«ՀԱՅՐԻԿ, ԷԼԻ ՀԵՏ ԵՍ ԳԱԼՈՒ, ՉԷ՞»


Կան մարդիկ, ովքեր անցնելով դժվարությունների միջով, ապրելով հիասթափության պահեր` միևնույն է, նրանց համար հայրենիքի հանդեպ ունեցած սիրո անսահմանությունը չի բացատրվում մարդկային ոչ մի լեզվով: Այո, այդպիսին է իմ զրուցակիցը, ով այսօր էլ ապրում է Հայաստան երկրի հանդեպ անծիր սիրով ու նվիրվածությամբ: Էրեբունու «Երկրապահ կամավորական ջոկատի» խորհրդի անդամ Ալբերտ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ծնվել է 1967 թ. Երևանում, ավարտել Երևանի պրոֆտեխ ուսումնարանը: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ամուսնացել էր սիրած աղջկա` Լորետայի հետ: Նրանց Տիգրան ու Արեգնազ զավակները դեռ շատ փոքր էին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, և Ալբերտն ընդգրկվեց «Աղաջան» գունդ` զավակների անմեղ հայացքները սրտում անթեղելով: Ալբերտ Աբրահամյանը երբեմն-երբեմն փոթորկուն հոգին խաղաղեցնում էր ստեղծագործելով. հայրենիքի, կյանքի հանդեպ ունեցած ինքնաբուխ սեր ու նվիրվածություն էր դա. Ուզում եմ լողալ ափս հարազատ Եվ վերադառնալ իմ արահետին Կամ էլ ընկղմվել Ահռելի ծովի Անդունդն անդորրի… - Երբ հետադարձ հայացք եմ ձգում վերարժևորելու համար մեր անցյալը` կարող եմ ասել` շատ տանջված պատմություն ենք ունեցել. ամեն քար արցունք ու արյուն է տեսել: Որքան հողեր ենք կորցրել դարեր շարունակ` չունենալով անգամ պետություն ու պետականություն, բայց չենք ձուլվել լեզվի ու հավատի շնորհիվ: Մինչև Արցախյան գոյամարտը մեր սահմանամերձ վայրերում (ու ոչ միայն) թուրքեր էին ապրում: Մտածում էի, որ օրհասական պահին երկիր մտնող դարպասներն անարգել բացվելու էին հրոսակախմբերի առաջ: Որքան էլ հայը բռնի տեղահանվեց Բաքվից, Սումգայիթից, ու հայաշատ այլ վայրերից, այնուամենայնիվ թուրքը մեր երկրից անխոչընդոտ հեռացավ: Մեր հոգու վեհությունը նորից երևաց, բայց ի՞նչ շահեցինք… կրկին եղեռն… Արցախյան գոյամարտը հերոսության, խիզախության շրջան էր, մենք նաև տարածքներ գրավեցինք: 1991 թվականից ընդգրկվեցի «Արաբո» ջոկատ: Մեր տղաները մեկը մյուսից խիզախ ու հերոս էին: Մարտադաշտում չպետք է թերագնահատել թշնամու ուժը, այլապես պարտությունն անխուսափելի կլինի: Բայց, ինչ խոսք, մենք թվով շատ քիչ ենք եղել, բայց մեր ոգին անկոտրում էր: Հակառակորդը երբեք քիչ ուժով չի հարձակվել մեզ վրա: Պատերազմում հեշտություն չկա. եթե մարտը ճիշտ մշակված է լինում, ակնկալվում է հաջող ավարտ: Մարտի դաշտում երբեք չես մտածում մահվան մասին, մտածելու ժամանակ էլ չի լինում: Այնտեղ մահը չես փնտրում, թուրքին ես փնտրում: Մարտադաշտ մեկնելու մասին ոչ ոքի չէր ասել, բայց տանից երկար ժամանակով բացակայությունն անհանգստացրել էր հարազատներին: Երբ արդեն տեղափոխվել էր «Արաբո» ջոկատ և հերթական անգամ պետք էր մեկնել Արցախ, հայրը` Զաքարը, գաղտնի հետևել էր որդուն… Ամեն ինչ պարզ էր… Ինսուլտն անկողնուն էր գամել նրան, իսկ որդին` Ալբերտը, իմացել էր միայն մարտադաշտից վերադառնալիս: -Երբ հերթական անգամ մարտի դաշտ պիտի մեկնեի, փոքրիկ Տիգրանս փաթաթվեց ինձ ու ասաց. «Հայրիկ, էլի հետ ես գալու, չէ՞»: Մարտի դաշտից վերադառնալիս` անմիջապես մանկապարտեզ գնացի որդուս տեսնելու: Ընկերներով կռիվ-կռիվ էին խաղում: Երբ ինձ տեսավ, վազեց մոտս ու շուռ գալով դեպի ընկերները` ասաց. «Տեսա՞ք, որ հայրս ֆիդայի է»: Մինչև 93 թվականի վերջը Ալբերտ Աբրահամյանը «Արաբո» ջոկատի կազմում մասնակցել է մի շարք վայրերի մարտական գործողություններին: Երբ տարիների հեռվից փորձում է հիշել անցած օրերը, հոգում մեխված է տեսնում հոր թախծոտ հայացքը, ով հայրաբար հետևել ու իմացել էր իր գաղտնի քայլերի մասին: Այսօր էլ նա զգում է այդ հայացքը, բայց արդեն երկնքի անհունից (գնալով ավելի ծանրացել էր հոր առողջական վիճակը, և նա մահացավ 2004 թ-ին):

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ