ՉԵՂԱԾԻՑ ԼԱՎ Է


Մինչ մարդիկ զարմանում էին, որ այս ապրիլի 1¬ը գազի նոր թանկացում չպարտադրեց, ու դեռ ավելին` սոցիալապես անապահովներին սպառման զեղչային կտրոններ է տրամադրելու, հաճելի անակնկալ մատուցեց «Երևան Ջուր» ընկերությունը` խմելու ջրի սակագինը նվազեցնելու իր առաջարկով: Ճիշտ է, մի դեպքում խոսքն ընդամենը հիսուն հազար ընտանիքների ամսեկան միջին հաշվով շուրջ 1060 դրամով աջակցելու, մյուս դեպքում միայն Երևանի բնակիչների ջրային հոգսերն ամսեկան 40-50 դրամով մեղմելու մասին է: Ակնհայտ է, որ գների պահպանման կամ նվազման արդեն կայացած իրողությունը սոսկ դրանք թելադրողների բարի կամքի արդյունք չէ: Ու որքան էլ տեղի ունեցածը որոշ շրջանակներում ընկալվի իբր որպես կյանքի էժանացման պատրանք, այնուամենայնիվ, դրան նախընտրական քարոզչության տարրեր վերագրելն իսկապես անընդունելի է: Եթե խոսքն ընդամենը 50 հազար ընտանիքի մասին է, ապա 1060¬ական դրամները, այն էլ` մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում հաստա´տ մարդկանց քաղաքական նախասիրությունների ճշգրտման ցուցիչ չեն կարող դառնալ: Ավելին, եթե թեթև գնանկումն իսկապես քաղաքական նկատառումներից բխեր, ապա և´ ավելի մեծ զեղչի չափի, և´ դրանից օգտվողների շատ ավելի պատկառելի քանակ «կընտրվեր»: Եվ հետո, հայրենի քաղուժերի ոչ համեստ փորձը վաղուց է փաստել, որ նախընտրելին ոչ թե ընտրազանգվածին անուղղակիորեն սիրաշահելն է, այլ ընտրություններից առաջ կանխիկ վճարելը: Վերջին շրջանում իշխանությունն էլ բարձրաձայնեց ծառայությունների գները մեղմելու իր շահախնդրությունը: Սակայն այս փոքր «նվաճման» արդյունքում եթե գործադիրի վարկը փոքր¬ինչ շահեց, ապա ուրիշ առումներով էլ տուժեց: Հայտարարվեց, թե զեղչային գինը միայն անապահովների համար է, մինչդեռ առանց վիճակագրության էլ պարզ է, որ մեր երկրի աղքատ բնակչության թիվը ոչ թե 50 հազար, այլ առնվազն տասն անգամ շատ է: Ավելին, անապահովների չնչին տոկոսն է այսօր գազ սպառող, որովհետև որքան էլ գայթակղիչ էր դրա նախնական գինը (ընդամենը` 56 դրամ), այդուհանդերձ, չունևորի համար առասպելական գումարներ էին անհրաժեշտ` բաժանորդ դառնալու: Հետևաբար ցուցակներում չընդգրկվելու առումով հարյուրհազարների խանդն ու դժգոհությունը ոչ թե «Հայռուսգազարդի», այլ հենց իշխանության դեմ կուղղվեն: Նույնը կարելի է նաև ջրի առնչությամբ ասել: Այս դեպքում էլ ստացվում է, որ թեկուզ ամիսը մինչև 40-50 դրամի չափով, բայց միայն Երևանի բնակչությունն է շահում... Իսկ նման իրավիճակում ոչինչ չի մնում, քան «Չեղածից լավ է» մոտեցմամբ գոհանալը: Այն յուրովի ձեռնտու է թե´ իշխանությանը, թե´ նոր գներով ծառայություններ մատուցող կառույցներին... Իհարկե, նաև` սպառողներին: Սակայն վերջիններիս համար ջրային գնամեղմումն ավելի առարկայական կլիներ, եթե Երևանի քաղաքապետա րանը պահպաներ նախորդ տարվա լրավճարը` 14¬դրամի չափով: Իսկ ոչ թե 6, այլ 20 դրամ գնանկման ոգևորությունն, իսկապես ակնհայտ կլիներ` ընկալվելով որպես քաղաքային իշխանության մտահոգություն: