ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ


Իրանի Իսլամական հեղափոխությունը լոկ իրանական երևույթ չէ: Ծագելով Իրանի ակունքներից, այն դարձավ համամուսուլմանական երևույթ, արթնացրեց բոլոր ճնշված ժողովուրդներին` նվաճելով համաշխարհային կոչվելու իրավունք: Միավորող հավատքով միայն կարելի է համազգային զարթոնքի հասնել Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 29-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսը նշանակալից է նախևառաջ նրանով, որ վերստին հաստատում է ներկայիս բարեփոխված կենսակերպում շահական բռնատիրությունից և ամերիկյան գաղութարարներից իրանական ժողովրդին ազատագրած հեղաբեկումնային այդ իրադարձության կարևորությունը: Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խոմեյնու գլխավորությամբ հավատքի միավորող ուժով համախմբվեցին մտավորականությունը, աշխատավորութ յունն ու հոգևորականությունը: Իսլամը, փաստորեն, դարձավ մարդկանց հոգիները մաքրագործող գերհզոր մի ուժ, համազգային զարթոնքի խթան: Եվ նրանով գոտեպնդվածները, ընդամենը 10 օրում, կարողացան հաղթանակով պսակել իրենց հեղափոխական պայքարը: Մեծ շուքով տոնելով Իրանի ժողովրդական մեծ հեղափոխության հաղթանակի յուրաքանչյուր տարեդարձը` մայր հայրենիքում և արտասահմանյան ամենատարբեր երկրներում մանրակրկիտ լուսաբանում են այդ պատմական երևույթի ողջ ընթացքը, ցուցադրում հետհեղափոխական տասնամյակների իրենց ձեռքբերումների իրեղեն հավաստիքները: Եվ կոնկրետ իրենց օրինակով ազդարարում համայն մարդկությանը` միավորող հավատքով միայն կարելի է համազգային զարթոնքի հասնել, ազատագրվել ստրկության շղթաներից: Հենց այս էին վկայում մեր ժող. արվեստի թանգարանի ցուցասրահներում ներկայացված լուսանկարները, փայտամշակման (խաթամ), մետաղագոր ծության (ղալամ), էմալե ու ջնարակե (մինա) ձեռակերտ աշխատանքները: Մանրանկարչության ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ուշագրավ արտահայտություններն էին Մահմուդե Ֆարշչյանի մոտ 3 տասնյակ նկարները, որոնցում առանձնակի հետաքրքիր էին կաշվի վրա արվածները: Նրբաճաշակ էին Մոհամմադ Ալի Սաբզեի, Ասրաֆիլ Շիրչի, Խոսրով Ռոշանի գեղագրության լավագույն նմուշները: Գրահրատարակչական գործի բարգավաճման մասին հստակ պատկերացում էր տալիս կրոնական, ժամանակակից գեղարվեստական, ուսումնական գրականության, իրանագիտական ալբոմների հարուստ տեսականին, որում պարզորոշ զգացվում էր իրանցիների հոգևոր ներշնչանքի ամենագլխավոր աղբյուրի` Ղուրանի ըստ արժանվույն կարևորումը: Ճանաչողական ծանրակշիռ արժեք ունեին Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի հայերենով հրատարակած վերջին գրքերը, որոնք սիրահոժար տրամադրվում էին ցուցահանդեսի այցելուներին: Հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդման վկայությունն է նաև այս նորաբաց ցուցահանդեսը: Դատելով բացման արարողության ներկայացուցչական հանդիսությունից (ներկա էին` Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակ հայր Անուշավանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և պաշտոնական այլ անձինք, հայ մտավորականության ու լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ)` միջպետական կառավարական մակարդակով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ