Մենք ու մեր հիվանդանոցները 


 

Առողջապահական ոլորտը եթե ոչ ամենակոռումպացվածը, ապա դրանցից մեկն է: Ամեն տարի ոլորտում բարեփոխումների համար հսկայական գումարներ են ներդրվում, բայց ինչպես փորձն է ցույց տալիս, կատարվածն իր դրական արդյունքները կարծես չի տալիս: Մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս ոլորտին:

Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անարդարության դրսևորումներն ամենաշատն արձանագրվում են հենց առողջապահության ոլորտում: Բնակչությունն առաջին հերթին բարձրաձայնում է, որ պետպատվերը չի գործում, կամ, ասենք, գործում է այն հիվանդանոցներում, որոնց տերերը օլիգարխիկ զանգվածին են պատկանում: Արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով` «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից: Առողջապահական ծառայություններից օգտվողը չպետք է ստիպված լինի առաջին հերթին մտածել ֆինանսական խնդիրների մասին: Նա պետք է բուժհիմնարկ գնա` վստահ լինելով, որ իր ցավին «դարման անող է լինելու»: Մեզանում հակառակն է. առողջական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ ոչ թե մտածում է բուժվելու, այլ դիմելուց հետո հսկայական ծախսերի տակից դուրս գալու մասին, քանզի հենց մուտքի մոտ ոչ թե հետաքրքրվում են հիվանդի առողջական վիճակով, այլ տեղեկություն են հավաքում նրա վճարունակության մասին, այսինքն` Չ… փորձիր ու վճարունակ մի եղիր… Էլ չենք խոսում այն մասին, որ հիվանդանոցի դռնապահից սկսած` ամեն մի բուժքույր ու մայրապետ իր ծառայության վարձն է պահանջում…  Ու եթե դու բոլորին «լավ» չվերաբերվես, հիվանդանոցը քեզ համար կդառնա հավելյալ հիվանդություններ ձեռք բերելու օջախ…

Աստված մի արասցե, եթե դու բուժվում ես այսպես կոչված «պետպատվերի» շրջանակներում. կարհամարհվես ու կոչնչացվես, կդիտվես որպես բուժաշխատողների թիվ մեկ թշնամի: Մանավանդ, որ այս «արտոնությունից» օգտվող հիվանդները պահանջում են անվճար դեղորայք, ինչի մասին մեր հիվանդանոցներում չեն էլ հիշում: Բուժվե՞լ ես ուզում հիվանդանոցում, գնի´ր համապատասխան դեղերը, բուժամիջոցները, վիրակապերը ու հանձնիր բժշկին կամ բուժքրոջը: Բայց մտքովդ չանցնի` այդ ամենը ձեռք բերել ուրիշ դեղատնից, պարտավոր ես գնել հիվանդանոցում գործողից, և այն էլ կրկնակի-եռակի գներով: Դե, դու էլ պիտի հասկանաս, որ այստեղ էլ մարդիկ ապրել են ուզում, որ հատկապես Երևանում հիվանդանոցներից շատերի տերերը բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ են, որոնց պետական աշխատավարձը «չնչին է»:

Այս ամենը տեսած մարդուն արի համոզիր, որ առողջապահական ոլորտում սրտացավ, մարդկային, արժանապատվություն ունեցող մարդիկ են աշխատում: Ոլորտը դարձել է փող ուտողների հավաքատեղի, որտեղ մոռանում են, որ մարդկային կյանքը փրկելը բարձր է ցանկացած տեսակ գումարային հարաբերություններից: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ