ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ


Քարոզչության վերջնափուլում այլևս կարելի է արձանագրել, որ առաջին Նախագահի երկար և խնամքով նախապատրաստված քաղաքական ռևանշն այդպես էլ չստացվեց: Ակնհայտորեն, ստանալիք տոկոսներով Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնային տեղերից մեկում կլինի, սակայն առաջինը չլինելու, չհաղթելու փաստը ինքնին արդեն հավասար է ձախողման: Եվ, բնականաբար, քվեարկությունից հետո այլևս չի կարևորվի նույնիսկ մյուս յոթից առաջ անցնելու հանգամանքը: Հեշտ չի լինելու մխիթարվելը նաև այն բանով, որ, համենայն դեպս, նախկին Նախագահը այնուամենայնիվ քիչ տոկոսներ չի ստացել, և նրա երկրորդ վերադարձը կարող է շարունակել ակտիվ ընդդիմության առաջնորդի դերում: Վերջին հաշվով, երկրի երբեմնի առաջին դեմքի ադապտացիան ընդդիմադիր, իր համար նոր ու անծանոթ դաշտում հեշտությամբ կայացավ: Հատկապես նրա քաղաքական վերաակտիվացումից ոչ շատ առաջ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի զանգվածային անհաջողությունը նոր (թեկուզ ոչ այնքան թարմ) գործչի քաղաքական պահանջմունք էր առաջացրել: Այս իմաստով Լ. Տեր-Պետրոսյանի հաշվարկը հիմնականում հաջողված կարելի է համարել: Նրան կարճ ժամանակահատվածում հաջողվեց նոր լիցքեր հաղորդել ոչ միայն անհաջողութ յուններից շնչահեղձ լինող ՀԺԿ-ին ու «Հանրապետությանը», այլ նաև իր շուրջը համախմբել ՀՀՇ-ի արբանյակ կուսակցություններին, ինչպես նաև քաղաքական դաշտում հենց այնպես մանևրող մի քանի այլ ուժերի ևս: Թեպետ այս գործում չհաջողվեց (կամ, ավելի ճիշտ, չափազանց փոքր արդյունք ունեցավ) ամենագլխավորը. միակ ընդդիմադիրի և իշխանության անփոխարինելի մրցակցի դերն ստանձնելը, ինչպես նաև լիարժեք հասարակական համախմբմանը հասնելը: Հիմնականում ընդդիմադիրի կերպարով ներկայացող որոշ թեկնածուների ակտիվ քարոզչությունը արդեն իսկ ապացուցում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում, որքան էլ քննադատության չափաբաժինը շատ, խոսքն էլ գրագետ ձևակերպված լինի, այդուհանդերձ, գործող համակարգի դեմ խոսել ու բարեփոխումներ խոստանալ շատերն են կարող: Ահա թե ինչու է այս թեկնածուն իր քարոզարշավը ամեն կերպ փորձում առանձնացնել` համարելով այն ներկա իշխանության դեմ ծավալվող ազգային-ազատագրական պայքար: Մյուս կողմից շեշտադրումների ընդգծված լինելը հանրությանը լայն ընտրության, համեմատությունների ավելի մեծ հնարավորություն է տալիս: Անկախ Հայաստանում ձևավորվել և գործել են ընդամենը երկու իշխանություն: Այսքանով հանդերձ` ներկայիս իշխանության թեկնածուի համար կանխատեսվող քվեների 60-70 տոկոսանոց չափաբաժինը ամենաուղղակի գնահատականն է Ռ. Քոչարյանի տասնամյա գործունեության, որում իր առանցքային դերակատարությունն է ունեցել նաև, այսօր արդեն Նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանը: Հակառակ սրան` Լ. Տեր-Պետրոսյանի ստանալիք մի քանի անգամ ցածր և արդեն իսկ պատկերացնելի տոկոսները ոչ այլ ինչ են, քան ընտրազանգվածի արմատական բարեփոխումներին դեմ լինելու ապացույց: Ուստիև կարելի է արդեն իսկ արձանագրել, որ. «Պայքար, պայքար մինչև վերջ» վերածնված կարգախոսը, այս անգամ այդպես էլ չհասցնելով լիովին ծառայել իր նպատակին, արդեն իսկ կորցրել է արդիականությունը: Ավելին, քսան տարի անց այն օդում արձակված անիմաստ կրակոցի էֆեկտի կարող է վերածվել` այլևս ի զորու չլինելով նպաստել ոչ Լ. Տեր-Պետրոսյանի և ոչ էլ նրա թիմի հաջողությանը: Նախագահի մի շարք թեկնածուներ, այլևս մինչև վերջ այրելով հետդարձի կամուրջները, այսօր արդեն ուղղակիորեն կենտրոնացել են փետրվարի 19-ի վրա: Ի՞նչ է տալու սովորական օրացուցային այդ օրը նրանց, բացի քվեարկության` իրենց համար, կարծում ենք, խիստ անցանկալի արդյունքների ամփոփումից: Հնարավոր հետընտրական շարժումը նույնպես ոչինչ չի կարող փոխել. գոնե մինչև հիմա անկախ Հայաստանում կայացած բոլոր այն քվեարկությունները, որոնք ուղեկցվել են հեղափոխական իրավիճակների դրսևորումներով, ոչ միայն հաշված օրերի ընթացքում կատարելապես ձախողվել են, այլ այդ շարժման առաջնորդի քաղաքական գահավիժման մեկնարկն են նշանավորել: Այս դեպքում խնդիրն ավելի բարդ է: Լ. Տեր-Պետրոսյանը ձգտում է ներկայանալ իբրև կուսակցական ու հասարակական լայն ֆորմատի միասնական թեկնածու: Եվ, ինչպես փորձն է ցույց տալիս, եթե մինչև քվեարկության օրը աջակցողների շրջանակն է ծառայում թեկնածուին, ապա դրան անխուսափելիորեն հաջորդում է մատուցված ծառայություններին հայտնի եղանակներով փոխհատուցելու ժամանակը: Դժվար չէ մտաբերել, թե ինչպես սիրահոժար կերպով Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Զ. Սարգսյանը ընդդիմության ղեկը զիջեցին առաջին Նախագահին: Այսօր արդեն դա նրանց ռեսուրսի սահմանափակությամբ պայմանավորելը առանց վերապահումների չի կարող ընդունվել: Ավելին, ընտրազանգվածի նվիրաբերումը բոլոր դեպքերում քանակով չի չափվելու կամ գնահատվելու: Վարկանիշերի անկումը երկու գործիչների դեպքում էլ քաղաքական վախճանի նախանշան չի կարող դառնալ, սակայն վա-բանկ գնացող Լ. Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ ելնելը հեշտությամբ կարող է մեծացնել դրա հավանականությունը: Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես և կարելի էր սպասել, քարոզարշավի հենց սկզբից սառն ընդունելության արժանացավ ոչ միայն իշխանության ճամբարում, այլ, որ ավելի «տարօրինակ» է, ընդդիմադիրների շրջանում: Այսպես, մշտապես իրեն «հինգ րոպե հետո» Նախագահի աթոռին պատկերացնող Ա. Գեղամյանը սրերով ընդունեց ՀՀՇ առաջնորդի երկրորդ վերադարձը: Խառնվել են նաև հանուն ավելի բարձր պաշտոնի ԱԺ նախագահի բազկաթոռից հրաժարված Ա. Բաղդասարյանի խաղաքարտերը: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումից «տուժած» կողմերը, տվյալ դեպքում Նախագահի այն թեկնածուները, որոնց քաղաքական հաշվարկներն առաջին Նախագահի առաջադրմամբ լիովին խառնվեցին, այլ ելք չունեն` իրավիճակի հետ հաշտվելուց բացի: Վերաբերմունքի արտահայտման ձևերն են միայն տարբեր: Ա. Գեղամյանի դեպքում դա արտահայտվում է մոլի հակաքարոզչությամբ, Ա. Բաղդասարյանի պարագայում` «փոխշահավետ» համագործակցության հույսով տևական սպասմամբ: ՕԵԿ նախագահը, սակայն, դեռևս վերջնականապես չի միանում Լ. Տեր-Պետրոսյանին, քանի որ, ի տարբերություն մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի, ինքը զիջումների չի շտապում գնալ: Տվյալ դեպքում, եթե նշված ուժերը կորցնելու քիչ բան ունեին, ապա Ա. Բաղդասարյանի հայտարարությանը պետք է հաջորդի առնվազն ինքնաբացարկը: Կգնա՞ նա այդ քայլին, թե ոչ` պարզ կդառնա ընդամենը երկու-երեք օրից, սակայն այս միավորումը նույնպես էականորեն չի կարող բեկել իրավիճակը: Լ. Տեր-Պետրոսյանի` հետզհետե միապաղաղ դարձող քարոզարշավում նոր ֆիգուրի հայտնությունն անշուշտ դրական լիցքեր կհաղորդի: Այլ հարց է, թե դա ինչ արտահայտություններով կդրսևորվի հասարակական տրամադրություններում, իսկ մի քանի օր անց` քվեների արդյունքում: Ամբողջ խնդիրն այն է, որ քարոզչական վերելքների ու վայրէջքների շրջանն աստիճանաբար հետևում է մնում: Ընտրազանգվածը գրեթե վերջնականապես կողմնորոշված է, և առաջիկա տասնօրյակը այլևս գրեթե ոչինչ չի ավելացնելու եղածին: Չի էլ պակասեցնելու, քանի որ, ինչպես ասում են, թեկնածուներն արդեն իսկ ունեն այն, ինչ ունեն: Տևականորեն Լ. Տեր-Պետրոսյանին վերագրվող տիեզերական հաշվարկները, որից, ըստ նրա շրջապատի, միայն առաջին Նախագահն է գլուխ հանում, կամաց-կամաց հօդս են ցնդում: Իրականությունը, ի վերջո, հաշվի չի նստում նման հաշվարկների հետ: Եվ սրա հետ չհաշտվել չի կարող նույնիսկ առաջին Նախագահը, ով շրջապատի հորդորներով իրավիճակը երկար քննելուց ու զննելուց հետո որոշեց առաջադրվել` կարճ ժամանակ հետո հայտնվելով մուրճի և սալի արանքում: