ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ 


 

Խորհրդարանում, անտարակույս, փակուղային իրավիճակ է ստեղծվել` «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների նախաձեռնությամբ 3 կետ պարունակող առաջարկի քննարկման հարցում: ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկմանը խորհրդարանական տարբեր ուժեր հակադարձ դիրքորոշում են ունեցել հիշյալ կետերի վերաբերյալ:

«Ժառանգությունը» և ՀՅԴ-ն առաջարկում են մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն` 100 տոկոս համամասնական ընտրակար գով, անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելի և անցկացնել անհրաժեշտ սահմանադրական հանրաքվե: Ինչպես նաև, ընդդիմությանը տալ վերահսկո ղական լայն լծակներ:

Բնականաբար, առաջադրված հարցերը, որոնք պահանջի տեսք ունեին, չէին կարող ընդունելի համարվել, ուստի դրանք միանշանակ կերպով մերժվել են: Մերժվել է նաև արտահերթ նիստ անցկացնելու գաղափարը, քանի որ մեծամասնությունը դեմ է եղել դրան:

Այս խորհրդարանում, ինչպես նշեցին մեզ հետ զրուցած «Ժառանգության» անդամներից մի քանիսը, անհնար է որևէ այլընտրանքային հարց լուծել, քանի որ միշտ մեծամասնությունը դեմ է կանգնում դրան: Այս պարագայում ևս: Հովիկ Աբրահամյանն արտահայտելով մեծամասնության դիրքորոշումը, չէր կարող համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին, մինչդեռ օրեր առաջ ՀՀԿ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ համակարծիք էին մեր այն առաջարկին, որ պետք է գնալ դեպի լուրջ ու կտրուկ փոփոխությունները, մտածել նոր խորհրդարանի ձևավորման մասին:

Ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, խորհրդարանական քննարկումները հայտնվել են փակուղում, այն դեպքում, երբ մի քանի օր առաջ` երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանրահավաքներ էր անում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն էր հայտնում հետընտրական իրավիճակը քննարկել խորհրդարանում: