Բաց նամակ


 

ԲԱՐԵՎ հարգելի ԱԺ պատգամավոր, ՀՀ քաղաքացի և մայր Շուշան Պետրոսյան: Ժամանակին, երբ դուք զբաղվում էիք երգարվեստով, բավական սիրված ու հարգված անձ էիք` հազարավոր հայերի համար:

Դուք Ձեր երգերով և գաղափարախոսությամբ համայն հայությանն հայրենասիրության ու միաբանության, հայի ինքնությանն ուղղված վիրավորանքների հանդեպ անհանդուրժողության կոչեր էիք անում, հորդորում պաշտպան կանգնել մեր եղբայրներին: 

Հիշո՞ւմ եք, Ձեր հորդորների արդյունքում էր, որ բազում երիտասարդներ, թողնելով ուսանողական սեղան-նստարանը, ոտքի կանգեցին ու բոյկոտեցին Ֆիլիպ Կիրկորով կոչված «դավաճանի» հայաստանյան այցը:

Դուք այն մարդկանցից էիք, ով մեր այս օրվա իրականություն բերեց մի գիտակցություն, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է պատժել ազգն անարգողին:

Մենք շնորհակալ ենք Ձեզ: Սակայն անցան տարիներ, և Դուք որոշեցիք դառնալ պատգամավոր, բնականաբար, միայն այն բանի համար, որ առավել ազդեցիկ լինի Ձեր պայքարը հանուն Հայաստանի բարեկեցության:

Այսօր դուք զբաղեցնում եք այնպիսի մի պաշտոն, որն իր կարևորությամբ անհամեմատելի է որևէ այլ պաշտոնի հետ. չէ՞ որ դուք աշխատում եք հանուն հայ գյուղացու, հանուն հայ զինվորի, հանուն երկրում բարեկեցություն հաստատելու: Չէ՞, որ Դուք և Ձեր գործընկերները այնպես չեք անի, որ Հայաստանում արտագաղթը հասնի կրիտիկական մակարդակի, Դուք թույլ չեք տա, որ հայոց բանակում որևէ զինվոր մահանա, գյուղերում ու քաղաքներում սով լինի, Դուք թույլ չեք տա, որ որևէ մեկը համարձակվի վիրավորել մեր ապագան կերտող ուսանողներին, նրանց, ովքեր իրենց վրա են վերցրել այն ծանր բեռը, որից խուսափում են մեր իշխանավորները: Ու այս ամենից հետո այս առողջ երիտասարդական շարժումը վերագրել ինչ-որ մի կողմնակի ուժի հրահրանքի, պարզապես ամոթ է:

Վերջապես, Աստվա´ծ չանի, եթե գա մի օր, երբ թշնամին փորձի սպառնալ հայրենիքին ու Հայոց անվտանգությանը, միջազգային ատյաններում փորձի պախարակել ու անարգել մեր ազգը, Դուք, հավանաբար, կլինեք այն ՀԱՅը, ով կպայքարի, ժողովրդի շահերի պաշտպանների շարքում կկանգնի, ոչ թե` թիկունքից խփել կփորձի. այնպես չէ՞:

Վերջերս` 01.03.2012թ.-ին, բոլորս ստիպված եղանք ականատեսը լինել, թե ինչպես Ձեզ անչափ նման, Ձեր անուն և ազգանունը ունեցող մի կին, հայտնի հեռուստաալիք ներից մեկով ելույթ ունենալով, վարկաբեկեց Ձեր անձը: Մենք հրաժարվում ենք հավատալ ու ընդունել այդ տեսանյութի իսկությունը, վերջիվերջո, ամբողջ Գյումրին է ոտքի ելել ու պահանջում է ներողություն այն անձից, ով վիրավորել է իրենց: Նաև սույն անձը բառացիորեն վարկաբեկել է այն կուսակցությունը, որին Դուք եք «պատկանում», ասելով, որ իբր անազնիվ գյումրեցիները, խաբելով ձեր սպասելիքները, ընտրել են այլ թեկնածուի:

Հարգարժան Շուշան Պետրոսյան, խնդրում ենք, ելնելով Ձեր պաշտոնից և երբևէ ունեցած հեղինակությունից, որոշակի բացատրություն տաք սույն հարցին, պարզեք և վերջապես մեղավորներին պատժեք համապատասխան միջոցներով:

Գյումրին սպասում է հրապարակային ներողության: 

Հարգանքներով` «Բարև Գյումրի»` թասիբով Գյումրեցիներ