ԱՆՏԵՂՅԱԿ ԽՈՍՆԱԿԸ


 

Թե ով է փոխարինել ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանին և ինչ մասնագիտական պատրաստվածություն ունի` պարզվեց օրերս, երբ Հարություն Ամիրյանը մեկնաբանեց այն փաստը, թե ինչու է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դուրս եկել համամասնական ցուցակից: Ըստ նորաթուխ խոսնակի` նախարարը սեփական դիմումի համաձայն է հրաժարվել ցուցակից` իր գործունեությունը կենտրոնացնելու համար կուսակցական ակտիվ աշխատանքին: Մինչդեռ նրան դուրս է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` պարզելով, որ ՕԵԿ-ում չեն կարողացել գրագետ կերպով արտագրել Հարությունյանի անձնագրային տվյալները, որոնք չեն համապատասխանել անձնագրային բաժնի կողմից տված տվյալներին:

Ստացվում է, որ ՕԵԿ-ը մի մարդու է նշանակել խոսնակի պաշտոնում, ում ցանկացած հայտարարություն հետագայում պիտի լրջորեն ուսումնասիրվի, որպեսզի նրա սխալներն ու անտեղյակությունը չվնասեն օբյեկտիվ տեղեկատվությանը: Սա, իհարկե, ՕԵԿ-ի խնդիրն է, սակայն մեզ մտահոգում է այն, որ խոսնակը կարող է շփոթության մեջ գցել բոլոր նրանց, ովքեր պիտի հղում անեն կուսակցության տարածած տեղեկություններին: