստ վիրավորում է. այն շոշափում է այնպիսի ոլորտ, որի մասին, կարծում եմ` տեղին չէ հրապարակավ խոսել: Իտալական մամուլն արդեն քանի¯ տարի գրում է վարչապետի սիրային հակումների մասին: Ապրիլի վերջին Սիլվիոն որոշել է «ջահելացնել» «Ազատության ժողովուրդ» կուսակցության ցուցակները և խորհրդարան հրավիրել… ոչ ավելի-ոչ պակաս` հեռուստաէկրանի 10 գեղեցկուհիների: Հետո սահմանափակվել է մեկով` նախկին միսս-Իտալիա, 27-ամյա Բարբարա Մատերեով: Գործընկերներն, իհարկե, բարեհաճորեն չեն ընդունել վարչապետի այս ցանկությունը: Իսկ նրա կինը հրապարակավ բացատրել է. - Ես և իմ երեխաներն այս իրավիճակի զոհերն ենք: Մենք ստիպված ենք հանդուրժել, և դրանից էլ` տառապել: Նման իրավիճակն առաջինը չէ: Երկու տարի առաջ Բեռլուսկոնին նախարարի պաշտոն է նվիրել ֆոտոմոդել Մառա Կարֆանիին և նույնիսկ հաճոյախոսել է. - Եթե ամուսնացած չլինեի, հենց հիմա կամուսնանայի քեզ հետ: Անցյալ տարի էլ վարչապետին լուսանկարել էին 5 գեղեցկուհիներով շրջապատված, և Oggi շաբաթաթերթի տպագրած «Բեռլուսկոնիի» հարեմը» հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց: Լարիոյի համբերության բաժակը լցվեց, սակայն, երբ ամուսինը մասնակցեց 18-ամա նեապոլիտանուհի Նոեմի Լետիցիայի ծննդյան հավաքին. աղջնակը վարչապետին քնքշորեն «պապի» էր անվանել, իսկ երեկույթի ավարտին լրագրողներին ասել էր, որ հաճախ է այցելում Բեռլուսկոնիին… Ներկայիս կնոջ` Վերոնիկայի հետ էլ նա 1980 թվականից սիրավեպ է ունեցել` երբ ամուսնացած էր Կառլայի հետ: Իրենց ամուսնությունը նրանք գրանցել են 1990-ին, բայց մինչ այդ Վերոնիկան նրան 3 զավակ է պարգևել: Տեղացիները նշում են, որ Սիլվիոն ոչ միայն երկրի ղեկավարն է, այլև ամենահարուստ մարդկանցից մեկը. նրա ունեցվածքը գնահատվում է 6,5 միլիարդ եվրո: