Լրահոս


Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեիին: Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց դեսպանին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն է°լ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Դեսպանն, իր հերթին, Մ.Հարությունյանին փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի շնորհավորական ուղերձը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը: Մ.Հարությունյանն անդրադարձավ նաև երկու երկրների միջև վաղուց արդեն ձևավորված առևտրական հարաբերություններին, մասնավորապես սննդամթերքի բնագավառում` ըդգծելով Իրանից Հայաստան ներկրվելիք բուսական յուղը: Կողմերը հույս հայտնեցին, որ դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտն այսուհետ ևս հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության: Ինչպես նաև փաստեցին, որ տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած մեծ ձեռքբերումներով ամրագրված հայ-իրանական հարաբերություններում լուրջ խթան են հանդիսանում մեր երկու երկրների ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: