Ատոմակայանը նաև էներգետիկ հզորություն է


Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում հանրությանը ներկայացվեց ստորագրված փաստաթղթերի մի փաթեթ, որոնք պաշտոնատար մի շարք անձանց հավաստիացումներով, նոր էջ են հայ-ռուսական հարաբերություններում: Այդ պնդումները պետք է վերագրել Հայաստանի պաշտոնյաների անգիտությանը կամ իրականությունից անտեղյակ լինելուն: Այլապես, դժվար կլիներ հանրությանը որպես ձեռքբերում ներկայացնել այն, ինչը բացի գազային, էներգահումքային մանիպուլ յացիաներից, ըստ էության չի պարունակում որևէ շոշափելի և հեռանկարային նորություն:

Ավելին, այդ ամենում բացակայում է այն միակ էականը, որ Հայաստանի համար ներկայում ունի ռազմա-քաղաքական մեծ նշանակություն: Եվ դա ամենևին էժան գազը կամ էժան զենքը չէ, այլ Հայաստանի նոր ատոմակայանը:

Հայաստանի տարածաշրջանային անվտանգությունն ու ռազմա-քաղաքական կշռի հեռանկարը պայմանավորված է նոր ատոմակայանի կառուցմամբ: Կկառուցվի՞ այդ ատոմակայանը` Հայաստանը կպահպանի տարածաշրջանային որոշակի հեռանկարներ: Չի կառուցվի` Հայաստանը կվերածվի մի պետության, որը ստիպված է լինելու անվերջ նոր գլուխկոտրուկներ լուծել:

Սակայն, Պուտինի «գերռազմավարական» և «գերշահավետ» հռչակված այցի ընթացքում Հայաստանի նոր ատոմակայանի մասին ոչ մի խոսք չեղավ: Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը տասը օր առաջ Սանկտ-Պետերբուրգում ընդունելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին, Պուտինը հայտարարել էր Թուրքիայում ատոմակայան կառուցելու 20 միլիարդ դոլարանոց ծրագրի մասին:

Մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի հետ տարիներ առաջ ստորագրել է համաձայնագիր, ըստ որի ստանձնել է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործընկերությունը: Դա է հավանաբար պատճառը, որ դեռևս 2008 թվականի հոկտեմբերից հռչակված ատոմակայանի շինարարության մեջ հիմքի նույնիսկ կես մետր փոս չի փորվել: Փոխարենը ստորագրվել է Ռուսաստանի հետ համաձայնագիրը, ինչը բավական է, որպեսզի որևէ այլ պոտենցիալ ներդրող անգամ մոտ չգա այդ ծրագրին:

Ռուսաստանը բարեհաջող կերպով տապալել է Հայաստանում նոր ատոմակայանի հեռանկարը, քանի որ այն չի բխում Մոսկվայի համար ավելի հետաքրքիր ծրագրի շահից: Խոսքը հենց Թուրքիայում ատոմակայանի կառուցման մասին է: Ռուսաստանի համար սա ռազմավարական խնդիր է` թուրքական շուկա մուտք գործել միջուկային էներգետիկայի ծրագրով: Շատ հավանական է, որ Անկարան Մոսկվայի հետ այդ համաձայնությանը եկել է հենց Հայաստանի նոր ատոմակայանի ծրագիրը չեզոքացնելու պայմանով: Թուրքիային հանգիստ չի տալիս Հայաստանում միջուկային գեներատորի առկայությունը: Այն ռումբ չէ, բայց թուրքերն անկասկած, շատ լավ գիտեն, թե ինչերի են ունակ Հայաստանի որակյալ ինժեներներն ու տեխնիկական գիտությունների ներկայացուցիչները: Գիտեն նաև, որ ի վերջո Հայաստանը թոթափելու է իրեն պատուհասած բոլոր դժվարությունները:

Գիտեն և այս պահն են օգտագործում Հայաստանը զրկելու միջուկային, անգամ էներգետիկ տեխնոլոգիայից: Հին ատոմակայանը հնարավոր չի լինելու շահագործել անվերջ: Դրա կյանքը երկարաձգվելու է տասը տարով: Իսկ Մոսկվան անկասկած կհոգա, որ դա լինի հայկական ատոմակայանի վերջին տասնամյակը:

Մոսկվան նաև բիզնես առումով շահագրգռված չէ Հայաստանում ատոմակայանի տեսքով նոր էներգետիկ հզորության ստեղծմամբ:

Հայկական «է˜է˜է˜լիտա» կոչվածի համար սակայն այդ ամենը ոչինչ է: Ի՞նչ տարբերություն, թե որտեղի արտադրված լույսն է լուսավորելու նրանց առանձնասենյակ ները, դղյակներն ու ռեստորանները:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ