Վարդանները երեկ և այսօր 


 

-Հավսա´ր, զգա´ստ: Նե´րս բերել Հայաստանի Հանրապետության դրոշը:

Իններորդցի Սյուզաննայի այս հատու հրամանով և ՀՀ օրհներգով սկսվեց «Վարդանները երեկ և այսօր» խորագրով ցերեկույթը« «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրում` նվիրված հայրենիքի բոլոր ժամանակների պաշտպաններին:

Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի պատվավոր հյուրերը` ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան պատերազմում անօրինակ անձնուրացությամբ հռչակված «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ընդհանուր հրամանատար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, գեներալ-մայոր, բանաստեղծ Սամվել Սաֆարյանը, «Ասպետաց տան» գեներալ-մայոր Աղաբեկ Խաչատրյանը (նույն ինքը` քաջարի Բեկը), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիս Մանուկյանը, հայ-ռուսական կազակական միավորման գնդապետ, կրթահամալիրի զինղեկ Սերյոժա Գասպարյանը, նրանց զինակիցները...

Պարույր Հայկազնից մինչև Տիգրան Մեծ, Մամիկոնյան սպարապետներից մինչև Դավիթ Բեկ և արցախյան ազատամարտ... Կրթահամալիրի սաները ներկայացրին հայ զինվորի անցած դարավոր հաղթական ուղին: Հնչեցին տարբեր ժամանակաշրջաններում հայոց ազատամարտը ոգեշնչած բանաստեղծություններ, Վարդան Մամիկոնյանի մարտակոչը Ավարայրի ճակատամարտից առաջ: Ներկաները հոտնկայս ունկնդրեցին մերօրյա ազատամարտի սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչը` մահապարտների կամավորական ջոկատ կազմելու մասին:

Պատանիներին լուրջ ասելիք ունեին նաև հյուրերը. նրանց յուրաքանչյուր խոսք հնչեց որպես հայրենասիրության յուրօրինակ դաս: Նրանք միաժամանակ գովեստի խոսքեր չխնայեցին հայրենիքի ապագա պաշտպանների ելույթը գնահատելիս: Ի հիշատակ այս անմոռանալի հանդիպման` կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը թանկագին հյուրերին հանձնեց հուշանվերներ:

Ի դեպ, հյուրերը ևս դատարկաձեռն չէին եկել. նրանք պարգևներ հանձնեցին զինպատրաստության մեջ առավել աչքի ընկած բարձրդասարանցիներին:

Ավելի քան գոհացուցիչ էր ցերեկույթի գործնական արդյունքը. կրթահամալիրի VIII դասարանն արժանացավ տնօրինության պատվոգրին, և որոշվեց Արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ կրթահամալիրում ստեղծել պատանի փրկարարների ջոկատ: 

Զարմիկ ՍԱՐԳՍՅԱՆ