ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՇԻԼԱՇՓՈԹ» 


 

Առաջին հայացքից, կես միլիոն ձայնը բավական լուրջ արդյունք է Րաֆֆի Հովհաննիսյանի համար, քանզի մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրութ յուններում Հովհաննիսյանին հաջողվեց 5,1 տոկոս ձայն հավաքել` այսպես ապահովելով իր կուսակցության ներկայությունը օրենսդիր մարմնում: Միևնույն ժամանակ, հնչում են կարծիքներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած կես միլիոն ձայների հասցեատերը ոչ թե հենց ինքն է, այլ իշխանությունը, որին դեմ տրամադրված զանգվածը քվեարկել է հանուն Րաֆֆիի` իր «ոչն» ասելով ձևավորված սոցիալ-տնտեսական իրավիճակին, համակարգային ձևախեղումներին:

Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների շրջանում ևս կես միլիոն ձայն հավաքեց, և ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու, թե իրենց կուսակցությունը կես միլիոն ձայն է հավաքել, ուստի և իշխանությունը պարտավոր է իրենց հետ հաշվի նստել:

Նախագահի ընտրության գործընթացում երևի թե ամենահետաքրքիր թիվը Րաֆֆի Հովհաննիսյանինն է: Ընդամենը 10 ամիս առաջ խորհրդարանի ընտրությանը հազիվ 5 տոկոս ձայն հավաքած կուսակցության առաջնորդը 10 ամիսների ընթացքում 7 անգամ գերազանցում է նախկին ընտրության արդյունքը:

Հետաքրքիր առաջընթաց է: Առավել հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի գերազանցում է մեկ այլ նիշ` կես միլիոնը: Այդ նիշը Հայաստանի քաղաքական դաշտում «խորհրդանշական» է այն իմաստով, որ դրան մինչ այդ ձգում էր միայն Գագիկ Ծառուկյանը, ում կուսակցական ենթակաները բավական հաճախ էին հիշեցնում, որ իրենց թեկնածուն կես միլիոն քվե ունեցող թեկնածու է:

Ընտրությունն ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և նրա շուրջ համախմբված «ընդդիմադիր գծի», այսինքն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պարտությամբ, ում 2008 թվականի «աստեղային» ցուցանիշը ևս, ի դեպ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանն էլ միասին, «զգետնեց» Րաֆֆի Հովհաննիսյանը:  Րաֆֆի Հովհաննիսյանը անցավ կես միլիոն քվեի շեմը` փաստացի կանգնելով ընդդիմություն առաջնորդելու շեմին:

Ծառուկյանին այժմ մնում է քաղաքական հրատապությունը պահպանելու համար կամ միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ Սերժ Սարգսյանին: Իրատեսական չէ իհարկե` երկու կես միլիոնների միացումը, բայց հավանական է մեկ կես միլիոնի ու ինը հարյուր հազարի միավորումը: Մնում է հուսալ ու սպասել, որ Ծառուկյանի կայացնելիք որոշումը միտված կլինի ժողովրդի բարօրությանը: