ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ


 

Ռուսաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները:

Որքանով են նշանակալի այդ ընտրությունները Հայաստանի համար:

Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախօրյակին ռուսական էլեկտրոնային կայքերից մեկը գրել էր. «Վաղը տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրությունները»: Սրամիտ ու կատակով արված հայտարարությունը իրականում հեռու չէր ճշմարտությունից, քանի որ այնպես էին առաջադրվել թեկնածութ յունները և այնպիսի սցենար էր մշակվել ընտրությունների համար, որ Պուտինին այլընտրանք չկար: Ուրեմն, ընտրությունների միջոցով Պուտինը պիտի հաստատեր իր ընտրված լինելն ու անցներ արդեն Կրեմլ` շարունակելու երկրի կառավարումը նախագահի աշխատասենյակից: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Դմիտրի Մեդվեդևի կառավարման ողջ շրջանում Պուտինը եղել է «ստվերային» նախագահը, որ նա է լուծել բոլոր խնդիրներն ու արձակել կարևորագույն հրամանները: Պուտինի դերի նշանակության մասին խոսում էին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում` Մեդվեդևին համարելով «անգլիական թագուհի» ռուսական նորագույն կայսրության մեջ:

Իհարկե, ժամանակ առ ժամանակ Մեդվեդևն ինչ-որ գործառույթներ էր իրականացնում, հանդես գալիս հայտարարություններով, սակայն դրանք նրան տրված նվազագույն ինքնուրույն հնարավորություններն էին: Մեդվեդևին էր Պուտինը հանձնել նաև Հայաստան-Ադրբեջան երկխոսություններ վարելու իրավունքը` քաջ գիտակցելով, որ ցանկացած տապալում վերագրվելու է Մեդվեդևին, հաջողություն` իրեն…

Մարտի 4-ին, ըստ էության, Ռուսաստանը վավերացրեց Պուտինի գահակալության նոր ժամկետը` այսպես, աներկբայորեն, ևս տասներկու տարով Ռուսաստանը հանձնելով Պուտինին: Ստացվում է, որ լինելով աշխարհի գերտերություններից մեկը և համարվելով կիսաեվրոպական երկիր, Ռուսաստանը շատ ավելի հակված է դեպի արևելյան-ասիական կայսերապաշտությունը: Սրա հիմքը դրեց Բորիս Ելցինը` Պուտինին հռչակելով իր ժառանգորդը: Իսկ ժառանգորդն էլ ուղղակիորեն հասկացավ իշխանության փոխանցելիության գաղափարն ու ձևականորեն, հանուն սահմանադրական նորմի, այն հանձնելով Մեդվեդևին, նորից հաստատվեց Կրեմլում:

Թեկնածուների առաջադրման շրջանում Պուտինն այնպես արեց, որ որևէ իրական այլընտրանք ներկայացնող թեկնածու չառաջադրվի: Իսկ նման թեկնածուներ կարող էին ի հայտ գալ: Սակայն, ինչպես միշտ, առաջադրվեցին պուտինյան դրածոները` Սերգեյ Միրոնովը, Գենադի Զյուգանովը և Վլադիմիր Ժիրինովսկին: Այս անգամ «մշտական պատկերաս րահին» ավելացավ նաև մեծահարուստ Պրոխորովը, որի առաջադրումը ևս ձևական էր, սցենարի մաս կազմող: Շատ վաղուց ռուսաստանցիների գերակշռող մեծամասնությունը լուրջ չի ընդունում Ժիրինովսկու և Զյուգանովի առաջադրումները` համոզված, որ նրանք պորտալարով կապված են իշխանություններին, իսկ Զյուգանովը վաղուց դարձել է ընդհատակյա օլիգարխ, դիզել ահռելի կարողություններ` այդ հարստությունների մի մասը ստանալով որպես «ընտրական հոնորարներ»: Ժիրինովսկին ևս շատ վաղուց ստանձնել է յուրատեսակ քաղաքական «խեղկատակի» դեր. առաջադրվելով տարբեր ընտրությունների ժամանակ` ապահովում է իր տեղը պետական դումայում ու միաժամանակ խոչընդոտում այն ընդդիմադիրներին, ովքեր կամենում են նախագահական ընտրություններին հանդես գալ որպես այլընտրանք: Սերգեյ Միրոնով-Վլադիմիր Պուտին ալյանսի մասին ևս գաղտնիքներ չկան, հետևաբար ընտրություններն անցան ճիշտ այնպես, ինչպես «բեմադրել» էր Պուտինը:

Ինչպես սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո ընդդիմությունը դուրս եկավ փողոցներ ու հրապարակներ: Իսկ իշխանություններն էլ պատրաստվել էին ընդդիմութ յան ելույթներին` երկու օր առաջ Մոսկվայի փողոցները լցնելով ռազմական տեխնիկայով, զինվորներով: Դեռևս պետդումայի ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն ու հուզումները ստիպել էին Պուտինի վարչակարգին նախապատրաստվել ցանկացած իրադարձության` այսպես նաև պահելու համար այն իշխանությունը, որն այս անգամ ձեռք է բերվել տասնյակ հազարավոր ընտրախախտումներով, վարչական ներուժի կիրառմամբ: Եվրոպական շատ դիտորդներ արդեն հնչեցրել են իրենց գնահատականները, նշել խախտումների մասին, բայց 108 միլիոն ընտրող ունեցող Ռուսաստանում խախտումները չեն կարող էական համարվել…ժ