Ո՞վ ԹԱՆԿԱՑՐԵՑ ՀԱՑԸ


 

Քմահաճ ու կամայական այս քայլի հիմքում հարստանալու,

գերշահույթներ ստանալու միտումն է

Բոլոր վիճակագրական տվյալները հաստատում են, որ Հայաստանում ամենաաղքատը Շիրակի մարզն է, ուր գործազրկության ցուցանիշն ուղղակի սարսափեցնող է, իսկ բնակչության կենսամակարդակը ցածր է նախատեսված ստորինից: Այս մարզում նաև արտագաղթի տեմպերը չեն թուլանում` աստիճանաբար դատարկելով մարզի գյուղերն ու քաղաքները: Եվ սոցիալական բազում խնդիրներին այսօր էլ գումարվել է հացի թանկացումը, ինչն արդեն մի քանի օր է դարձել է` լրատվամիջոցների քննարկման նյութը, անգամ անհանգստացրել երկրի իշխանություններին:

Համաշխարհային շուկայում հացի գնի բարձրացում չի արձանագրվել, չի արձանագրվել նաև Հայաստանում: Ավելին, մայրաքաղաքի որոշ խանութներում նկատվել է գների իջեցման միտում, մինչդեռ Գյումրիում մարդիկ բողոքում են, դժգոհում և անհանգստանում: Միջին հաշվով Գյումրիում հացը թանկացել է 20-30 դրամով, այսինքն` 20-25 տոկոսով: Նման գնաճը հացի ու հացամթերքների վաճառքի շուկայում տնտեսագիտական բացատրություն և հիմնավորում չունի: Գյումրեցիները մեղադրում են իշխանություններին, մինչդեռ ակնհայտ է, որ այս ամենի թիկունքին կանգնած են ալյուր մատակարարող և հացաթխմամբ զբաղվող ընկերությունները, որոնք կամենում են գերշահույթ ստանալ` հաշվի չնստելով ինչպես շուկայի օբյեկտիվ վիճակի, այնպես էլ բնակչության ծանր կացության հետ:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Գյումրիում ալյուրի խոշորաքանակ ներկրումներ չեն եղել, ուրեմն թանկացումների հեղինակները տեղական ընկերություններն են: Նրանցից մի քանիսի հետ մեր հանդիպումների ժամանակ կարողացանք միայն կցկտուր պատասխաններ ստանալ. իբր` գազի գինը, էլեկտրաէներ գիան և մի շարք այլ գործոններ ստիպել են նրանց գնալ թանկացումների: Սակայն գազի և էլեկտրաէներգիայի գները Հայաստանում չեն թանկացել, չի թանկացել նաև վառելանյութը: Հետևաբար, սա քմահաճ ու կամայական քայլ է, որի հիմքում հարստանալու, գերշահույթներ ստանալու միտումն է: Մենք նաև տեղեկացանք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է սկսել ուսումնասիրություններ կատարել: Սակայն մինչ այս հանձնաժողովն ուսումնասիրություններ կկատարի, մինչ որոշումներ կհրապարակի` Գյումրիում հաց թխողները կբազմապատկեն իրենց շահույթները` մեկ անգամ ևս հարվածելով բնակիչների գրպաններին: