Ի՞նչ արժե նախագահի աթոռը թեկնածուների համար


Ռուսաստանում, պարզվում է, պետդումայի ընտրությունները շատ ավելի թանկ են արժեցել, քան նախագահինը: Խորհրդարանական ընտրություններից առաջ 11 կուսակցությունների ընտրական հիմնադրամներում հավաքված է եղել 3 միլիարդ 800 միլիոն ռուբլի: Իսկ նախագահի 4 թեկնածուները հունվարի 30-ի դրությամբ «հավաքել» են ընդամենը 115 մլն 300 հազար ռուբլի: Լրատվամիջոցներին հիասթափեցրել է նաև այն իրողությունը, որ պետությունը բյուջեից ավելի քան 43 անգամ ավելի գումար է նախատեսել, քան բոլոր թեկնածուները միասին: Այս խնդրով խիստ հետաքրքրվողները նախատեսված այդ 5 միլիարդ գումարաչափը համեմատում են նախորդ` 2005 թ. պետական ընտրածախսերի հետ (ի դեպ` օրենսդրությամբ հաստատված)` 400 միլիոն ռուբլի նախագահի և 1,8 միլիարդ` խորհրդարանականի համար: Ոմանց զարմացնում է նաև այն փաստը, որ 315 խորհրդարանական բազկաթոռի համար "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ"-ն ծախսել է 1,3 միլիարդ, իսկ, օրինակ, նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդևը` առայժմ 1,2 միլիոն: Ընդգծենք` առայժմ, որովհետև դեռ մինչ ընտրություններին ամբողջ մեկ ամիս կա, և քարոզարշավը պետք է որ ավելի ծախսատար լինի: Այսպիսով, ՌԴ ԿԸՀ տվյալներով, հունվարի 31-ի դրությամբ, գրանցված 4 թեկնածուների ընտրական հիմնադրամները պարունակում են. Դմիտրի Մեդվեդևինը` 66,3 մլն ռուբլի (որից ծախսվել է 1,2 մլն-ը), Գենադի Զյուգանովինը` 29,2 մլն (որից 26,4-ը ծախսվել է), Վլադիմիր Ժիրինովսկունը` 15 մլն ռուբլի (արդեն ծախսվել է 11,9 մլն-ը) և Անդրեյ Բոգդանովինը 4,8 մլն, որից ծախսվել է ընդամենը 0,8 միլիոն ռուբլի: Իմիջիայլոց, նրանցից միայն Դմ. Մեդվեդևն է, որ իր ունեցվածքի և եկամուտների մասին տեղեկություններում ոչինչ չի մոռացել նշել: Մյուս երեքը, այնուամենայնիվ, «մոռացել» կամ չեն կարևորել ստացած որոշ եկամուտների կամ ունեցած տարածքները: