ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ


Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունն առանձնանում է հատկապես հետևյալ ուշագրավ հետագծով. նա, թերևս, ամենաշատ իրավիճակային որոշումներ կայացրած գործիչներից է: Եթե պնդենք, թե պահի ազդեցությամբ կատարված եզրահանգումները մշտապես անձնանպաստ հեռանկարների ուրվագծմամբ են պայմանավորված եղել, գուցեև մի փոքր սխալված լինենք… Դժվար չէ նկատել, թե հատկապես ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո ներկայում որտեղ է հայտնվել նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Եվ որքան էլ տվյալ դեպքում անցյալն ու ներկան փոխկապակցված լինեն, այնուամենայնիվ, երբեմնի խոստումնալից ու երիտասարդ գործչի սխալները նորովի քննելու կարիք, բնականաբար, այլևս չկա: Պարզապես իրավիճակային որոշումներով իշխանության մաս կազմելը կամ հրաժարվելը, հանգամանքների բերումով ՕԵԿ վերնախավում հայտնված պատահական մարդկանց նախարարարական պորտֆելներ բաշխելը և կամ պատկառելի թվակազմով անհավատարիմներից կազմված խորհրդարանական խմբակցության ձևավորումն ու տրոհումը դեռևս թարմ են պահում տպավորությունը Նախագահի այս թեկնածուի սխալ քաղաքական հաշվարկների մասին: Թեպետ փորձությունները, որքան էլ դառը լինեն, այդուհանդերձ, անհաշվենկատ գործելաոճի ավարտ բոլորովին էլ չեն խոստանում: Այս թեկնածուն հեռուստաէկրաններից շարունակաբար հավատացնում է, թե իր ընտրվելու հաջորդ օրն ևեթ նոր Հայաստանում ենք արթնանալու: Եվ մինչ փետրվարի 19-ը ստիպված ենք դեռ էլի սպասել, ծանոթանանք նաև Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրին: Հենց սկզբում քննադատելով, ըստ երևույթին, խիստ ցավոտ «իրավիճակային քաղաքականություն» կոչվող մոտեցումը` նա հայտարարում է, թե. «դրա հետևանքով երկրին ու ժողովրդին հուզող հիմնախնդիրները տարեցտարի ավելանում են»: Ընդհանուր առմամբ, թեկնածուների ծրագրերն իսկապես շատ են նման: Կան ոլորտներ ու հիմնահարցեր, որոնց հանդեպ խիստ ընդգծված մտահոգություն են դրսևորում բոլորը: Սակայն հաջորդ ընտրություններում ոչինչ կամ քիչ բան է փոխված լինում, և հիմնախնդիրն իր ողջ «հրատապությամբ» ու ծավալով դարձալ մեծ տեղ է զբաղեցնում թեկնածուների նախընտրական ծրագրերում: Ա. Բաղդասարյանի դեպքում, ով թերևս ամենաշատն է մեղադրվում պոպուլիզմի համար, նման «հրատապ» հարցերը մշտապես առաջնային նշանակություն ունեն: Այսպես, նախընտրական ծրագրերում իր գրաված ծավալով ու երկարամյա ստաժով Աղետի գոտու վերականգնման թեման իր հաստատուն և անփոփոխ տեղն ունի: Անկախ այն բանից, որ Աղետի գոտին վաղուց զարգացման գոտի է հռչակվել, այդուհանդերձ շատ ու շատ թեկնածուների նման Ա. Բաղդասարյանն էլ է իր պարտքը համարում հիշեցնել դեռևս տնակներում ապրող 6 հազար ընտանիքների մասին: Ինչ խոսք, նախորդ ընտրություններում այդ թիվն ավելի մեծ է եղել, հինգ տարի հետո հաստատ շատ ավելի փոքր կլինի, կամ, տա° Աստված, նման վիճակագրություն այլևս չլինի: Սակայն, դարձյալ կասկածից վեր է, որ այդ ժամանակ էլ այս թեման շոշափելու ինչ-որ նախընտրական խայծ դարձյալ հորինվելու է: Նախընտրական ծրագրերի դրույթներից արտագաղթին վերաբերողը դարձյալ մաշվածներից է, սակայն դեռ ինչ-որ տեղ շարունակում է պահպանել արդիականությունը: Ա. Բաղդասար յանն էլ չի շրջանցել ինչպես այս, այնպես էլ «տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի», հետո նաև աշխատավարձերի կտրուկ աճի, հետո նաև կենսաթոշակներն ամենաքիչը երկու անգամ բարձրացնելու մասին թեմաները: Հատկապես վերջին խոստումը Նախագահի թեկնածուների շրջանում տարբեր դրսևորումներով է արտահայտվում… Մի դեպքում աշխատավարձերը բարձրացվում են երկու, մյուս դեպքերում` երեք, չորս անգամ… Չորսն առայժմ առավելագույն առաջարկն է, ամենաբարձրը: Եվ մինչ նախագահացուների կողմից կազմակերպվող չհայտարարված քաղաքական աճուրդն իր տրամաբանական ավարտին հասնի, նկատենք, որ առաջադրվող խնդիրներն այդչափ դյուրին են թվում միայն մարզային այցելությունների շրջանակներում: Ի դեպ, մարզերում ամենաբազմամարդ հանրահավաքներ կազմակերպել հաջողվում է Սերժ Սարգսյանին: Հակառակ հավաքվողների մեծ թվին` Վարչապետի խոստումներն ամենաժլատն են: Լավ ապրելու խոստումներ Ս. Սարգսյանը նույնպես տալիս է, սակայն նրա հաշվարկներով մենք երկու անգամ լավ կարող ենք ապրել միայն 2012-ին: Ըստ ամենայնի` տևական ջանքեր են պահանջվում ոչ միայն աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման, այլ նաև աղքատության վերացման և կամ կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք ձեռքբերումներ արձանագրելու համար: Նախագահի թեկնածուների` ապագայի խոստումների իրագործմանը սպասելով` նկատենք, որ այս օրերին հանրությանը հրամցվող ծրագրերում իր` թվում է, թե անփոխարինելի տեղն ունի նաև ավանդների վերադարձման հարցը: Ինչպես և կարելի էր սպասել, Բաղդասարյանը նույնպես խոստանում է ամբողջովին փոխհատուցել բնակչության փոշիացած խնայողությունները: Իր մի քանի մրցակիցների նման, նա ևս չի ցանկանում ընդունել, որ եթե, ասենք, այս տարվա բավական տարողունակ բյուջեի մինչև վերջին լուման էլ ուղղվի այս նպատակին, միևնույն է, հնարավոր չի լինի այդ հսկայական պարտքի գոնե մեկ երրորդը փոխհատուցել… Սակայն տվյալ դեպքում փաստերն ու թվերը կարևոր չեն: Կարևորը խոստումնահեղեղի տեմպը պահպանելն է: Արդյունքում, հավանաբար, թեկնածուներն իրենք էլ չեն նկատում, որ շատ հաճախ ոչ միայն իրականությունից են հեռանում, այլ, որ պակաս անցանկալի չէ, զավեշտալի իրավիճակներում են հայտնվում: Այսպես, Ա. Բաղդասարյանը թեպետ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «քիրվայություն» անելու մասին դեռևս չի բարձրաձայնում, սակայն պայմանագրային զինծառայության թեման առաջ քաշելով` ըստ էության Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկին է հանգում: Այն, որ Հայոց բանակի թվակազմը կրճատելու մասին տեսակետը, մեղմ ասած, անհեթեթ է` դրանում որևէ կասկած չկա: Այնպես որ, լիովին սպասելի ու տրամաբանական էր ոչ միայն որոշ թեկնածուների, այլ նաև շատ ու շատ քաղաքական ուժերի կողմից դրսևորված հակազդեցությունը: Այդուհանդերձ, հետաքրքիր է նաև այս թեկնածուների շատ ու շատ մոտեցումների նույնությունը նույնպես, որոնք ոչ միայն այս քարոզարշավի ընթացքում, այլ նաև ընդհանրապես քիչ չեն: Դժվար է ասել` արդյո՞ք նրանք ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են թե ոչ, բայց, համենայն դեպս, ձեռագրերի նմանություններն անհերքելի են: Մյուս կողմից` անտրամաբանական է թվում ինչպես շատ ու շատ այլ թեկնածուների, այնպես էլ Ա. Բաղդասարյանին առաջին Նախագահի մակարդակին իջեցնելը: Ի վերջո, նաև քաղաքականության մեջ է աշակերտը ձգտում ուսուցչին նմանվել: Եվ նույն իրավիճակային պայմանների թելադրանքով մի օր ՀՀՇ-ից հեռացած Ա. Բաղդասրյանը, անշուշտ, շատ բան է սովորել քաղաքական բազմամյա փորձառությամբ օժտված այդ կուսակցության ղեկավարներից: Եվ, բնականաբար, ՀՀՇ-ին բնորոշ պրագմատիզմից նա էլ իր «բաժին» ժառանգությունն է ստացել: Ու թերևս, գոնե ներքուստ այս թեկնածուն գիտակցում է, որ ինքը կարող է ակնկալել չորրորդ կամ լավագույն դեպքում երրորդ տեղը, և իրավիճակային քաղաքականության թելադրանքով հաճախ է իր քաղաքական հայացքն առաջին Նախագահի կողմն ուղղում: Վերջին հաշվով, երախտամոռությունը նույնիսկ քաղաքականության մեջ չի ընդունվում, իսկ Ա. Բաղդասարյանն իր ապերախտ կուսակիցներից շատ է տուժել: Զոհվելու պատրաստ էլի մեկ թեկնածու Մի պահ թվում է, թե Նախագահի թեկնածուներին չվստահելու հարցում մինչև անգամ ընտրողներն են մեղավոր: Եթե մինչև վերջերս միայն առաջին Նախագահն էլ չարենցյան «Թող ոչ մի զոհ չպահանջվի…» մեջբերմամբ նման պատրաստակամություն հայտնում, ապա մի քանի օր առաջ զոհվելու պատրաստ նախագահացուների թիվը էլի մեկով ավելացավ: Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Ա. Բաղդասարյանը նման հայտարարություն արեց` ավելացնելով, թե նախորդ օրն իր անձի դեմ ուղղված սպառնալիքն առարկայացնում է այդ ցանկությունը: Իհարկե, սովորության համաձայն, նա կոնկրետ անուն չհնչեցրեց` նշելով միայն, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ապա դրա հեղինակը միմիայն իշխանությունները կարող են լինել: Հիմնականում մարզերից եկած երկրպագուներով համալրված հրապարակում կայացած հանդիպման ընթացքում պարզվեց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ու Ա. Բաղդասարյանը միայն զոհվելու հարցում չեն միակարծիք: Ըստ գլխավոր ՕԵԿ-ականի` Հայաստանը պետք է բաց անի աչքերը, քանի որ շարքային մահկանացուներս լավ չենք նկատում, թե ինչ է կատարվում մեր շուրջը… «Խավարը» ցրելու նպատակով նա ներկայացրեց առաջին Նախագահին սատարող ինչ-որ կազմակերպության` շատ ավելի վաղ հրապարակված «Մի քանի տնտեսական հանցագործություն ներ» վերնագրով տեղեկանքից հատվածներ` շրջանցելով այն փաստը, թե ժամանակները, որին վերագրվում են նշված դեպքերը, ինքը երկրի երկրորդ պաշտոնյան է եղել: Իսկ նման դիտարկումների տրամաբանական ավարտին ընդամենը մի քանի օր է մնացել: Համենայն դեպս, օրինաչափը Լ. Տեր-Պետրոսյանին միանալն է: Այսքան շատ նույնությունները ինչ-որ տեղ պետք է զուգակցվեն: Նման միավորում, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ավարտին, խոստացավ նաև Ա. Բաղդասարյանը` առաջարկելով ներկայում ընթացող բանակցությունների արդյունքներին ևս մի քանի օր սպասել: ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը` ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ Նախագահի թեկնածու Ա.Բաղդասարյանի 03.02.08թ. հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար: «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի` փետրվարի 3-ին հրավիրած հանրահավաքում հայտարարել է, թե ոստիկանությունը խոչընդոտել է մարզերից եկող մարդկանց` կանգնեցնելով ավտոբուսներն ու իջեցնելով նրանց, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին£ ... Ոստիկանությունը հայտարարում է, որ նման փաստեր չկան, դրանք մտացածին են: Նկատենք, որ քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստիպված է շարունակաբար հանդես գալ ՕԵԿ¬ի, այսպես ասած, «փաստարկների» հերքումով£ Եվ այս անգամ էլ արվել է հերթական` իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը: ՕԵԿ-ը, ըստ ամենայնի, չի կարողացել ապահովել հանրահավաքի մասնակիցների ակնկալվող թվաքանակ և ընդամենը 6 հազար համակիրներ հավաքելու իրողությունը փորձում է բացատրել ոստիկանության հորինված «խոչընդոտումներով»: Կրկին կոչ ենք անում` ոստիկաններին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ և արհեստական լարվածություն չհրահրել: Դա չի բխում մեր հասարակության և ընտրողների շահերից£ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ