Ո՞վ էր կտրել Վան Գոգի ականջը


Մինչ վերջերս որևէ մեկը չի էլ կասկածել տարածված այն պատմությանը, թե աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգն ինքն է կտրել սեփական ականջը: Բայց ահա Համբուրգի համալսարանի գիտնականներ Հանս Կաուֆմանը և Ռիտա Վիլդեհանսն ավելի քան 10 տարի որոնել են իսկական չարագործին: Եվ վերջերս լույս ընծայած իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենը և լռության դավադրությունը» գրքում վարկած են առաջադրել. հմուտ սուսերամարտիկ Գոգենն է կտրել ընկերոջ ականջը` պաշտպանվելով հարձակումից: Միջադեպը տեղի է ունեցել 1888-ին` Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում: Գիտնականները պնդում են, որ երկու ընկերներն ընդհարվել են փողոցում: Պատճառը մասամբ եղել է մի պոռնկուհի` Ռեյչերը, բայց հիմնականում կռվշտել են նկարչական հնարանքի առիթով: Գոգենը սկզբում ցանկացել է խաղաղ բաժանվել, սակայն Վան Գոգը համառորեն հետապնդել է նրան: Վերջինիս մոտ վարժասուսեր է եղել և ընկերոջ հետապնդումից զայրացած, մարզազենքը մոտեցրել է նրա դեմքին և կտրել ականջը: Հետո սուսերը նետել է Ռոնա գետը: Հաջորդ օրը 2 նկարիչներն էլ ցուցմունք են տվել ոստիկանությանը: Գոգենն ասել է, որ իրենք` 2 ընկերները, վիճել են և ինքը գնացել է գիշերելու մոտակա հյուրանոցում: Մենակ մնալով, խանգարված Վան Գոգը ածելիով կտրել է իր իսկ ականջաբլթակը: Իսկ Վան Գոգն անկապ ինչ-որ խոսքեր է փնթփնթացել` չմեղադրելով ոչ Գոգենին, ոչ էլ իրեն: Կաուֆմանը կարծում է, որ հոլանդացի նկարիչը ոչ մի դեպքում իր սիրելի ընկերոջ դեմ ցուցմունք չէր տա. հակառակ պարագայում Գոգենը կհայտնվեր բանտում: Միջադեպից հետո նկարիչներն ընդմիշտ բաժանվել են. Գոգենը վերադարձել է Փարիզ, ապա մեկնել Թաիթի: Իսկ Վան Գոգին տեղափոխել են հոգեբուժարան, հետո նա մեկնել է Փարիզի մերձակա Օվեր սյուր-Ուազ գյուղը: Իր արտասովոր աշխատասիրությունից հետո, երբ 70 օրում 70 կտավ էր կերտում, Վինսենթը 1889-ի հուլիսի 27-ին կրակել է ինքն իր վրա և 2 օր անց` 37 տարեկանում կնքել մահկանացուն: Կաուֆմանի կարծիքով` Գոգենը հետո զղջացել է կատարվածի համար և 1901-ին նկարել է «Արևածաղիկներ»-ը` ընկերոջ հիշատակին: