ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ «ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» 


 

ՀՀ վարչապետին և ֆինանսների նախարարին ուղղված այս նամակը մենք վերցրեցինք կառավարության ընդհանուր բաժնից, քանի որ առաջին իսկ հայացքից այն մեզ զարմացրեց ու զայրացրեց:

Մեկ տարի առաջ կառավարությունը որոշում ընդունեց սոցիալական փաթեթների մասին` դրանցով փորձելով մեղմել շատերի նեղ կացությունը, աջակցել պետական հիմնարկներում, կրթության և մշակույթի ոլորտներում աշխատողներին, լուծել մի շարք կարևոր հարցեր: Սակայն, պարզվում է, որ ոմանք որոշել են այս փաթեթները ևս ապասոցիալականացնել` տեղ տալով իսկապես անարդար մոտեցումներին և որոշումներին:

Անհնար էր առանց սրտի ցավի կարդալու 35 տարվա մանկավարժ Ռուզան Ասոյանի բողոքը, որի առանցքում չինովնիկական անտարբերությունն է, պետության գումարները «տնտեսելու» չարդարացված քաղաքականությունը: Ուսուցչուհին իր նամակում գրել է.

- Ձեզ է դիմում երեսունհիգ և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող ուսուցչուհի: Չգիտեմ` զայրույթս ու հիասթափությունս ինչպես ներկայացնեմ, որ պարզ ու հասկանալի լինի: Նախորդ տարի ՀՀ բյուջեից ուսուցիչներին մի գեղեցիկ նվեր մատուցեցիք «Առողջության ապահովագրություն» կոչվող գործընթացով:

Չեմ թաքցնում. այս տխուր ու աղքատ իրականության մեջ մի փոքրիկ լույսի առկայծումով ուրախացա միայն այն բանի համար, որ վերջիվերջո մենք էլ նկատվեցինք, մեզ էլ հիշեցին: Այս տարի ես պատրաստվում էի շարունակել պայմանագիրը, բայց, ավա˜ղ, մեծ եղավ զարմանքս, հետո` զայրույթս, վերջում` հիասթափությունս, որովհետև ինձ ասացին, որ ինձ «չի հասնում», քանի որ ես ունեմ ընդամենը տասը ժամ` կես դրույքից մեկ ժամ պակաս (ՀՀ կառավարության թիվ 169 որոշում): Հիմա խնդրում եմ պատասխանեք, պարոնա´յք.

1. Ո՞ւմ գլխում է այդ «հանճարեղ» միտքը ծագել, որ տասնմեկ ժամ ունեցող ուսուցիչը բժշկական ապահովագրության կարիք ունի, իսկ տասը ժամ ունեցողը չունի: Տրամաբանություն կա՞: Հիմնավորե´ք, խնդրում եմ:

2. Մի՞թե արդար ու անաչառ մոտեցում է: Հաշվի´ առեք այն հանգամանքը, որ ես ու իմ նմանները կյանքի լուսավոր տարիները նվիրել ենք մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, այժմ էլ նույն եռանդով աշխատում ենք չնչին ու նվաստացուցիչ աշխատավարձով:

3. Ի՞նչ եք կարծում, մարդը, թեկուզ ուսուցիչ է, հիվանդանալու, բուժվելու և ընդհանրապես ապրելու իրավունք չունի՞. ձեր որոշումից (թիվ 169) դա է բխում:

4. Ի՞նչ եք առաջարկում ինձ ու իմ նմաններին, ովքեր, հավատացե´ք, մեծ թիվ են կազմում: (Այսօր դպրոցում աշխատող ուսուցիչների մեծ մասի տարիքը հիսունհինգից անց է): Չմոռանամ հիշեցնել, որ քիչ դասաժամով աշխատելը ոչ թե քմահաճույք է, այլ դառը իրականություն, եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ. աշակերտների թիվը օբյեկտիվ և այլ պատճառներով պակասել է:

Կարծում եմ` կարողացա ներկայացնել իմ պահանջը: Ակնկալում եմ ձեր ողջամիտ և հանգամանալից պատասխանը ստանալ:

Համոզված չենք, որ այս հարցն իր լուծումը կստանա, որովհետև այժմ էլ հրապարակ կհանեն մի շարք կեղծ բացատրություններ, լավագույն դեպքում` կխոստանան 2014 թվականին վերանայել հարցը, արդար լուծում գտնել:…

Իսկ այս ամենից հետո որոշ պաշտոնյաներ զարմացած հարցնում են, թե մարդիկ ինչու են դժգոհում և չեն ուզում նկատել դրական քայլերը: