Վատիկանը` մեղսակից


 

Հանցանքն ու հանցակցությունը վաղեմության ժամկետ չունեն ու ոչ էլ անբացահայտելի են` եթե միտումնավոր կերպով չեն կոծկվում: Ամեն բացահայտում հուսադրում է մարդկանց, բայց այս պարագայում շատերը կարող են թևաթափ լինել: Ոչ թե հանցագործության հետքերը 30 տարի հետո գտնելու համար, այլ` դրանից անմասն չէ հոգևոր կենտրոնը:

Հռոմի դատախազությունը մեղադրել է Վատիկանին` երիտասարդ աղջկա առևանգման հանգամանքները թաքցնելու համար: Խոսքը 1983 թ. նույն Վատիկանի ծառայողի 15-ամյա դստեր` Էմանուելա Օռլանդիի անհետանալու մասին է: Դատախազների կարծիքով` նաև պապական վերնախավում կան մարդիկ, ովքեր տեղյակ են աղջկա ճակատագրից, սակայն հրաժարվում են խոստովանել:

Օռլանդին համարվում է սպանված, բայց մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել: Վարկածներից մեկի համաձայն` աղջկա սպանությունը նախազգուշացում է եղել նրա հորը: Ասողներ կան, թե նրա անհետանալուց ոչ շատ առաջ նրա հայրը փաստաթղթային ապացույցներ է հայտնաբերել առ այն, որ Վատիկանի բանկը կապված է հանցավոր կազմակերպության հետ: Ենթադրվում է, որ Էմանուելայի սպանությունը պատվիրել են, որպեսզի նրա հորը ստիպեն լռել:

Վատիկանի դեմ կասկածները խորացրել է և այն փաստը, որ «Մալյանա» հանցախմբի ղեկավար Էնրիկե դը Պեդիսին հուղարկավորել են Սանտ-Ապոլինարեի գերեզմանատանը, ուր սովորաբար հուղարկավորում են եկեղեցու ներկայացուցիչներին: Իսկ հենց դը Պեդիսին է վերագրվել աղջկա առևանգումը: Կարծիքներ են տարածվել, թե Էմանուելայի աճյունը ևս տեղավորել են դը Պեդիսի գերեզմանում: Եվ աղջկա եղբայրը պահանջել է բացել մաֆիստի գերեզմանը` ճշտելու` այնտե՞ղ է քրոջ աճյունը, թե՞ ոչ: Դատախազությունը, սակայն հրաժարվել է Վատիկանին այդպիսի պահանջ ներկայացնել (գրել է LΖ StΖΗΘΖ-ն):

Մինչ կասկածները խորանում են, Վատիկանի ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե ժամանակին իրենք ուսումնասիրել են ունեցած տեղեկատվությունը: Սուրբ Աթոռը հերքում է նաև աղջկա անհետացմանն իրենց մասնակցության մեղադրանքը:

Հերքելը դեռ ապացույց չէ: