Համակարգայինը


 

Հակահամակարգային հռչակված «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Հարություն Մինասյանն ու Տիգրան Խզմալյանը պնդում են, որ առաջիկա ընտրություններից դրական որևէ ակնկալիք չարժե ունենալ:

- Ընտրությունները կլինեն խախտումներով և անհաջող, որից հետո լարվածություն կլինի, ինչին էլ կհաջորդի էլ ավելի մեծ չափերի հասնող արտագաղթի հերթական ալիքը,- կանխագուշակում է Հարություն Մինասյանը:

Նրա համոզմամբ`` միևնույն է,` ընտրությունների արդյունքները կեղծվելու են. ուրեմն, նաև չպե՞տք է պայքարել դրանց արդար անցկացման համար: Բայց չէ՞ որ ընտրություն ներին մասնակցելուց հրաժարվելը, առավել ևս այդ մասին բարձրաձայնելը նշանակում է հուսախաբության մատնել հասարակության լայն շրջանակներին և այդպիսով, ըստ էության, օրինաչափ համարել ընտրակեղծիքները:

Ըստ Գարեգին Չուգասզյանի, մինչ այժմ մեզնում եղած յուրաքանչյուր ընտրությունից հետո``

-...մեր երկրի հեռանկարները գնալով ավելի ու ավելի նեղանում են, և հույս ունենալ, որ հերթական կեղծ ընտրությունները նոր հեռանկարներ կբացեն`` քաղաքական իմաստով առնվազն անպատասխանատու մոտեցում է:

Բանախոսը պնդում է, որ մեզ համակարգային նոր ճգնաժամ է սպասվում, և մեր երկիրը ներկա դրությամբ նման է փոթորկուն ծովում անիմաստ դեգերող նավի, որը չգիտի, թե ուր է գնում: Ուստի, ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը «Սարդարապատի» համար դառնում է անիմաստ, որովհետև երկու դեպքում էլ կարծես փակուղի է առաջանում`` եթե այլընտրանք չի առաջարկվում:

«Սարդարապատն» առաջարկում է այս «կեղծ ընտրությունների փուլին զուգահեռ այլընտրանքային իշխանության սաղմերը ձևավորել»: Այսինքն, որևէ դրական ակնկալիք չունենալով ընտրություններից, շարժման նախաձեռնողները միևնույն ժամանակ ընդունում են, որ հարկավոր է ոչ թե պարզապես չմասնակցել ընտրություններին, «այլ չմասնակցելով`` առաջարկել ընդդիմության ստեղծման համար այլընտրանքային հարթակ, որն է հենց այլընտրանքային իշխանության ստեղծումը»:

Ահա այսպես. «Սարդարապատը» մեկ մերժում է ընտրություններին մասնակցությունը, մեկ`` չմասնակցելով առաջարկում ընտրությունների գործընթացը հարթակ դարձնել ընդդիմության, ասել կուզի`` ի՞ր, թե՞ այլընտրանքային իշխանության ստեղծման համար...…

Մերժելու և չմերժելու միջակայքում տարուբերվելով, «Սարդարապատը» գնաց ու հասավ Հայաստանի երրորդ հանրապետության պատմական առաքելությանը: Ասվեց ու բացատրվեց, թե Հայաստանի երրորդ հանրապետությունը ոչ ավել, ոչ պակաս, կատարել է իր առջև դրված պատմական առաքելությունն ու արդեն ժամանակն է, որ տեղը զիջի Հայաստանի չորրորդ հանրապետությանը:

Ժամանակին Շուշիի հատուկ գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը պարզապես անիմաստ է համարում «ընտրությունների մասին խոսել մի երկրում, որտեղ քաղաքական դաշտը կայացած չէ»: Իսկ պատճառն, ըստ նրա այն է, որ.

- 91թվականից սկսած, քաղաքական ղեկի մոտ հայտնվեցին մեծամասամբ ստրկամիտ անհատականություններ:

Նախկին հրամանատարը մտահոգված է, որ եթե չկարողանանք մոտ ապագայում ստեղծել մի պետություն, որի առանցքում լինի հայաստանակենտրոնությունը, մենք ենթակա ենք սնանկացման և լուծարման. պատմությունը սիրում է կրկնվել: Իսկ ո՞րն է ելքը, ի՞նչ անել, որպեսզի, ինչպես ասում է Սեֆիլյանը, պատմությունը չկրկնվի: Այստեղ է, որ «Սարդարապատը» սկսում է ճարպկորեն խուսանավել: Բանախոսը պարզապես խոստանում է այս, իր բնորոշմամբ` անօրեն իշխանություններին զուգահեռ, իսկապես ժողովրդական, օրինական իշխանություններ ձևավորելու ճանապարհային քարտեզը մոտակա օրերին շրջանառության մեջ դնել:

Ողջ քննարկման ընթացքում հնչած ծանրակշիռ տեսակետը թերևս դիվանագետ Արման Նավասարդյանինն էր:

- Այսօր Հայաստանին սերնդափոխություն է հարկավոր, -հայտարարում է նա` փաստելով, որ և´ ընդդիմությունը, և´ իշխանություններն այս ընտրությունները մեր երկրի համար ճակատագրական են համարում: Միջազգային հետաքրքրություն կա Հայաստանի ընտրությունների նկատմամբ: Եվ եթե Հայաստանի իշխանությունները լեգիտիմություն չունենան, աշխարհի հզոր պետությունները պարզապես իրենց կամքը կթելադրեն Հայաստանին:

Փորձառու դիվանագետի ասածի համատեքստում առնվազն տարօրինակ են հնչում ընտրություններին չմասնակցելու կոչերը, նախօրոք դրանք կեղծված համարելը:

Ընտրություններին մասնակցելը մերժելը կնշանակի մերժել ներկայիս միջազգային քաղաքական մշակույթը, ինչն իսկապես կարող է և սպառնալ Հայաստանի երրորդ հանրապետության գոյությանը:

Տ.Մ.