«ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԸ»` ՓՐԿՕՂԱԿ


Հայաստանյան ընտրություններում որոշակի անցանկալի ավանդույթներ են ձևավորվել, որոնք ցայտուն են դառնում բոլոր ընտրություններից առաջ: Այս շարքում իր անփոփոխ տեղն ունի քվեարկության կեղծված լինելու մասին մշտական պնդումները: Այսպես, դժվար չէ վերհիշել, որ սովորաբար նման խոսակցությունները սկիզբ են առնում դեռ քարոզարշավից առաջ, և այս առումով առաջիկա ընտրությունների համար մինչև անգամ կարելի էր անհանգստանալ: Թեպետ քարոզչության առաջին շաբաթն էլ էր ավարտվել, բայց թեկնածուներն ու նրանց շտաբները ծպտուն անգամ չէին հանում… Եվ իրոք, նրանք ինքնամոռաց կերպով նվիրվել էին քարոզչական աշխատանքներին` չհասցնելով վերհիշել, որ կեղծվելիք քվեարկության թեման լիովին դուրս է մնացել բնակչության հետ հանդիպումների խոսելանյութից, ինչպես նաև հեռուստատեսային մոնոլոգներից: Դժվար է ասել, թե այս անգամ ով առաջինը «քարը» նետեց, սակայն ոչ արդար ընտրությունների խնդիրը վերջին օրերին դարձյալ խիստ «հրատապ» է դարձել: Ամենայն հավանականությամբ` միջազգային դիտորդների հետ հանդիպումները թեկնածուների շրջանում արթնացրին ավանդական «կնճիռը» արդիականացնելու ցանկությունը: Ժամանակ այլևս չկա: Ընդամենը երկու շաբաթ, և քվեարկությունն ավարտվելու է, իսկ գոնե ընտրազանվածի առաջ արդարանալու հարցը «բարձր մակարդակով» է պետք լուծել: Հետևաբար, ինքնաարդարացումների սցենարն էլ դժվար չէ պատկերացնել: «Քվեարկությունն աղաղակող անարդարություններով է անցել, տոկոսները այդ պատճառով են քիչ, ընտրություն ների արդյունքներն անընդունելի են». հավանաբար այսպես են նախատեսում ընտրական ջրից չոր դուրս գալ Նախագահի որոշ թեկնածուներ: Ավելին, ընտրական անարադարությունների թեման բնավ էլ պատահականորեն «չվերակենդանացավ»: Առաջին քարոզչական շրջայցերը որոշ նախագահացուների` իրենց սպասվող և փետրվարի 19-ի քվեարկությամբ ամփոփվելիք իրական հեռանկարների մասին ռեալ պատկերացում կազմելու լայն հնարավորություն տվեց: Իսկ մինչ այդ անցյալի իներցիայի նորացված դրսևորումները բավական հետաքրքիր նրբերանգներով են արտահայտվում: Այսպես, թեկնածուներից մեկը շտաբի պետի շուրթերով դեմքի լուրջ արտահայտությամբ ահազանգում է մեծ քանակությամբ տպագրվող նոր անձնագրերի մասին, որոնց միջոցով, իբր, զանգվածային կեղծիքներ պետք է իրականացվեն: Պատկան մարմնի պատասխանատուի` գոնե մեկ օրինակ մատնանշելու առաջարկը, սակայն, բողոքավոր կողմը լռության է մատնում: Մեկ այլ թեկնածուի պարագայում, ով «Հաղթելու ենք…» խոսուն և «ինքնավստահ» կարգախոսով է մրցապայքարի ելել, դարձյալ շտաբի պետի մակարդակով արդեն իսկ հրեշավոր ընտրակեղծիքների մասին է «փաստում»: Քարոզչական թվացյալ խոչընդոտները կանխելու նպատակով, ինչպես հայտնի է, իր գործառույթներն է փորձել իրականացնել նաև երկրի դատախազությունը: Ապարդյուն: Ընտրական անարդարությունների վերաբերյալ հրապարակումները եղել են անորոշ և չփաստարկված: Իսկ հռետորական հարցադրումների ու հրապարակախոսական կասկածամտության մասով, բնականաբար, դատախազությունը անելիք չի կարող ունենալ: Ինչ խոսք, նման արձագանքը չի կարող զսպել նախագահացուներին, քանի որ այսպես թե այնպես քարոզարշավը եռքի մեջ է: Իսկ պայմանական ընտրակեղծիքներից դժգոհելը ոչ միայն ուրվագծվող պարտությունը սրբագրելու և կամ կուսակցական մերձավորների շրջանում չվարկաբեկվելու նպատակն ունի, այլ նաև, ամենաուղիղ իմաստով, քարոզչական նպատակներ է հետապնդում: Հալածյալի կարգավիճակով ընտրազանգվածին ներկայանալու մեծ փորձ ունեն հայրենի քաղգործիչները: Հետապնդվողի դերում այն էլ կամովին ներկայանալը, որքան էլ հաճելի չլինի, այդուհանդերձ ընտրազանգվածի աչքին անձը կարևորելու տպավորություն է թողնում: Այս պատկերացմանը, ցավոք, երբեմն նույնիսկ թեկնածուներն իրենք են հավատում` ընտրությունից ընտրություն շահարկելով ընտրակեղծիքների թեման: