ԲՈՑԱՇՈՒՆՉ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ


 

Արթուր Բաղդասարյանը մտորելու լուրջ առիթ ունի: Եվ մտորումների կենտրոնում էլ պիտի լինի Հեղինե Բիշարյանը, որովհետև ՕԵԿ փոխնախագահն արդեն ոչ միայն ի ցույց է դնում իր պակասավոր ինտելեկտը, այլև սկսում է հայտարարություններ անել, որոնք վիրավորական են հենց Արթուր Բաղդասարյանի համար: Ավելին, չտիրապետելով մայրենի լեզվին, սակայն կամենալով գրագետ մարդու տպավորություն թողնել, այս տիկինն անսպասելիորեն օրերս «սեռափոխել» է Արթուր Բաղդասարյանին` հայտարարելով.

- Մեր կուսակցության մեծամասնությունը կին է, ի դեմս Արթուր Բաղդասարյանի:

Կամենալով քծնել իր առաջնորդին, շաղակրատանքի ցույցեր սարքել` տիկին Բիշարյանը չի էլ հասկացել, որ այսպես մի ավելորդ անգամ ապացուցում է, որ համապատասխան կառույցները պետք է լրջորեն զբաղվեն այն խնդրով, թե ինչպես է այս կինն իր նման գիտելիքների պաշարով դարձել մանկավարժական գիտությունների թեկնածու:

Այս հայտարարությունը ոմանք վերագրում են Բիշարյանի խանդավառությանը, սակայն բիշարյանական խանդավառությունն առաջին հերթին ի ցույց է դնում նրա տգիտությունը: Ու վայ մեզ, որ այս տիկինն է արդեն քանի˜ տարի խորհրդարանում նստած` մեզ համար օրենքներ գրում:

Այս հայտարարությունից բացի, ՕԵԿ կանանց համագումարի ժամանակ նաև մի «պատմական» կոչ էլ է հնչեցրել բոցաշունչ Բիշարյանը.

- Մենք պետք է կտրվենք մեր ընտանիքներից, կանգնենք պետության և այն ուժի կողքին, որը կարող է պետությունը տնտեսապես զարգացնել: Պետք է դուրս գանք և չամաչենք դաժան ճշմարտություններ խոսելուց: Մենք կարող ենք միասին կառուցել օրինաց երկիր:

Հար և նման 1920-ական թվականների այն միամիտ կոչերին, որոնք հնչեցնում էին բանվորագյուղացիական ակտիվիստները` կամենալով անգրագետ զանգվածի մոտ համակրանք ձևավորել հեղափոխության ձեռքբերումների հանդեպ: Հիմա հեղափոխական ձեռքբերումներ չկան, մեր հասարակությունն էլ հազարավոր մղոններով առաջ է անցել 1920-ական թվականներից: Սակայն պարզվում է, որ Բիշարյան Հեղինեն տակավին մնացել է հայրենի Հոռոմի մատույցներում և չի կարողացել հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ մենք ապրում ենք 21-րդ դարում… Բիշարյանը կանանց կոչ է անում կտրվել իրենց ընտանիքներից, իրենց ամուսիններից ու երեխաներից: Սա ավելին է, քան ֆեմինիզմը, սա արդեն ազգային բարոյականությունը խարխլող կոչ է: Կույր նվիրվածությունը կուսակցությանը, հանուն կուսակցության` ընտանելքությունը Բիշարյանի համար գլխավոր կարգախոս է, կյանքի փիլիսոփայություն: Եվ նա կամենում է, որպեսզի բոլոր կանայք ապրեն այդ ըմբռնումով: Խե˜ղճ Հայաստան ու խե˜ղճ հայ ընտանիք: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ գտնվեն մարդիկ ու Բիշարյանին համոզեն, թե իր ասածները մաքուր ճշմարտություն են, նա կարող է օրենք գրել ընտանիքներից կանանց հեռանալու մասին…

Բայց որպեսզի նման փորձանք չգա մեր գլխին, ավելի լավ է այսօրվանից որդեգրել մի պարզ համոզմունք. փակել դեպի խորհրդարան տանող ճանապարհները Բիշարյանի առջև: Սա կլինի նրանից ազատվելու ամենաճշմարիտ լուծումը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ