Դեպի «մշակութային արահետ»


Հայաստանի պատմամշակութային ժառանգության համաշխարհային իրազեկությունը բարձրացնելու նպատակամղվածությամբ անցյալ տարի Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում մեկնարկած «Ճանաչեք Հայաստանի հուշարձանները» ծրագրի (նախագահ` Ռիկ Նայ) I փուլը, զբոսաշրջային հիմնական հետաքրքրություն ներկայացնող 5 տեսարժան վայրերում ճանապարհային ցուցանակների ու բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման գործընթացն ավարտելով Խոր Վիրապի տարածքում, հիմք դրեց հասարակական և պետական մի շարք կառույցների համագործակցությանը: Լույս ընծայված տարալեզու 5000 ուղեցույցներն ու 200 լամինացված տեղեկատվական թերթիկները իրենցում խտացրեցին Գառնու, Զվարթնոցի, Գյումրու պատմական միջուկի, Նորավանքի ու Խոր Վիրապի պատմամշակութային բովանդակությունը` լակոնիկ արտահայտչականությամբ վերարժևորելով Երկիր մոլորակի մերօրյա քաղաքացիների համար հինավուրց հայկական մշակութային գանձերի մնայուն գրավչությունը: Խթանվեց հուշանվերային արտադրությունը` լրացուցիչ հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչներին հավելյալ վաստակի: Գոհ իրենց համատեղ ջանադրության արդյունավետությունից` «ՀՀՃԾ»-ի շուրջ մեկտեղված 5 պետական-հասարակական կազմակերպությունները մտահղացան II փուլի կոնկրետ ուղղվածությունը` 9 տեսարժան վայրերի (ներառյալ` պատմական Հայկական Մետաքսի ճանապարհը), Հայկական թանգարանի և 2 բնական (թռչունների ու ծաղիկների) արահետների հանրաճանաչումը Հայաստանի բնական հրաշալիքների ներառմամբ: Բնության հանդեպ խնամքը առաջնայնացնելով որպես մարդկային բարձր քաղաքակրթության անբաժանելի մասնիկ` գործընկեր-կազմակերպիչները Կովկասում թռչնաբանական բազմազանությամբ ամենահարուստներից համարվող (ավելի քան 200 տեսակ) Արմաշի 29 լճերի տեղանքում ազդարարեցին II փուլի մեկնարկը, որի ներկայացուցչական շնորհանդեսը իրենց երգ ու պարով զվարթացրեցին Սուրենավանի միջնակարգ դպրոցի սաները` ձեռագործ ընծաներով, աղ ու հացով նաև հավաստելով իրենց պատրաստակամությունը ծննդավայրի համակողմանի ծաղկունքին միտված ծրագրին աջակցելու: ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ծրագրի կորպորատիվ հովանավոր ՎիվաՍԵԼ ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և «ՀՀՃԾ» նոր գործընկերները միասնաբար հավաստում են այս նախաձեռնությանը հետևողականորեն օժանդակելու իրենց պատրաստակամությունը` հույս հայտնելով II փուլի արձանագրած նոր հաջողությունների ամփոփ հաշվետվությամբ ներկայանալու վերջնակետում, որը կրում է «մշակույթի արահետ» խորհրդանշական անունը: Կասկածից վեր է, որ բնության հրաշալիքների վրա հատուկ ուշադրություն դարձնելով` մենք առանձնակի կշեշտադրենք դրանցում գտնվող պատմամշակութային հուշարձանների բացառիկ հմայքն ու նշանակությունը` ոչ միայն համազգային, այլև` համամարդկային: Ուրեմն, թռչունների բնօրրան դրախտավայրերից մեկի վերածնունդով նաև վերահաստատենք մեր ինքնատիպությունն ու տեղը ազգերի համաշխարհային ընտանիքում: Եվ միասին քայլենք դեպի XXI դարի «մշակույթի արահետ»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ