Բանկային քարտը «քամել» էին


 

Այս տարվա հունվարի 12-ի գիշերը «Արդշինինվեստբանկ»-ի մի աշխատակցուհի ահազանգել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որ իր համար դեռևս անհայտ եղանակով տիրացել են իրեն պատկանող «Վիզա Գոլդ» քարտին և այն օգտագործելով Երևան քաղաքի տարբեր խանութներում` գնումներ կատարելով, հափշտակել են շուրջ 250.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած երեքամսյա միջոցառումները արդյունք տվեցին օրերս` ապրիլի 3-ին:

Այդ օրը, ժամը 22-ի սահմաններում, Արամ Խաչատրյան փողոցից բերման ենթարկվեցին 26-ամյա Արթուր Կիրակոսյանն ու նրա երկու ընկերները` 21-ամյա Ալեքսան Միրզոյանը և 20-ամյա Հովհաննես Ոսկանյանը:

Ոստիկանությունում Արթուր Կիրակոսյանին այլ բան չէր մնում, քան խոստովանել, որ «Վիզա Գոլդ» քարտը հունվար ամսին գտել էր Արամ Խաչատրյան փողոցի թիվ 15 շենքին հարակից ավտոտնակների մոտ, և երկու ընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշել էին տարբեր խանութներից և հնարավորինս արագ գնումներ կատարել ու մինչև վերջ «քամել» քարտի պարունակությունը:

Այդպես էլ արել էին, բայց քանի որ վարվել էին անարդարացի ու ոչ խղճի մտոք` չէին մարսել և այսօր պիտի պատասխան տան իրենց ընչաքաղցության համար...