ՍՏԵՂԾՎԵԼԸ` ՍՏԵՂԾՎԵՑ, ԲԱՅՑ...


 

Ինչպես երեկ տեղեկացրել էինք` Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի նախաշեմին չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան») ստորագրել են մի հայտարարություն, որով խոսում են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու մասին: Այս հայտարարությանը նախորդած քննարկումներին մասնակցել է նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, սակայն ՀՀԿ-ն չի ստորագրել հայտարարությունը: Եվ կարծես թե ՀՀԿ-ի վարքագիծն արդարացված է, քանի որ համատեղ շտաբի ստեղծման մասին հայտարարությունը պետք է վավերացնեն ոչ թե կուսակցությունների ներկայացուցիչները, այլ դրանց առաջնորդները, քանի որ նրանք են կրում քաղաքական պատասխանատվություն ցանկացած հայտարարության ու որոշման համար:

Իր համաձայնությունը հայտնելով նման հայտարարությանը, «Բարգավաճ Հայաստանը», ըստ էության, հեռանում է կոալիցիայից, միավորվում ընդդիմադիր «թևին»: Բայց արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կստորագրի հայտարարությունը` գիտենալով, որ այն նոր հակասություններ է ձևավորելու ԲՀԿ-ի և կոալիցիոն գործընկերների միջև:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը հայտարարության քննարկմանը ներկայացրել է Վարդան Օսկանյանը. մի մարդ, ով արդեն իսկ որոշակի տարաձայնություններ ունի կուսակցության դիրքորոշումների հետ, ում ոչ միանշանակ են ընդունում ԲՀԿ-ում: Հիշենք, որ հենց նա էր հայտարարել, թե իշխող կոալիցիան ձևական է` այսպես կասկածի տակ դնելով նաև իր կուսակցության լուրջ մասնակցությունը կոալիցիոն գործընթացներին:

Քաղաքական վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ`

- Ընտրությունների վերահսկման համատեղ շտաբի ստեղծումն իհարկե կարող է արդյունավետ քայլ լինել ընտրական գործընթացի համար, բայց խնդիրն այն է, թե այդ գաղափարին հավանություն տվող ուժերից ամեն մեկն իրականում ի՞նչ հաշվարկներով է միանում դրան: Այսինքն, այդ շտաբն իսկապե՞ս իշխանության ընտրակեղծիքներին դիմագրավելու համար է լինելու, թե՞ լինելու է ընդամենը իշխանության հետ առևտրային առավել շահավետ մեկնարկային պայմաններ ապահովելու համար, երբ շտաբում ներգրավված ուժերից ամեն մեկը միաժամանակ սեպարատ բանակցության մեջ կլինի իշխանության հետ: 

Արտաքուստ այն տպավորությունն էր, թե ընդդիմադիր դաշտը խանդավառ վերաբերմունք էր հանդես բերելու միասնական շտաբի ստեղծման գաղափարին, մինչդեռ հենց Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամներ դեմ են այդ շտաբին` պատճառաբանելով, որ այնտեղ է նաև «Բարգավաճ Հայաստանը», որի հետ իրենք չեն կամենում համագործակցել: Նրանք ԲՀԿ-ին համարում են իշխանության կողմից ներդրված «ական»` չիմանալով, որ հենց ԲՀԿ-ի շատ ու շատ անդամներ էլ իրենց հերթին են դեմ արտահայտվում շտաբի գաղափարին` պնդելով, որ դա իշխանությունների լարած թակարդն է, որտեղ առաջնային դերակատարությունը պատկանում է ՀԱԿ-ին... Մի խոսքով, շտաբը տակավին չստեղծված` արդեն գլուխ է բարձրացրել փոխադարձ անվստահությունը, ինչն էլ նշանակում է, որ սա կամ մեռելածին մի գաղափար է, կամ էլ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի ստորագրել, ու շտաբն էլ կվերածվի ընդդիմադիր դաշտի յուրատեսակ կառույցի, որը պիտի վերահսկի ընտրությունները:

Անշուշտ, դրական պետք է գնահատել շտաբի ստեղծման գաղափարը, բայց այն կարող է լարել իրավիճակը, հայտարարություններ անել` ի սկզբանե կասկածի տակ դնելով ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը: Ուրեմն, շտաբը, իր գոյությունը կայացնելու համար, առաջին հերթին պիտի զերծ մնա շտապողականությունից ու պոպուլիզմից և իսկապես ամեն ինչ անի` ընտրազանգվածի մոտ հավատ ձևավորելու, ընտրությունների խաղաղ ընթացքն ապահովելու համար: Միայն այդ դեպքում կկարողանանք հայտարարել, որ Հայաստանում սկսել է իշխել քաղաքական համախոհության սկզբունքը, որի նպատակը պետության հիմքերի ամրապնդումն է, ժողովրդավարական արժեքների ամրակայումը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ