Մինչև փետրվարի 19-ը երկու շաբաթից էլ քիչ է մնացել


Հայաստանը պատրաստվում է նոր նախագահ ընտրել: Այդ ընթացքում նախագահի թեկնածուները կշարունակեն տեսակ-տեսակ խոստումներ շռայլել: Խոստումների պակաս չի զգացվում, որոնք իրականում կարծես նույնն են. տարբեր են միայն ձևակերպումները և դրանց իրագործման ժամկետները: Մեկն ասում է, թե ինքը վերադառնում է քաղաքականություն` մաքրելու երկրի «ավգյան ախոռները», և դրա համար իրեն երեք տարի է հարկավոր: Սա մեր առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն է: Մյուս թեկնածուն, կարծես, համաձայն է այդ «ախոռները» մարելու մտքի հետ, բայց ասում է, թե դրա իրավունքը չունի նա, ով սկիզբ է դրել ակնարկվող ապականություններին: Սա էլ մեր հին ընկեր Վահան Հովհաննիսյանն է: Եվ հետո նրան ավելի քիչ ժամանակ է հարկավոր` անճանաչելի դարձնելու երկիրը. «Իմ ընտրվելու դեպքում դուք մեկ տարի հետո չեք ճանաչի մեր երկիրը»,- հայտարարում է մեր հին ընկեր Վահանը: Իսկ ազգը միաբանող Արտաշես Գեղամյանը, պարզվում է`` ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, իր թեկնածությունն առաջադրել է, որպեսզի բացահայտի առաջին նախագահի ստերը: Է°հ, ստերը բացահայտելն ու ճշմարտախոսությունը աստվածահաճո գործ է: Օրենքների երկիր ստեղծելու տենդով բռնկված Արթուր Բաղդասարյանն էլ կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունը և իր օրինակով ծնելիության աճին խթանելը: Իբրև ասվածի վկայություն` իր նախընտրական շտաբը կին է ղեկավարում: Ու երևի կանանց դարդից է, որ առաջարկում է մեր անհանգիստ տարածաշրջանում հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ու սահմանափակվեց արհեստավարժ բանակով: Բազմաթիվ ուրիշ երազային խոստումներ են հնչում, միայն անընկալելի է մնում, թե ինչպե՞ս են իրականացնելու դրանք: Հրաշագործության իրենց ունակություններին թեկնածուներն այնքան են հավատում, որ յուրաքանչյուրի կարծիքով` իր հաղթանակն անկասկած է, եթե… Եթե, բացառվեն ընտրակեղծիքները: Նախ, ո՞վ է ընտրակեղծիքների մղելու, եթե ոչ` հենց թեկնածուները` իրենց ակտիվ սատարողների միջոցով: Բացի այդ, թեկնածուների մի մասի ինքնավստահությունը ոչ թե ընտրողի համակրանքից է բխում, այլ իրենց օտարերկրյա տերերի «զորությունից»: Հիշեցնենք միայն, որ ընտրողի հայացքն էլ շատ խորաթափանց է, և քաղաքական «վա բանկը» հազիվ թե հավատ ներշնչի: Առավել ևս, որ հնչող կեղծ մեղադրանքների «տողատակից» էլ ուրվագծվում է պատվիրատուների նպատակը: Դիցուք, ուրիշ ինչ կերպ ընկալել Լևոն Տեր-Պետրոսյանի այն մեղադրանքը, թե ինչո՞ւ բարեկամական հարաբերություններ չեն հաստատել հարևանների, մասնավորապես, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ախր, նախընտրական քարոզչությունը, գոնե, պետք է որ օտարա-թշնամիամոլական չլիներ: Պարզ չէ՞, Ադրբեջանը մեզնից պահանջում է վերադարձնել Արցախը: Այո, ասելը դավաճանություն կլինի երկրի ղեկավարի կողմից: Դե, Ադրբեջանն էլ շարունակում է սպառնալ: Թուրքիան էլ Ադրբեջանի ավագ եղբայրն է` գումարած Ցեղասպանությունը «ջրելու» նրա մարմաջը: Ի՞նչ կա չհասկանալու: Իրականում չհասկանալու ոչինչ չկա: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հասկանում: Պարզապես մարդը, ինչպես երևում է, առաջադրանք ունի` ընտրությունները «սևի ու սպիտակի» բախման վերածելու. է°լ ավազակներ ու ավազակապետություն, է°լ չգիտես ինչ որակումներով: Մեկ էլ` հասկանալով ու գուցե նաև զգալով, որ արդյունքում ժողովուրդը վերջնականապես երես է թեքելու իրենցից, Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը` նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարում է, թե իրենք Ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ են արդեն արձանագրել: Հետաքրքիրն այն է, որ նրանք մտադիր չեն իրենց արձանագրած խախտումները ներկայացնել դատարան: Ասում են` դրանք տալու են միջազգային դիտորդներին, ընտրախախտումները բողոքարկելու են միջազգային ատյաններում: Ասել կուզի` իրենց տերերի մոտ արդարանալու են, թե «մենք ջանացինք, բայց այդ Հայաստանում ոչինչ հնարավոր չէ անել»: Է°հ, Աստված իրենց հետ, երկու շաբաթից էլ քիչ մնաց:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ