«Որդիս երդվում էր, ես արտասվում էի…»


 

Առաջին հայացքից միշտ անհամատեղելի են թվացել կնոջ փխրունությունը, նուրբ ու խոցելի ներաշխարհը և զինվորական ծառայությունն` իր բազմաթիվ դժվարություններով: Տարբեր ժամանակներում տարբեր գնահատականների արժանացած այս փաստը հաճախ ոչ միանշանակորեն է ընդունվել: Այս առումով, սակայն, մեր պատմությունը չափազանց շռայլ է: Դարերի խորքից մեզ ուղեկցել է հայ ռազմուհու նկարագիրը` սերունդների համար դառնալով հերոսականության դաս: Կինը` օջախի սյունն ու պահապանը, օրհասի պահին զենք է վերցրել ու նետվել մարտադաշտ:

Արցախյան գոյապայքարը հարստացրեց մեր պատմության էջերը` վերահաստատելով այս ճշմարտությունը: Փորձության պահին մենք բռունցքվել գիտենք, և այդ բռունցքն է հաղթանակ կերտում: Եվ ի սկզբանե ազատատենչ հայուհիները չէին կարող անմասն մնալ համազգային այդ փորձությունից:

Այսօր ՀՀ Զինված ուժերում մեծ հաջողությամբ իրենց ծառայությունն են իրականացնում նաև զինծառայող կանայք` աշխատանքի նկատմամբ իրենց հատուկ բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով նպաստելով բանակի կայունացմանը:

Ոմանք, թրծվելով Արցախամարտի կրակներում, ոմանք էլ հետագա տարիներին համալրելով Զինված ուժերի շարքերն, իրենց անգնահատելի ավանդն են բերել բանակաշինության գործում:

Հատկապես զորամասային ծառայությունը, զինվորի հետ ամենօրյա շփումներն իրենց հատուկ դժվարություններն ունեն: Դժվար է, պարտավորեցնող, բայց և պատվաբեր...

Ենթասպա Անահիտ Առաքելյանը ծնունդով Սյունյաց աշխարհից է` Գորիսի շրջանի Խանաձաղ գյուղից: Սյունեցուն հատուկ հպարտությամբ է նա շեշտում այդ փաստը: Ու թեև հիմա մայրաքաղաքային զորամասերից մեկում է ծառայում, սիրտն ու հոգին լեռներում են:

Գորիսը, լինելով սահմանամերձ շրջան, առաջիններից մեկն զգաց պատերազմի շունչը: Սկիզբ առավ ֆիդայական շարժումը, որին իր իսկ խոսքերով իր «համեստ» ներդրումն ունեցավ Անահիտը: Միտինգային հարթակներ, «Ղարաբաղ» կոմիտե...: 1988-ին արդեն ստեղծվեց Գորիսի ինքնապաշտպանական խորհուրդը: Այդ շրջանում յուրահատուկ պատասխանատվությամբ էր իրականացվում հատկապես բռնագաղթած մեր հայրենակիցների` տեղավորման, սոցիալական պայմանների բարելավման աշխատանքները, որոնք ևս խորհրդի գործունեության շրջանակներում էին: Ապա անդամագրվեց «Գորիս» ջոկատին` Համլետ Մկրտչյանի հրամանատարությամբ` մասնակցելով Շուռնուխի, Կոռնիձորի, Գորիսի ինքնապաշտպանական մարտերին: Հետագայում ևս, աշխատելով «Սյունիք» լրատվական ռադիոխմբագրությունում` հաճախակի էր լինում մարտական հենակետերում: Վերաբնակեցման դժվարին տարիներին Անահիտը զավակների հետ հաստատվեց Քաշաթաղում` միևնույն ժամանակ նաև թղթակցելով բանակային առաջին զորամիավորման «Պաշտպան հայրենյաց» թերթին: 1999-ից անցել է ծառայության ՀՀ Զինված ուժերի նախ Կուբաթլուի, Գորիսի, Մեղրիի, ապա նաև Քանաքեռի զորամասերում: Անահիտի ամուսինը` Վահրամ Բաղդագուլյանը, ևս մարտական գործողությունների մասնակից է եղել, սակայն հետագայում հիվանդության պատճառով զորացրվել է, ապա մահացել` պատերազմի ժամանակ ստացած վերքերից: Որդին այսօր Զինված ուժերի սպա է, ինչը մեծ հպարտություն է մոր համար:

Զինվորները հաճախ են կիսվում Անահիտի հետ, զրուցում մտահոգող հարցերի շուրջ: Մի յուրահատուկ վստահության մթնոլորտ է ստեղծվել, ինչի հիմքում, անշուշտ, սրտացավությունն է: Եվ նույնիսկ զորացրվելուց հետո էլ կապը շարունակվում է: Շատ հաճախ անգամ հարսանիքին են հրավիրում:

- Երբեմն նկատում եմ, որ ճնշված են, փորձում եմ իմ սեփական օրինակով ցույց տալ, որ դժվարություններն անխուսափելի են և պետք է հաղթահարել դրանք: Ամեն առիթով հիշեցնում եմ` ցանկացած արարքից առաջ մի մոռացեք, որ սպասող մայր ունեք: Պարզապես պիտի հիշեն մայրիկին, ուրիշ ոչինչ պետք չէ, և դա շատ դեպքերում զգաստացնում է: Իհարկե, զինվորի հետ երբեմն դժվար է աշխատել, քանի որ շատ բան է փոխվել: Երևի պատերազմի շունչն է հեռացել: Մինչև 2000 թ-ի զինվորն ըստ իս ավելի գիտակից ու հասուն էր: Այն ժամանակ տարիներն էին դժվար, պայմաններն էին ծանր, իսկ հիմա զինվորի հոգեբանությունն է փոխվել: Տարիներ առաջ մի զինվոր ունեինք Մեղրիի զորամասում` Թաթուլ Կրպեյանի եղբորորդին էր: Հաճախ էր լքում զորամասը, խախտումներ էր թույլ տալիս, սիրած աղջիկ ուներ: Մի անգամ կանչեցի նրան Թաթուլի նկարի մոտ: Ու թեև մեծ դժվարությամբ, բայց ասացի` նայի´ր այս նկարին. կամ պետք է ազգանունդ փոխես, կամ բարեխիղճ զինվոր դառնաս: Իհարկե, այդ խոսքերն իրենց ազդեցությունն ունեցան,- պատմում է Անահիտը:

Տիկին Անահիտը մեծ ցավով է խոսում բանակի հասցեին հնչող կեղծիքի, առհասարակ հասարակության հոգածության աստիճանի կամ դրա բացակայության, մամուլի` շատ հաճախ իրականությունը խեղաթյուրելու և չարախոսությանը տուրք տալու մոլուցքի մասին:

-Բանակի հասցեին հնչող յուրաքանչյուր արտահայտություն մեծ պոռթկում է առաջացնում մեր ընտանիքում. տղաս Զինված ուժերի սպա է: Յուրաքանչյուր խոսքից հոգիս ցավում է: Այդպես խոսողները երևի չեն պատկերացնում զինվորական ծառայության դժվարությունները: Երբեմն- երբեմն գրանցվող դժբախտ պատահարներն իհարկե ցավալի են բոլորիս համար, բայց այդ երեխաները հասարակությունից են եկել, նույն հասարակության անդամ են: 18 տարի քաղաքացիական կյանքով են ապրել, ընտանեկան դաստիարակություն են ստացել: 2 տարվա մեջ իդեալական կերպար են պահանջում, դա անհնար է: Զինվորն ինչ տեսնում ու սովորում է շրջապատում, իր հետ բանակ է բերում, իսկ դա ազդում է միջանձնային հարաբերությունների վրա և հաճախ բախումների պատճառ է դառնում: Աշխարհի ամենազարգացած երկրների ամենահզոր բանակներն անգամ զերծ չեն թերություններից: Վիրավորական է, երբ մարդիկ աշխատում են` փորձելով անել ամեն ինչ, իսկ հասարակության կողմից հոգատարություն չկա: Մինչդեռ այդ աջակցությունը և´ սպային է անհրաժեշտ, և´ զինվորին: Այսօր ծնողը ծանոթություններ է փնտրում` տղայի արձակուրդը կազմակերպելու համար, բայց նույն ծնողը երբևէ հարցնո՞ւմ է որդուն` զինվոր ես, գոնե կարողանո՞ւմ ես զենքիդ տիրապետել: Ծնողներն ավելի շատ խանգարում են: Եթե զինվոր է, պիտի ծառայի: Եվ եթե որոշ ՀԿ-ներ կամ լրատվամիջոցներ խնդիրներ ունեն Կառավարության հետ, պետք չէ բանակը ևս քննադատության թիրախ դարձնել: Հասարակությունը պիտի աջակցի, ոչ թե հուսալքի զինվորին:

3 զավակ ու մի թոռնիկ ունի տիկին Անահիտը և նույն մայրական վերաբերմունքն է դրսևորում նաև զինվորների նկատմամբ: 2 տարվա ընթացքում ամեն օր շփվելով ու ճանաչելով զինվորին` հաճախ է բացահայտում նրա բնավորության այն նոր կամային որակները, որ ձեռք է բերել ծառայության շնորհիվ: Եվ որպես մայր ու զինվորի ընկեր, նա իր խոսքն ուղղեց նաև բոլոր մայրերին.

- Նախ ամեն հայ մարդ պարտավոր է մտածել, որ ոչինչ չպետք է խնայի իր բանակի համար: Ի վերջո թվացյալ, փխրուն խաղաղություն է սա: Այս խաղաղությունը մեզ երբեք չպետք է հանգստության մեջ պահի: Ուզում եմ տոնի առթիվ շնորհավորանքս հղել բոլոր այն մայրերին, ովքեր սպասում ունեն, ովքեր զավակ են տվել բանակին և սպասում են նրանց վերադարձին: Դա հպարտություն է: Որդիս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է ավարտել: Նրան առաջին անգամ տեսա զինվորական համազգեստով` երբ երդվում էր` ծնկի իջած: Իսկ ես արտասվում էի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ