Գրամներ «Միլիոն»-ի մոտից


 

Գաղտնիք չէ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խորն արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այդ չարիքը դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

2011 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության շուրջ 1800 դեպք: Հայտնաբերվել է 128 կգ 50 գրամ թմրամիջոց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկվել 711 մարդ, որոնցից 15-ը` կանայք, 7-ը` անչափահաս, 24-ը` այլ երկրների քաղաքացիներ:

Այս հանցատեսակը ոստիկանության ամենօրյա օպերատիվ հաղորդագրությունների մեջ ամենից շատ հանդիպողներից է, իսկ տասնյակների մեջ ընտրեցինք ներկայացվող օրինակը, քանի որ հանցագործության տեղանքը խորհելու առիթ է տալիս:

Մարտի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Զովունի գյուղի հարևանությամբ գտնվող «Միլիոն» խաղատան մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Աշտարակ քաղաքի բնակիչ, 38-ամյա Գևորգ Գ.-ին: Կասկածներն անհիմն չեն եղել. նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ` 3,9 և 0,9 գրամ կանեփանման զանգվածով:

Գևորգը հայտարարել է, թե թմրամիջոցն իրենն է, և ինքն այն պատրաստել է տան բակում աճեցված կանեփից:

Ոստիկանները դեռ կպարզեն, թե Աշտարակի բնակիչն ինչո՞ւ է թմրամիջոցի փաթեթները գրպանում եկել-հասել Զովունի գյուղի մերձակայքում գտնվող խաղատուն, և արդյո՞ք առաջին անգամ է, որ գրամները հայտնվում են «Միլիոն»-ի մոտ...