ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ


Հայատյացությունը Թուրքիայում մոտ երկու հարյուր տարվա պատմություն ունի: Դա ազգային գիտակցության մեջ բնավորված մի «զգացում» է, որը ժամանակ առ ժամանակ իր ամենաողբերգական արտահայտություններն է ունենում: Ամենատարօրինակն ու արտառոցն այն է, որ հայատյացություն սերմանողների մեջ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում, աչքի են ընկել հատկապես հայկական ծագում կամ էլ հայկական արմատներին առնչություններ ունեցող գործիչներ: Թուրքիայում առաջին խոշորագույն հայատյաց Աբդուլ Համիդ Երկրորդ «արյունարբու սուլթանը» մայրական կողմից հայ էր` սերված Գոհար անունով մի հայ գեղեցկուհուց, ում առևանգել ու տարել էին Աբդուլ Համիդ Առաջինի հարեմ: Որոշ գիտնականներ պնդում են անգամ, թե հայ էր նաև «կարմիր սուլթանի» հայրը, քանզի, ըստ որոշ տեղեկությունների, Գոհարն արդեն ամուսնացած էր և իր կրծքի տակ կրում էր հայ հորից ձևավորված պտուղը… Հայուհի էր Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի մայրը, իսկ նախագահն իր պաշտոնավարման շրջանում ամենահայատյաց որոշումների և քայլերի նախաձեռնողն ու հեղինակն էր դարձել: Պարզվում է` հայկական արմատներ ունի նաև Թուրքիայի Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, ով վերջին տարիներին մոլի պայքար է մղում հայկականության դեմ, ժխտում ցեղասպանությունը, հանդես գալիս ամենածայրահեղական ելույթներով և առաջարկություններով: Այս գործիչը Շվեյցարիայում դատապարտվել է Ցեղասպանության ժխտման համար, հանդիսանալով «Էրգենեկոն» ռեակցիոն խմբավորման անդամ` առաջարկել է հայերի զանգվածային սպանությունների ծրագրեր… Թուրքական մամուլը վերջերս հաճախ է անդրադառնում այս ազգայնական գործչին` չթաքցնելով այն փաստը, որ Փերինչեքն ունի հայկական ծագում: Հենց թուրքական մամուլն է իր զարմանքն հայտնում, որ Փերինչեքն է այսօր մարմնավորում նեոհայատյացությունը` ընդդիմանալով այն թուրք առաջադեմ մտավորականներին, ովքեր պայքարում են ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության: Ինչպես պարզվում է, Փերինչեքը սերում է Վանից, հայուհի է եղել նրա մայրական տատը, որոշ աղբյուրների համաձայն` հայկական արմատներ է ունեցել նաև հայրը: Խոսելով Դողու Փերինչեքի հակահայ դիրքորոշումների մասին, թուրք առաջադեմ մտավորական Ահմեդ Բալաքլին ասել է. - Ես խոր հարգանք ունեմ հայերի նկատմամբ, ինձ համար հայի դասական կերպարը Հրանտ Դինքն է, իսկ ահա Դողու Փերինչեքը, չնայած իր հայկական արմատներին, չի կարող երբեք հայ կոչվել: Նա հիմա ամեն ինչ անում է` թաքցնելու իր ծագումնաբանությունը` դրանով դառնալով առավել ողորմելի: Հայերը հպարտ մարդիկ են, նրանք արժանապատվորեն են ծառայել Թուրքիայի Հանրապետությանը` պայքարելով առաջադիմության հաստատման համար, իսկ սա ընդամենը վախկոտ մի մորթապաշտ է, որին հայ կոչելն ամոթ է: Եվ ինչ լավ է, որ հայկական շրջանակները երբեք նրան հայ չեն կոչում… Ես ամաչում եմ, որ նա իր ազգությունը ներկայացնում է թուրք… Այսօրվա Թուրքիան չի կարող հանդուրժել մեկին, ով թշնամանք է սերմանում մեր ու հայերի միջև…: