Ո՞վ է բարոյականը


 

Ոչ վաղ անցյալում «Գիտելիք» ընկերությունը կազմակերպում էր տարբեր թեմաներով դասախոսություններ: Վարազդատ Դոդոռյանն ընտրել էր «Սովետահայ մարդու բարոյականությունը» թեման, որին անծանոթ ունկնդիրը լսում էր հավատով ու հետաքրքրա սիրությամբ:

Մի մեծ լսարանում, երբ Վ. Դոդոռյանը ոգևորված կարդում, վերլուծում էր իդեալական մարդու կերպարը, հանկարծ դուռը բացվում է և ով զարմանք, հայտնվում է նրա չգիտենք որերորդ կինը:

- Տո Դոդոռյան,- գոռգոռում է կինը,- տո փչացած անբարոյականի մեկը, դո´ւ ես բարոյականությունից խոսում: Էրեխեքիդ թողել ես որբ, էդ կարճ խելքովդ քանի˜ կնիկ առար, այ աննամուս, այ ուրիշների դռան շուն, հիմի ինչերի՞ց ես հաչում, էդ ո՞ւմ ես հավատացնում, էրկու բառ էլ քո մասին ասա` էս մարդիկ իմանան, թե դու ո՞վ ես:

Պապանձված դահլիճը միանգամից թնդաց ծափերից:

Մի ձայն բարձր գոռաց.

- Տասով զրո˜, տասով զրո˜,- թեև չասվեց ում օգտին, բայց պարզ էր` բարոյական հաղթանակն ում կողմն էր…