ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ


 

Գիտենք, որ մեր մի շարք երգիչ-երգչուհիներ նախընտրական քարոզարշավին մասնակցելով, որոշակի գումարներ են վաստակում, անգամ` հարստանում: Ավելին, նրանք դառնում են այս կամ այն կուսակցության սիրելի արվեստագետը: Հիմա սիրելիների ցուցակում է ուզում հայտնվել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով այս օրերին խիստ մտահոգված է, քանի որ դեռևս որևէ «առաջատար» կուսակցությունից երգելու հրավեր չի ստացել: Իհարկե, ինքն իրեն մխիթարելու համար երգչուհին ասում է, որ ինքը պատրաստ է երգել ցանկացած կուսակցության համար, ինքը խտրություն չի դնում:

Հասկանալի է, որ սա ոչ թե քաղաքական կողմնորոշման արգասիք է, այլ միայն ու միայն նյութական, որովհետև այս դեպքում, այո, երգչուհու համար միևնույն է, թե ով կվճարի: Կարևորը գումարն է ու մեկ էլ «ռասկրուտկան»:

- Երբ ստանամ առաջարկ, իհարկե կընդունեմ: Կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա: Բոլոր կուսակցությունների համար էլ կերգեմ: Ինձ համար տարբերություն չկա, թե առաջարկը որ կուսակցությունից կլինի: Մենք երգում ենք ժողովրդի համար, պարզապես դրա դիմաց գումար ենք ստանում,- ասել է երգչուհին: