«Հրաշալի ութնյակ»-ը


Դասական երաժշտարվեստի գոհարներից կազմված համերգային ծրագիրը բացելու պատվին նորաստեղծ երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հենց այնպես չէ, որ արժանացել էր: 2005-ին կոնսերվատորիայի ուսանողության նախաձեռնությամբ կազմավորված երաժշտախմբի հնչեցրած հատվածները Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտից` ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառեցին, այլև հավաստեցին ընդամենը երկամյա գործունեությամբ, այս տարվանից պետականի կարգավիճակով հանդես գալու իրավունքը նվաճած երիտասարդ երաժիշտների կատարողական ունակությունների մասին: Վ. Բուխենբերգի «Մուբո»-ն «Հովեր» կամերային երգչախումբը յուրովի է մեկնաբանում: 15-ամյա բեղմնավոր գործունեությամբ, հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի հղկած ուրույն ոճով, որ ակնածալից ուշադրության է արժանացել մի շարք միջազգային փառատոներում: Հարություն Թոփիկյանի կողմից 1996-ին Երևանի կամերային երգչախումբը ստեղծվել է կարևոր մի առաքելությամբ` պահպանել ու տարածել Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ողջ (թվով` 147 խմբերգ) ժառանգությունը: Ժողովրդական զվարթ տրամադրությամբ ներկայացված «ծաղկաքաղը» խանդավառեց անզուգական Վարդապետի անվան ու գործի հարատևության, ազգային նկարագրի անխաթարության որոշակի հույսով: «Հրաշալի ութնյակ»-ում ընդգրկված պետական կամերային նվագախումբն (գեղ. ղեկավար` Արամ Ղարաբեկյան) ու երգչախումբը (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մլքեյան) Փյորսելի «Չակոնա»-ի, Բրիտենի «Perpetuum mobile»-ի, Ալ. Հարությունյանի «Սասունցիների պար»-ի, Բրամսի «Սիրո երգեր» շարքից ընտրված 4 վալսերի վարպետ կատարումներով ամրապնդեցին նորածիլ հույսը: Հատկապես ժողովրդական «Մարալ» երգի (մշակումը` Ռ. Մլեքյանի) նորովի մատուցմամբ: Երկար տարիներ «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական հիմնադրամի գլխավոր հովանավորությամբ իրենց արժանապատիվ գոյությունը պահպանող այս համույթներից վերջինը այս տարվանից գործելու է պետական ֆինանսավորմամբ, իսկ առաջինի 20 երաժշտական գործիքները Ֆրանսիայի մասնագետների կողմից վերականգնվեցին Եվրամիության «Culture 2000» ծրագրի շրջանակներում և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Համերգային ծրագրի վառվռուն ելևէջները կատարումից կատարում թանձրացան` իրենց ամենատպավորիչ հնչերանգներով հարստանալով Անուշի խելագարության տեսարանի կատարմամբ: Մենակատար Անահիտ Մխիթարյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր` Յուրի Դավթյան) և երգչախմբի (գլխավոր խմբավար` Կարեն Սարգսյան) համատեղ հյուսած երաժշտական հենքի վրա, փայլուն վերապրեց Անուշի հանրածանոթ ողբերգությունը` խորապես հուզելով զգայական լարվածությամբ համակված հանդիսասրահը: Կատարողական իր բարձրակետում էր նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար` Հովհաննես Չեքիջյան) Արամ Խաչատրյանի («Ձոն ցնծության» հանրահայտ երաժշտական կտավի անթերի հնչեցմամբ: «Հրաշալի ութնյակ»-ի կոլեկտիվներից հնագույնը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար` Էդուարդ Թոփչյան), որի տարեվերջյան համերգաշարի հարուստ երկացանկի բարձրարվեստ նվագի հնչեղ ակորդները դեռևս չէին մարել Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում` դրանց ներդաշնակությամբ զմայլված ունկնդիրների հիշողության մեջ, վերստին թարմացնում է Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքի և Ալ. Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ի կատարումների հարուցած տպավորությունները: Դասական երաժշտական արժեքների անանցողիկությունը մեր օրերում հաստատող նվագախմբերի և երգչախմբերի ութնյակի ելույթները միասնաբար կազմեցին յուրօրինակ մի հաշվետվություն, որը, վստահ եմ, գոհունակությամբ ընդունեցին նրանց գործունեությունը այս կամ այն չափով սատարած բարձրաստիճան ունկնդիրները: Պետական սրտացավ ուշադրությունն ու գործուն աջակցությունը աննախադեպ խթանում են արվեստագետների ստեղծագործական թռիչքը, արարման հրաշքներ ծնում: Արժանանային հարկավոր պետական վերաբերմունքի տարբեր ոլորտների կոլեկտիվ ստեղծագործողները, որոնց նկատմամբ մասսայական հետաքրքրությունը մասամբ խարխլվել է, մեր համազգային հոգևոր զարթունքը միանգամայն իրականանալի կդառնար: Այս առումով առանձնահատուկ կարևորում եմ գործող 16 պետական թատրոնների ստեղծագոր ծական լիարժեքությունը: Բայց այս մասին` առանձին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ