Գիրք գնահատանքի


Ի սկզբանե գնահատվել է հայ կինը, պաշտվել` որպես մայր, մեծարվել` որպես ընկեր, սիրվել` որպես քույր ու դուստր: Ու միշտ իր հոր, ամուսնու, եղբոր, զավակի կողքին է եղել` որպես նեցուկ և ներշնչող: Հարկ եղած դեպքում մարտնչել է նրանց հետ, ամոքել ֆիզիկական և հոգու վերքերը: Նաև արարել է հայուհին` բոլոր դարերում, բոլոր ասպարեզներում: Եվ գնահատվել է արժանվույն: Թերևս միայն հայ կնոջ ձեռամբ կերտված կոթողների մասին ենք հազվադեպ լսել (բայց` անտեղյակ չենք եղել) կամ չենք փորձել ամբողջացնել այդ ոլորտում նրա կերտումները: Այդ «թերացումն» էլ սակայն սրբագրվել է` նորերս հրապարակված հրաշալի մի գրքով, որի հեղինակն, ի դեպ, կին է դարձյալ: Լրագրողուհի Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆԻ տարիների պրպտումները` Խաչատուր Հակոբյանի (գլխավոր հովանավոր), Լևոն և Նոյեմի Լոգմանյանների (հովանավորներ), ինչպես նաև ԱՄՆ Արևմտյան թեմի Տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի ու գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գագիկ Խաչատրյանի աջակցությամբ ամփոփվել են «Կառուցել են կանայք» գրքում: - Հայ կանանց աստվածընծա գործերի հանրագումար է Օվսաննա Մադաթյանի «Կառուցել են կանայք» աշխատությունը: Այն համառոտ հանրագիտարան է` նվիրված Հայոց աշխարհի սրբավայրերին…, ¬ իր օրհնության գրում նշել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: - Դարեր շարունակ` քրիստոնեության ընդունումից սկսած, բավական ծանրակշիռ գործունեություն են ծավալել հայ կանայք: Ընդ որում` գերազանցապես իշխանազուն կանայք: Անուրանալի է և հասարակ ծագմամբ կանանց ներդրումը` մեր հոգևոր գանձերի պահպանման, փրկության առումով: Ահա թե ինչու պարտքս եմ համարել գրքում ներկայացնել, որ այսօր Մատենադարանում պահվող Մշո Ճառընտիրը ոչնչացումից փրկվել է երկու գեղջկուհիների անձնուրացության շնորհիվ. 1200-1202 թթ. գրված ու ծաղկված այդ ձեռագիրը 1205¬ին բերվել է Մշո Սուրբ Առաքելոց վանք: Իսկ 1915¬ի օրհասի պահին այդ երկու կանայք կիսել են ձեռագիրն ու իրենց մարմնին փաթաթած` հասցրել Սուրբ Էջմիածին: Գրքի վերնագիրը տարիներ շարունակ իմ հեղինակային ռադիոհաղորդաշարի խորագիրն է եղել: Այդ թեմային հետագայում «Դարերի ղողանջ» հեռուստահաղորդաշարով, այնուհետև «Շողակն Արարատյան» հանդեսում տպագրված հոդվածներով եմ անդրադարձել: - Որպես կառուցող` կնոջը քչերն են ճանաչում: Եվ նրան բառացիորեն որպես շինարար չէ, որ ներկայացրել ես: - Իհարկե, նպատակս սոսկ մասնագիտության բերումով շինարարներին անդրադառնալը չէ: Ցանկացել եմ ներկայացնել արժանահիշատակ, նվիրյալ կանանց գործունեությունը: Նրանց` ովքեր եկեղեցիներ, հիվանդանոցներ են կառուցել, մեծ բարեգործություններ կատարել: Ավելի ստույգ` հովանավորել են այդ կառույցների կերտումը: Ինչպես, օրինակ, Վախթանգյանների իշխանական տան մեծ դշխոն ` Վախթանգ իշխանի այրի Արզուխաթունը, 1214 թ. հայրենիքի համար զոհված իշխանների` Հասան և Գրիգոր որդիների ու ամուսնու հիշատակը հավերժացրել է Դադիվանքի 4 եկեղեցիներից գլխավորով` Կաթողիկեով: Շինարարությունը հովանավորելուց զատ, նա նաև վարագույներ է գործել, ժանյակներ ասեղնագործել: Կամ, ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու` Աբաս Բ Կյուրիկյան թագավորի, Վանանե (Նանա) թագուհին 12¬րդ դարավերջին կառուցել է Դեբեդ գետի վրա առ այսօր կանգուն մնացած Սանահինի նշանավոր կամուրջը: Տեղյակ եք անշուշտ, որ Հաղպատի ու Սանահինի գլխավոր եկեղեցիների մեկենասը նույնպես կին է` Աշոտ 3¬րդ Ողորմած թագավորի Խոսրովանույշ թագուհին: Իսկ նրա հարսը` Գագիկ Ա Բագրատունու կին Կատրանիդե թագուհին, ավարտին է հասցրել Անիի մայր տաճարը` Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցին, որի ճարտարապետը հռչակավոր Տրդատն էր… - Այսինքն, նվիրումն ու նախանձախնդրությունը սերնդեսերունդ է փոխանցվել: - Այո, այդպիսի հետաքրքիր շատ փաստեր է արձանագրել պատմությունը: Առանձին բաժին եմ նվիրել Հայոց առաջին քրիստոնյա թագուհուն` Աշխենին` Արշակունի Տրդատ Գ թագավորի կնոջը: Ալանաց արքայի այս դուստրը Հայաստանում քրիստոնեություն տարածեց… - Մեր ժամանակներում էլ կանայք չեն կորցրել կառուցելու հակումը: - Նրանց ևս անդրադարձել եմ: Բայց ուզում եմ ընդգծել, որ եկեղեցաշինությանն անդրադառնալով, անկարելի է շրջանցել և այն կանանց, ովքեր կառույցների հոգևոր վեմն են հաստատուն դարձրել: Օրինակ, 8¬րդ դարում Ստեփանոս Սյունեցու քույրը` Սահականդուխտ բանաստեղծուհին, շարականներ է ստեղծել ու դրանք սովորեցրել երիտասարդներին: Ասես նրա գործի շարունակողն էր 20¬րդ դարում միջնադարյան հոգևոր մեղեդիների անմրցելի կատարող Լուսինե Զաքարյանը… Գիրքը, հիրավի ինքնօրինակ վավերագիր հանրագիտարան է, որը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ի հայրապետության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ և սրբազնագույն Կաթողիկոսի Ամենայն Հայոց: Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ «Ինչը մեզ չի սպանում` ուժեղ է դարձնում Անի Քոչարը` «Ես» ամսագրի գլխավոր խմբագիրը, չնայած երիտասարդ տարիքին` ինքնուրույն է ճանապարհ հարթել` թե´ անձնական, թե´ գործնական կյանքում: - Հաջողությունների ճանապարհին ինչի՞ն պետք է ապավինել: - Ես ապավինել եմ աշխատասիրությանս: Աշխատում եմ օրնիբուն: Մեծահարուստի ընտանիքում չեմ ծնվել, նպատակիս հասնելու համար երբևէ հույս չեմ դրել կանացի հմայքներիս` յուրաքանչյուր հարց լուծել եմ բացառապես աշխատասիրության շնորհիվ ու` ինքնուրույն: - Համաձա՞յն եք, որ հանճարեղությունը պարզության մեջ է: - Իհարկե: Ավելին, հանճարեղությունը սեփական առավելություններն ի ցույց դնելուց ձեռնպահ մնալն է, որովհետև մեծամտության ցանկացած դրսևորում, ընդամենը ծիծաղելի է: Եթե իսկապես արժանավոր ես, երկու բառից քեզ կհասկանան: Ասում են չէ` խոսիր, որ տեսնեմ քեզ: Հանճարեղությունը իսկապես պարզության ու համեստութ յան մեջ է: - Ի՞նչ ասել է կանացի երջանկություն: -Կարծում եմ` դա այն երջանկությունն է, որը բացառապես կինն է զգում: Նրան է տրված երկրորդ կեսին գտնելու, մայրանալու, հաջողակ ընտանիք ունենալու բերկրանքը: Կինը տեսակով փխրուն, զգայուն էակ է, ու մանրուքներով անգամ կարելի է երջանկացնել նրան` թեկուզ ջերմ մի խոսքով, ծաղիկով: Սակայն դա բնորոշ չէ տղամարդուն. ասենք, մեքենայի բանալու կախազարդով նրան անկարելի է երջանկություն պարգևել: Գուցե շոյվի, ուրախանա, սակայն հրճվանք, ինչպես կինը կզգա, հակառակ սեռին հատուկ չէ: Իսկ ընդհանրապես երջանկություն ասվածը սովորաբար վերացական է թվում, սակայն իրականում այն զգացողություն է, որը մարդու հոգու մեջ է: Ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև յուրաքանչյուր օր տեսնում եմ արևի լույսը, լսում եմ շրջապատի ձայները: Երբևէ մտածո՞ւմ ենք, թե որքան մարդիկ են զրկված այս կարողություններից` չեն լսում հարազատի ջերմ խոսքը, չեն կարող հիանալ բնությամբ, չեն քայլում… Հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: - Հիասթափություններն ու դժվարությունները հաղթահարելու ձեր բանաձևը: - Այն գիտակցումն է, որ ինչը մեզ չի սպանում` ուժեղ է դարձնում: Բոլոր դժվարությունները, հուսալքությունները, որոնք ես ունեցել եմ, ունեմ կամ պիտի ունենամ, մտածել եմ ու կմտածեմ` փորձություններ են, որոնց միջոցով կյանքի հերթական դաս ինձ տրվեց: Ուսումնասիրել եմ նաև լիդերին բնութագրող հատկանիշները, որոնցից ամենակարևորներից է ցանկացած բարդ իրավիճակում շատ արագ կողմնորոշվելը և զարգացումների ղեկը ձեռքում պահելը: Սակայն երբ «զենքերը» վայր ես դնում, այլ բան, քան հոսանքին համընթաց լողալը, չի մնում: Թույլ մարդիկ են, որ հիասթափությունները դարձնում են դատավճիռ: Դժվարին պահերը, վատ տրամադրությունը միշտ հաղթահարել եմ լուսավոր կետ փնտրել-գտնելով, «դրանով առաջնորդվելով, միայն այդպես է հնարավոր հաղթահարել խնդիրները: Անի Քոչարն այն կանանցից է, ով գիտե` կյանքից ինչ է ուզում, ինչպես պետք է նպատակին հասնել. սրա մասին վկայում են ձեռքբերումները` նորակազմ գեղեցիկ ընտանիքն ու սիրված աշխատանքի մեջ ղեկավար լինելը: Թեև նա ընդգծում է, որ իր հաջողությունների գրավականն աշխատասիրությունն է, սակայն պետք է ավելացնել նաև Անիի անսահման լավատեսությունն ու բարությունը:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ