«Իմ առաջին երգը «Ավանգարդ»-ի էջերում է տպագրվել»


Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր ների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Ազգային արժանապատվությունն ու հայրենասիրությունը նույն ընտանիքի զավակներն են. համոզված է մեր ժամանակների անզուգական երգահան Ռոբերտ Ամիրխանյանը: Եվ նրա հայեցի երգերը ճշմարիտ ներշնչանք են սիրո և արժանապատվության: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Արդեն 70 տարի հյուսվող կյանքիս ընթացքում «դժվար» ասվածը տարբեր տարիքների մեջ զանազան դրսևորումներ է ունեցել: Բայց ամենադժվարը դպրոցական տարիներին ունեցածս մտորումներն ու ապրումներն են եղել: Ինքս ինձնից անասելիորեն դժգոհ էի և շատ էի ուզում բնավորությունս, տեսակս փոխել: Ամեն օր` քնելուց առաջ, միտքս դրանով էր զբաղված: Ու այդ ամենադժվարը աստիճանաբար դարձավ անհնարին, հետո նաև` անիմաստ, քանի որ սեփական անձը փոխելը ոչ միայն դժվար է, այլև անհնար, իսկ դրան ձգտելը անիմաստ է: Կյանքս` իր ընթացքով, ապագայի մեջ փռված մի ճանապարհ էր, որով անցնելու համար էի ինձ պատրաստում: Հետագայում հասկացա, որ այն հաղթահարելու լավագույն տարբերակը բաց հոգին է: Ամենաարդյունավետ եզրակացությունս այն է, որ պետք է լինել այն, ինչը որ դու ես և մշտապես կողմնորոշվես քեզանից դուրս եկող` դեպի ուրիշը գնացող սկզբունքներով: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ասեմ, որ ինձ համար շատ թանկ և քաղցր է հայ լինելս: Հաճախ այս կամ այն առիթով անընդունելի բաներ տեսնելիս, այնպիսի ընդվզումներ եմ ունենում, որ երբեմն հայ լինելը նույնիսկ ամոթալի է դառնում: Կողքինդ այնպիսի քայլ է թույլ տալիս, որը քեզ համար անընդունելի է` որպես ազգային որակ: Բայց հողի կանչը, որն ինձ գամել է հայ հասկացողությանը, ամենից կարևորն է և ուրիշ ազգի ներկայացուցիչ լինելս չեմ պատկերացնում: Թեպետ ես շատ նախանձում եմ ուրիշ ազգերի, օրինակ` գերմանացիներին, որոնց մեջ տեսնում եմ վերին աստիճանի կազմակերպված և հոգևոր կողմնորոշում: Տեսնում եմ, թե նրանք ինչպես են փաղաքշում մշակույթը, ինչպես են պարծենում իրենց երկրի զգացողությամբ: Կարևորագույն խնդիր է ազգային կողմնորոշումը` դեպի գիտությունը, մշակույթը, հոգևորը, փիլիսոփայությունը: Տեսեք, թե ինչպիսի արժեքներ են նրանք տվել աշխարհին: Նույն հարգանքի զգացողությունը` միգուցե ավել կամ պակաս, ունեմ այլ ազգերի հանդեպ նաև: Ուշագրավ են չինական, ճապոնական ավանդույթներն ու հմտությունները: Վերջերս ծանոթացա չինական թվաբանության հետ. թվաբանական գործողությունները կատարում են` առանց թվերի հետ գործ ունենալու: Նրանց փիլիսոփայական, մշակութային ժառանգությունը ինքնատիպ է, հիացնող: Բայց հետո հասկացա նաև, որ եթե ուրիշի աչքերով դիտեի քաղցրիկ, բարձրիկ իմ աշխարհ Հայաստանը, էդպիսի բաներ այստեղ էլ կգտնեի, որոնք մեծ հիացում և հպարտություն են բերում: Կարևոր չէ, թե ինչ ազգից ես, կարևորը` թե քո ազգը ի՞նչ է անում իր ինքնագիտակցությունն ու ստեղծագործական մաքառումը հրաշալի օրինակներով աշխարհին պարզելու համար: Այս առումով` ես հպարտ եմ, որ հայ եմ: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Ամենաքաղցր հուշը հիացումն է, որը պարտադիր եմ համարում յուրաքանչյուրի համար: Հիացումը, որը զուտ մանկական բնույթ ունի: 5-6 տարեկան երեխան, որը դեռ դպրոց չի հաճախել ու կրթօջախը նրա հոգու մեջ դեռևս թվանշաններ չի բարդել, ամենաչնչին երևույթով անգամ կարող է հիանալ: Այդ հիացումը շարունակաբար ապրում է ինձանում մինչև այժմ: Այն և° հուշ է, և° իրականություն: Հնարավոր է նաև ոմանց կողմից տարօրինակ ընդունվի. ինչպե՞ս կարող է մարդը հիացման մեջ լինել, եթե նա խնդիրներով լեցուն, դժվարին, չարքաշ գոյությամբ է կյանքն անցկացնում: Ինչպե՞ս հենց այնպես հիացում պահպանել: Բայց հիացման կարևորությունն էլ պայմանավորում եմ այն հանգամանքով, որ այն քո հոգին զերծ է պահում թառամելուց, նպաստում է բարությանդ պահպանմանը: Կամեցող ես լինում, և ոչ թե փնովող, կարողանում ես փոքրով էլ գոհանալ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ինձ համար միշտ առեղծված է եղել մարդ արարածը. ինչպե՞ս կարելի է անընդհատ վերապրել սեփական գոյությունը, և ի՞նչ է նշանակում ուրիշ մարդու ներկայությունը` քո կյանքում: Միշտ հետաքրքրվում եմ աշխարհակառույցի համակարգերով ու եկել եմ տարօրինակ, պարադոքսալ եզրակացության. աշխարհն այնպիսին է, ինչպիսին մեզանից ամեն մեկն է տեսնում: Ինչպես օրինակ ես` այն պատկերացումներիս համաձայն եմ ընկալում: Բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ է հենց այդ պահին մեկ ուրիշը նույն աշխարհը այլ կերպ դիտարկում: Նշանակում է աշխարհը բազմազան է. բոլորիս պատկերացումների հավաքականությունն է: Այս տեսանկյունից ուրիշ մարդն ինձ համար առեղծված է, քանզի պատահում է, որ մարդկանց մեջ հանդիպում են անծանոթ, անսպասելի խառնվածքներ, և զարմանում ես` ինչո՞ւ մարդիկ կարող են լինել այդքան տարբեր: Թեև մարդիկ երբեմն ապրում են միայն իրենց կյանքով. չեն լսում, թե աշխարհում ինչ է տեղի ունենում: Այս մտորումների եզրահանգումն այն է, որ աշխարհակառույցը երևութապես հենված է տարբերության վրա: Այդ տարբերությունն է, որ մեր մեջ շարժում է ստեղծում. եթե մի րոպե անգամ պատկերացնում ես մարդկության միատարրությունը, աշխարհն ու կյանքը իսկույն անհետաքրքրանում են: Իհարկե, աշխարհում առկա տարբերությունը երբեմն ցավեցնելով է իր ներկայությունը զգացնել տալիս, բայց դա է նաև առեղծվածայնության երաշխիքը, որն էլ որոշակիորեն իմաստավորում է մեր գոյությունը: - Անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ձեր հարցերի մեջ հետաքրքիր ընդգծումներ կան, որոնք իրոք մտորել են տալիս: Աշխարհի, մարդկանց հանդեպ մշտապես եղել եմ հիացող, սիրող, բարձր տեսնող, և հիմա էլ այդպես է: Երբ երգ եմ գրում, պատրաստ եմ փողոց դուրս գալ և պատահական անցորդին գրկախառնվելով փոխանցել զգացումներիս կուտակում ները` մինչև այն պահը, երբ կնկատեմ` նա ապրում է ստով: Ցավոք, կա այդպիսի երևույթ մեր կողքին: Կուզենայի աշխարհին ասել. ե՞րբ ես սուտդ մաքրելու, ե՞րբ ես գիտակցելու, որ հոգի ունես և քո խնդիրը դրա հետ լինելն է: Ինչքա՞ն կարող ես ոչնչացնել արդեն հազվագյուտ հանդիպող կենդանիների, խրվել հանցագոր ծությունների, մասնավորապես` սպանությունների մեջ: Մինչև ե՞րբ ես ուրիշի դժբախտությամբ երջանկությունդ կառուցելու: Իսկ մնացյալ հարցերի պատասխան ները ամեն օր կյանքն է մատուցում: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից: - Եղիշե Չարենցի անվան Երևանի թիվ 67 դպրոցում եմ սովորել, որի տնօրենն էր Վահրիչ Հասրաթյանը: Նա վերին աստիճանի խիստ անձնավորություն էր. ամեն գարնան առաջին օրերին մեզ ստիպում էր մազերը խուզել` պատճառաբանելով, որ սանրվածքի վրա շատ ժամանակ ենք ծախսում, ինչը կարող ենք հատկացնել կրթությանը: Հետո հասկացանք, որ այդկերպ նա պայքարում էր դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակի համար: Ավարտելուց տարիներ հետո մեր սիրելի տնօրենին հանդիպեցի, և նա ասաց. «Տղա, լսել եմ կոմպոզիտո՞ր ես դարձել»: Իր հարցումը հաստատելուցս հետո շարունակեց. «Որտե՞ղ»: Տարանշանակ հարց էր: Առաջին հայացքից ծիծաղ է շարժում. ի՞նչ է նշանակում որտեղ: Ես այդպես էլ նրան հարցրեցի` ավելացնելով. «Մեր տանը, մեր քաղաքում, մեր երկրի մեջ»: Սակայն, իրոք, այլ հարց է, թե դու քո ժողովրդի հոգու խորխորատներում ես երաժշտաստեղծ դարձել, թե՞… Մինչև այսօր էլ փորձում եմ ամբողջապես ըմբռնել նրա հարցի էությունը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ