Լուծում կգտնեն


 

Համոզված է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

- Հասարակության որոշակի շրջանակների համար սպասված էր Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ի՞նչ արդյունք կարող ենք արձանագրել կամ ակնկալել այդ հանդիպումից:

- Կարող ենք արձանագրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքի տերն է և ինչպես ասել է` որպես ընտրված նախագահ, ինքը բոլոր քաղաքական ուժերին հավասարաչափ մոտեցում պետք է ցուցաբերի: Սա ոչ թե Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան կամ «Ժառանգություն»-ՀՀԿ պայքար է, այլ պայքար է հանուն Հայաստանի, հասարակական համաձայնության, համակարգի փոփոխության: Ահա ամբողջությամբ այս շրջանակում է տեղավորվում այդ հանդիպումը:

- Բայց ԲՀԿ-ն կարծես չի շտապում հստակ հայտարարել, թե ճանաչում կամ չի ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ընտրություններում:

- Այս պահին ձեռքի տակ ունենք «Բարգավաճ Հայաստանի» քաղխորհրդի հայտարարություն-որոշումը, որտեղ կուսակցությունը աջակցություն է հայտնում ժողովրդի պայքարին և ասում է, որ որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել այդ պայքարը: Այս ամենի արդյունքում երևում է, որ իրենք իրադարձությունների նկատմամբ որոշակի մոտեցում ունեն. ընդունում են ժողովրդական պայքարը, և որ այն հիմք ունի` ընտրություններն, իսկապես, կեղծվել են:

- Այսօր, երբ կարծես Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջն է կենտրոնացել ընդդիմությունը, մի՞թե ճիշտ եք համարում շրջանցել մեր սոցիալական բազմաթիվ խնդիրները և խոսել միայն քաղաքականի մասին. առանց սոցիալական խնդիրները լուծելու ուղիները գոնե ճշտել-հստակեցնելու, ի՞նչ նոր Հայաստան կառուցելու մասին կարելի է խոսել:

- Ձեր ասածն ամբողջովին ընդունելով, այնուամենայնիվ կարծում եմ` յուրաքանչյուրի համար, ում շատ թե քիչ հետաքրքրում է քաղաքականությունը, ակնհայտ է, որ Հայաստանում սոցիալական խնդիրներն ածանցված են քաղաքական խնդիրներից: Քանի որ իշխանությունն ինքն է բաժանում տնտեսական ոլորտները. ո՞վ որքան, ի՞նչ ծավալով, ով ո՞ր ոլորտի օլիգարխը, մենաշնորհի տերը պետք է լինի… Այդ մոնոպոլիստին կարող են մեկ րոպեում սնանկացնել, կամ բոլոր անհրաժեշտ հնարավորությունները տալ: Պարզ է, որ մեր հիմնական թիրախը քաղաքական համակարգն է: Կարծում եմ` քաղաքական իրական դաշտի շատ ներկայացուցիչներ ինձ հետ համակարծիք կլինեն այս հարցում. այդ խնդիրների ընկալումների համընկնումները շատ են: Եվ այս պայքարն այսօր արդեն ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական է`«Ժառանգության» շրջանակից դուրս, իսկապես Հայաստանի չորրորդ հանրապետության համար է: Եվ այն կյանքի կոչելու համար համազգային համախմբում է անհրաժեշտ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ և Արցախի, և Սփյուռքի աջակցությամբ:

- Ր. Հովհաննիսյանը բազմիցս նշել է, և Դուք էլ հանրահավաքում նրան երկրորդել եք, որ նախագահ դառնալով, Րաֆֆիի առաջին գործերից մեկը լինելու է Արցախի անկախության ճանաչումը: Կարծիքներ կան, որ դա մեղմ ասած, այնքան էլ նպատակահարմար կարող է չլինել. Դա կնշանակի Մադրիդյան սկզբունք ների մերժում, կնշանակի բանակցային գործընթացից դուրս գալ, կնշանակի Մինսկի խմբի գործունեության իմաստազրկում: Այս ամենի արդյունքում էլ կնշանակի Ադրբեջանի ձեռքերին ազատություն տալ` պատերազմական գործողությունները վերսկսելու համար: Այս ամենը մի՞թե կարող են Հայաստանի շահերից բխել:

- Ասեմ, որ մենք Մադրիդյան սկզբունքներն իսկապես չենք ընդունում, որովհետև ըստ դրանց` ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն: Մինսկի խումբը, համանախագահներն աշխատում էին դեռևս մինչև Մադրիդյան սկզբունքներն էլ: Նրանց աշխատանքի արդյունքներից մեկն էլ կարող էր լինել նաև Արցախի անկախության ճանաչումը, որովհետև երեք համանախագահներն էլ բազմաթիվ այլ պետական միավորներ են ճանաչել, որոնք դեռևս իրենց ձևավորման պահին, թեժության առումով, չկային. Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Հարավային Սուդանը… Նրանք իրենց անկախության գործընթացները սկսել են շատ ավելի ուշ, քան Արցախը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատերազմ սկսելուն, արդյո՞ք Ադրբեջանն այդ Մադրիդյան սկզբունքների շնորհիվ է, որ պատերազմ չի սկսում...

- Բանակցային գործընթացի առկայության շնորհիվ նաև:

- Ո´չ, Ադրբեջանը չի պատերազմում, որովհետև գիտի, որ մենք կարող ենք իրեն հակահարված հասցնել: Առաջին հերթին դա է պատճառը, իսկ աշխարհի ուժային կենտրոնները, որոնց մասին ակնարկում եք, կային նաև նախկինում, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց: Իհարկե, միջազգային հանրությունն այս տարածաշրջանում չի ցանկանում պատերազմ: Բայց ես կարծում եմ` բանակցությունները փակուղային վիճակում են: Եվ եթե մենք անընդհատ ապտակներ պետք է ստանանք ու կուլ տանք մեր իշխանությունների ապաշնորհ ջանքերի շնորհիվ, ես դրան կողմնակից չեմ: Ի՞նչ է նշանակում` Սաֆարովի պես հանցագործին հանձնել Ադրբեջանին և դրանից հետո որևէ էական քայլ չձեռնարկել: Կամ, Հայաստան Հիլարի Քլինթոնի այցի ընթացքում դիվերսիոն գործողություններ իրականացնելն, ըստ էության, ռազմական գործողություններ էին մեր արևելյան սահմաններին: Իսկ այդ ժամանակ մի՞թե դադարեցվել էր բանակցային գործընթացը…

- Լավ, բայց մեր ներքաղաքական արդի լարվածության ինչ-որ հանգուցալուծում պե՞տք է լինի, թե՞ ոչ: Ինչքա՞ն պետք է Ազատության հրապարակում հանրահավաքները շարունակվեն: Մյուս կողմն էլ նույնպես ձեզ համար ընդունելի զիջումների գնալու միտք կարծես չունի. ինչքա՞ն կարելի է հասարակությանը երկու մասի բաժանել…

- Ամեն տեղ էլ, եթե ժողովուրդը պայքարել է, միշտ հաղթանակի հասել է: Մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն իր` գործող նախագահի պոստին է: Ապրիլի 9-ից հետո բոլորովին այլ իրավիճակ է լինելու. ներկայիս իշխանությունները գնալո՞ւ են իշխանության յուրացմանը, ինչը սահմանադրության կոպիտ խախտում է, թե՞ վերջապես ընդունելու են ժողովրդի քվեարկությունը և փորձելու են սահուն իշխանափոխություն ապահովել երկրում:

- Ժողովուրդը քվեարկել է նաև Սերժ Սարգսյանի օգտին: Ձեր հարցադրման պատասխանը կարծում եմ կպարզվի մինչև ապրիլի 9-ը, Սահմանադրական դատարանի վճռից: Եվ դուք արդար կհամարեք միայն ձեր պահանջատիրության բավարարումը: Իսկ մտավախություն չունե՞ք, որ հակառակ որոշման պարագայում բռնի ուժի դիմելու առիթ կներկայանա:

- Ո´չ: Այլևս մարտի 1 չի´ կրկնվի: Իշխանությունն այդ քաղաքական ռեսուրսը չունի, երկրորդ` իրավիճակը բոլորովին այլ է, քան 2008 թ.: Սերժ Սարգսյանն այս ընթացքում ցույց է տվել, որ ինքը «տապորային» լուծումների կողմնակից չէ: Ես հույս ունեմ, որ այդ երկու` Սերժ Սարգսյան ու Րաֆֆի Հովհաննիսյան լրջախոհ քաղաքական գործիչները լուծում կգտնեն: 

ԱՐԹՈՒՐ ԴՈԽՈԼՅԱՆ