Զգո'ւյշ, աղանդ է
ԿԱ ՕՐԵՆՔ ՉԿԱ ՕՐԵՆՔ


Կետադրական ցանկացած նշան ցանկացած բառից առաջ ու հետո կամ ցանկացած բառի վրա դնելով` իմաստափոխություն չի´ լինի

«...Բայց օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքները բազմանան, որովհետև ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ»: Հռոմեացիներին ուղղված` Պողոս Առաքյալի թղթերից առնված այս տողն, իհարկե, շատ ավելի խորունկ իմաստ ու խրատ է պարունակում: Սակայն մեր ժամանակների համար ամենաուղղակի իմաստով բնութագրական է դրա առաջին մասը հատկապես: Ճիշտ 20 տարի առաջ մենք պետականորեն թոթափեցինք անաստվածության պատմուճանը, անարգել հավատացյալ լինելու արտոնություն ստացանք և քրիստոնյային վայել մեծահոգությամբ էլ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենք ընդունե ցինք: Օրենք ասվածն իրականում բոլոր տեսակի կրոնական կազմակերպություններին գրանցելու իրավունք և պարտականություն է թելադրում: Եվ` ոչ ավելին: Այդ օրենքի ճարտարապետները չէին ուզում կամ չէին կարող պատկերացնել, որ հենց իրենց թողտվությամբ աղարտվելու է ճշմարիտ հավատը` լայն դարպասներ բացելով մոլորեց նողների առջև: Ու փութաջան ժրությամբ նրանք գործունեություն են ծավալում` խռովյալ հոգիներ որսալով, անտեղյակներին իրենց լարած թակարդները քաշելով: Նույնիսկ իրենց երկրներում աղանդ¬աղանդավորների անարգել որսն արգելելով, պետությունները մեզ պարտադրում են նրանց խաթրին չդիպչել: Դե, մենք էլ, մոռանալով, որ ազգային պետություն ենք, որ մեր ազգային անվտանգությունն է վտանգվում` լուռ հետևում ենք նրանց ցուցամատին: Արդյունքում` փոքրամասնության (հավատքի) իրավունքները հարգելու վայնասուններին անսալով` մեծամասնության շահերն ենք ստորադասում տարատեսակ ու տարանուն խմբերին: Այս մտահոգությամբ էր զրույցը` ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆԻ հետ: - Հարցը ծայրահեղ մտահոգող է, և տպավորություն է ստեղծվել, որ մեր Կառավարությունն անտարբեր է ահագնացող այս խնդրի հանդեպ: Ինձ թույլ չեմ տա ասել, թե լռելով` հավանություն եք տալիս իրենց ցանցերն ընդլայնող աղանդների տարածմանը, սակայն այդ ուղղությամբ տարվող աշխատանք չի նկատվում: - Կառավարության աշխատակազմում կրոնի հարցերով զբաղվող ստորաբաժանման գոյությունն արդեն հուշում է, որ այդ ոլորտն անտեսված չէ: Իհարկե, ժամանակին ՀՀ կառավարությանն առընթեր գործում էր կրոնի գործերի պետական խորհուրդը, որի կարգավիճակն անհամեմատ բարձր էր, իսկ Օրենքին զուգահեռ գործում էր ՀՀ տարածքում կրոնական գործունեության օրինականությունն ապահովելու միջոցառումների մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը: Բայց Պետխորհրդի լիազորությունները դադարեցվել են 2001¬ից, և հիմա պետական միջամտությունը ճիշտ չի դիտվում կրոնական և հասարակական գործունեության ոլորտներում: Պետությունը հիմնականում իրականացնում է ոլորտի քաղաքականության մշակման ու կարգավորման գործառույթը: - Ի՞նչ ասել է կարգավորման գործառույթ, եթե պետությունը չի կարող միջամտել, վերահսկել, տարազատել վտանգն ու կանխել: - Պետությունը կարող է համարժեք քայլեր կատարել, բայց` որոշակի անհրաժեշտության դեպքում և որոշակի դեպքերի առնչությամբ: Դիցուք, եթե տարբեր առիթներով արձանագրվում է, թե ինչ¬որ կրոնական կազմակերպություն ինչ¬ինչ օրինախախտում է կատարել, պետությունը կարող է ստուգել, բացահայտել: - Ներեցեք, բայց կարծեք թե` այդ գործառույթն էլ չի իրականացվում: - Նախկինում` երբ բողոքներ էինք ստանում կամ ԶԼՄ¬ներն էին արձանագրում որևէ իրավախախտում, փաստերն ուղարկում էինք դատախազություն: - Դատախազությունն էլ ընդամենը զգուշացնում էր ու վերջ: - Բայց զգուշանում էին: - Դուք տեղյա՞կ եք, կամ իրավունք ունե՞ք հանգամանորեն տեղեկանալ, թե իրականում ի՞նչ գործունեություն են ծավալում կաղապարանմուշային կանոնադրություններ գրանցած կրոնական կազմակերպությունները, հետևորդների ի՞նչ թվաքանակ ունեն, սոցիալական ինչպիսի՞ ծառայություններ են մատուցում հասարակությանը, ի՞նչ բնույթի և ի՞նչ տպաքանակով գրականություն են ներմուծում ու տարածում: Կամ` արդյո՞ք ծայրահեղական չէ և օրենսդրությանը հակասող դրույթներ չի պարունակում այդ գրականությունը, որն, ի դեպ, հստակ կանոնակարգվում և աչալրջորեն հսկվում է իր ինքնությունը հարգող երկրներում: Այդ առումով, օրինակ, նախանձելի է Ռուսաստանի հետևողականությունը: - Դա մեծածավալ աշխատանք է, որը միջոցներ և մասնագետների ներգրավում է պահանջում, որը մեր վարչությունը չունի: Ձեր իսկ նշած ՌԴ¬ում գործում է ծայրահեղականությանը հակադրվելու մասին օրենք, որով ամեն տարի սահմանվում է այդպիսի գրականության ցանկը: Այս հարցը փորձելու ենք օրակարգային դարձնել: Բացի այդ, կրոնական կազմակերպությունների գործունեության հետևանքով որոշ քաղաքացիներ հայտնվում են հոգեբույժների ու հոգեթերապևտների հսկողության ներքո. վերջին տվյալներով նրանց թիվն անցնում է 150¬ը: Սրանք բացահայտվածներն են: Կլինեն և չբացահայտվածներ, իսկ Առողջապահության նախարարությունն այս ուղղութ յամբ հետևողական աշխատանք չի ծավալել, չի փաստել, թե արդյո՞ք կրոնական այս կամ այն կազմակերպության գործունեությունը բացասաբար ազդում է մեր քաղաքացիների առողջության վրա. եթե այո` ապա որոնք: Չէ՞ որ դրա հետևանքով քաղաքացու իրավունքն է ոտնահարվում: Գործող Օրենքում խոսք չկա վերահսկողության մասին, ինչը շատ հստակ ձևակերպված է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում: Ավելին, Օրենքում նշված են կրոնական կազմակերպությունների իրավունքները, բայց պարտականությունների մասին` ոչ մի խոսք: Եվ դա այն դեպքում, երբ Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի նաև պարտականություններ: Նման թերությունները փորձում ենք վերացնել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծում, որը մշակման փուլում է: - Որտե՞ղ է մշակվում, դարձյա՞լ եվրոպաներում: - Անցյալ տարեվերջին Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն էր տվել այդ նախագծին և առաջարկել վերամշակել այն: Հիմա Արդարադատության նախարարութ յունն է զբաղվում դրանով, և ընթացքի մասին դեռևս տեղեկություն չեն տվել: Մինչ դրա ընդունումը գործում է 1991¬ին ընդունված օրենքը, որով առաջնորդվելն այլևս դժվար է, քանի որ այն այլևս չի արտացոլում առկա իրավիճակն ու հարաբերությունները: Տարրական մի փաստարկ բերեմ. ինչպիսի՞ն պետք է լինի փորձագիտական եզրակացության կայացման կարգը, դրա համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, այդ ամենն ինչպե՞ս է փոխանցվում Արդարադատության նախարարության ռեգիստր… Այսօր այդ փորձագիտական եզրակացությունը, օրենքի պահանջով, գրանցվող կազմակերպության միջոցով ենք գրանցող մարմին ուղարկում: Պետական փաստաթուղթն ինչո՞ւ է պետք մասնավոր անձի, այն էլ` շահագրգիռ կողմի ներկայացուցչի միջոցով հասնի պետական մարմին: Նման խնդիրներ շատ կան: - Եվ այդ կերպ մենք վատնել ենք 20 տարի. թողտվության բավական մեծ ժամանակահատված, որը լիուլի բավարար էր, որպեսզի ցանկացած ատյանում իրենց ոստայնը գործեն հոգեորսները, որոնք շա˜տ ավելի հետևողական են իրենց ծրագրերում: - Ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ` պետությունն իր գործառույթների զգալի մասը հանձնել է հանրային ոլորտին և ձգտում է նվազագույն չափով միջամտել: Միջամտում է` եթե խնդիր է ծագում, եթե հասարակությունը հարց է բարձրացնում: Տվյալ դեպքում հասարակությունն ինքը պետք է պաշտպանի իր շահերը: Բայց, ցավոք, հասարակությունը չի կարողանում լիարժեքորեն օգտվել այդ իրավունքից: 80-ականներին, երբ Եվրոպայում աղմուկ բարձրացավ աղանդավորական շարժումների հետևանքների շուրջ (զանգվածային ինքնասպանություններ եղան և´ այնտեղ, և´ Ամերիկայում), Ֆրանսիան շատ արագ և շատ խիստ արձագանքեց` նոր օրենքներ ընդունելով: Ու երբ երկրի վարչապետին ակնարկեցին, թե այդ ձևով պետությունը սահմանափակում է խղճի և դավանանքի ազատությունը, նա փաստեց, որ դա հասարակության պահանջն է, իսկ պետությունը ծառայում է հասարակությանը: - Մեր հասարակությունն ակտիվ չէ, բայց պետությունը չպետք է բավարարվի նրա լռությամբ: Մեր դատարանները չեն կարողանում նույնիսկ պաշտամուն քային ծիսակատարությունների ժամանակ կատարված սպանություններն ապացուցել և դրանք որակում են որպես կենցաղային ինքնասպանություն: - Համամիտ եմ. ինքս էլ լսել եմ նման դեպքերի մասին: Բայց չմոռանանք. պետական կառուցվածքը հիմնավորապես փոխվել է, իսկ հասարակության զգալի մասը սպասում է, որ իր փոխարեն պետությունը պաշտպանի իր շահերը: Այ` երբ զանգվածները կակտիվանան, կհասունանա և նրանց պահանջը բավարարելու ժամանակը: Հասարակական պահանջ լինելու դեպքում` նաև կրոնական գործերի գիտակ իրավապահներ, փաստաբաններ, փորձագետներ կունենանք, քննիչներն ու դատավորներն էլ ընդառաջ գնալով այդ պահանջին, ուշադրություն կդարձնեն օրինախախտման կրոնական դրդապատճառներին: - Այնուամենայնիվ, պետությունը գոնե պետք է «նշան» տա, որ անտարբեր չէ ոլորտի հանդեպ: Գաղտնիք չէ, որ հասարակությունը չի վստահում օրենքներին ու դրանք կենսագործողներին: Առավել ևս այս պարագայում, երբ կարելի է ասել` օրենք չունենք: Դրամաշնորհով աշխատող ինչ¬որ ՀԿ կարող է «Վստահության հեռախոս» տեղադրել` հորդորելով պատմել ընտանեկան անհաշտությունների մասին: Կառավարությունը չի՞ կարող ասել, դիցուք` եթե զգում եք, որ վտանգվում է ազգային անվտանգությունը, զանգահարեք… - Դարձյալ նույն կետից պետք է սկսել` ինքը հասարակությունը, նրա շահագրգիռ մասը պետք է ինքնակազմակերպվի և նման ու այլ գործողություններ կատարի, որոնց արդյունքները կարող են դառնալ պետական մարմինների քննարկման առարկա: - Հասարակությունն այնքան էլ տեղեկացված չէ: - Ուրեմն պետք է գիտակցի տեղեկացված լինելու կարևորությունը: Օրինակ, մարդն իր երեխային գեղեցիկ, հարմարավետ դպրոց է տանում, կամ հանգստի ճամբար ուղարկում` չիմանալով, որ դրանք կրոնական ինչ¬որ կազմակերպությանն են պատկանում, որոնք դիտավորյալ կերպով թաքցնում են իրենց ով լինելը: Հետևապես, եթե հասարակությունը իրազեկված լինելու կարիք ունի, ապա կարող է ստեղծել համապատասխան տեղեկատվական կենտրոն, որն անկողմնակալ կերպով կլուսաբանի կրոնական ոլորտը… - Իսկ դպրոցի հարևանությամբ, հանգստի պուրակի տեղում աղանդավորական մի խմբի հավաքատեղի կառուցելը թույլատրելի՞ է: - Դա արդեն օրենքի թերությունն է: Սահմանադրությամբ` բոլոր քաղաքացիներն ունեն սեփականության իրավունք, բայց նաև` այդ սեփականության օգտագործումը չպետք է հակասի այլոց իրավունքներին: Ուրեմն, եթե կա այդ խնդիրը, ապա հասարակությունը պետք է բարձրացնի այն, որը կարող է հիմք հանդիսանալ համապատասխան կարգ սահմանելու, թե օրինակ, հիվանդանոցներից, դպրոցներից ու այլ հաստատություններից ի՞նչ հեռավորությամբ, ո՞ր դեպքերում (հետևորդների նվազագույն թիվը) կարելի է տաճար կառուցել, որը անխուսափելիորեն պետք է համաձայնեցվի տվյալ բնակավայրի բնակչության հետ: - Այսպես կոչված կրոնական քանի՞ կազմակերպություն ունենք գրանցված: - 67. այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցին է: - Կրոնական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններն էլ քիչ չեն: - Դրանց մեջ կան այնպիսիները, որոնք աշխարհում հայտնի են որպես կրոնական կազմակերպություններ, սակայն դրանք ստուգելու լիազորություն մենք չունենք: Կցանկանայի ասել նաև հետևյալը. արգելանքը խնդրի լուծման լավագույն եղանակը չէ: Եթե կա խնդիրը, ապա այն ունի պատճառ և ցույց է տալիս մեր հասարակության, նրա համապատասխան կառույցի թերացումը, որի բարեկարգումը պետք է լինի առաջին քայլը: Ինչ վերաբերում է արգելանքին, ապա որպես սահմանափակում կամ պարտավորություն այն անքակտելիորեն կապված է ազատության և իրավունքի հետ. որքան շատ են վերջիններս, այնքան շատ է նաև պարտավորությունը, որը և թույլ է տալիս հասարակության զարգացման հավասարակշիռ և խաղաղ միջավայր ապահովել: - Ճանաչելով Ձեզ, գիտեմ, որ շատ մտահոգ եք այս խնդրով: Բայց նաև տեղյակ եք, որ վտանգավոր պաշտամունքներն օրավուր ավելի են ծավալվում: Թեկուզ մեր այս զրույցը համարեք իբրև հասարակության պահանջ, զի դրա անհրաժեշտությունը հենց բազմաթիվ մարդկանց տագնապով է պայմանավորված: 20 տարի ուշացել ենք: Ինչպես Պողոս Առաքյալն է ասել` «Հունձն առատ է, իսկ մշակները` սակավ»: Նոր հապաղումն իսկապես անվերականգնելի կորուստներ կարող է պատճառել մեր ազգային պետությանը:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ