«ՀԱՄՈՆ» ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ


 

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հովանու ներքո գործող «Արտֆուդ» ընկերության պահածոների գործարանը, որի բաժնետերերից մեկն էլ հենց նախարարն է, մարզի մի քանի գյուղերի բնակիչներին դեռևս անցած տարվանից չի վճարել լոլիկի գնման գումարը:

2011 թվականին ընկերությունից վստահեցնում էին, որ որևէ խոչընդոտ չի լինելու, առնվազն 10-15 օրվա ընթացքում կատարվելու են վճարումները: Հետո այդ ժամկետները ձգվեցին ու ձգվեցին` արտադրողներին կանգնեցնելով լուրջ դժվարությունների առջև: Վերջերս գյուղացիները նորից էին դիմել ընկերության տնօրինությանը, որտեղից էլ վստահեցրել էին, թե մինչև մարտի 1-ը բոլոր պարտքերը կփակվեն: Մարտի 1-ն էլ անցավ, բայց պարտքերը լիովին չհատուցվեցին: Մեզ հետ զրույցում մի քանի գյուղերի բնակիչներ ասում էին, որ իրենք այսօր կանգնած են խնդիրների առջև, որովհետև իրենք էլ հարկատուներ են, ստացված ու վաճառված բերքի գումարներից պարտավոր էին վճարել ջրի, հողի վարձերը, պարտավոր են ձեռք բերել բուժանյութեր, ջրօգտագործման նոր պայմանագրեր կնքել: Իսկ քանի դեռ գումարը չեն ստացել` չեն կարողանա մտածել 2012 թվականի մասին:

Ընկերությունում մեր զանգերին տևական ժամանակ չպատասխանելուց հետո, վերջապես ինչ-որ մեկը, առանց ներկայանալու ասաց, որ բոլոր հարցերը լուծվում են, կարիք չկա, որպեսզի ընկերություն-գյուղացիներ հարաբերություններին խառնվեն մամուլի ներկայացուցիչները:

«Արտֆուդի» վարքագիծը միակը չէ մեր մթերող ընկերությունների մեջ: Մի շարք ձեռնարկություններ իրենց գներն են պարտադրում գյուղացիներին, միտումնաբար ձգձգում մթերումները, որպեսզի հետագայում կարողանան գնել առավել էժան գներով: Իսկ վճարումների հարցում միշտ էլ դառնում են «մոռացկոտ»` չմտածելով, որ գյուղացին ապրում է իր եկամտով, որ բերք ստանալու համար նա նույնպես ահռելի ծախսեր է անում: