ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ° ՀԵՌԱՆԱԼՈՒ


Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի կարևորում ո°չ ընտրողների հետ հանդիպումները, ո°չ քարոզչական կարգախոսի առկայությունը և ոչ էլ նախընտրական շտաբների ակտիվ գործունեության անհրաժեշտությունը: - Հանդիպումները պետք է լինեն ընտրողների նախաձեռնությամբ և ոչ թե պարտադրվեն իմ կողմից,- իր քարոզչության սահմանափակ ծավալներն այսպես է «պատճառաբանում» թեկնածուն` հավելելով, որ անկախ ամեն ինչից` գոնե ինքն իր ընտրվելը միանգմայն հնարավոր է համարում: Ազատ և արդար քվեարկության երաշխավորի դերում Ա. Մելիքյանը առավելապես պետությանն ու հասարակությանն է պատկերացնում` փաստորեն իր անելիքը սահմանափակելով միայն որպես շարքային ընտրող` քվեարկությանը մասնակցելով: Իսկ եթե փետրվարի 19-ից հետո պարզ դառնա, որ քվեարկությունը երկրորդ փուլով է ավարտվելու, Մելիքյանը սատարելու է միայն Նախագահի այն թեկնածուին, ում կողմից հավանության կարժանանան իր ծրագրերն ու մոտեցումները: Հակառակ պարագայում իր քվեներից և ոչ մեկը Ա. Մելիքյանը հենց այնպես որևէ թեկնածուի չի նախատեսում «նվիրել»: Մյուսների դիրքորոշումները վաղօրոք ճշտելու հարցում ևս նա չի շտապում` բացահայտելով, որ որևէ մեկից բանավիճելու առաջարկ ինքը չի ստացել և ոչ էլ պատրաստվում է կլոր սեղանի շուրջ քննարկումներ կազմակերպելու նախաձեռնողը դառնալ: Իր ասելով` դեռ առաջադրվելու շրջանում մտահոգություն է հայտնել քաղաքական դաշտում աճող անհանդուրժողականության վերաբերյալ, սակայն համոզվել է, որ նախընտրելին ինքնուրույնությունը պահպանելն է, քանի որ, իր ասելով, ոչ իշխանամետ ճամբարին է նախապատվություն տալիս, ոչ էլ ընդդիմադիր: - Եթե ճամբարի խնդիր ունենայի, արդեն որևէ ճամբարում կլինեի,- նշում է Ա. Մելիքյանը` մանրամասնելով,- իմ մոտեցումներն այսօր ես որևէ ճամբարում կիրառելի չեմ համարում: Ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին` այս թեկնածուն չի բացառում հետագայում այս կամ այն ուժի հետ ճանապարհ անցնելու հնարավորությունը: Ընտրություններից հետո էլ նա քաղաքականությունից չի հեռանալու, քանի որ համոզված է, թե իր մոտեցումները հետագայում էլ են կենսունակ լինելու և արժանանալու են ժամանակի դրական գնահատականին: Իր նախընտրական ծրագրում, Նախագահի մյուս թեկնածուների պես, նա նույնպես խոստանում է բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները և, չնայած ստանալիք ոչ այնքան շատ քվեներին, չի դժգոհում «Գելափի» սոցհարցումների արդյունքներից: