ՄԻ՞ԹԵ ԱՅԼ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ


Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Մաքսային միության: Օրավուր Եվրոպայի ամենամեծ երկրում լարումը հասնում է իր գագաթնակետին:… Ողջ աշխարհի ուշադրությունն է սևեռված Կիևին, Եվրոասոցացման կողմնակիցների շարքերն առավել ընդլայնվում են, սակայն, ինչպես հայտարարեց Վլադիմիր Պուտինը, այդ շարժումը որևէ կապ չունի Մաքսային միության հետ:

Առաջին հայացքից սա կարող է շատ տարօրինակ թվալ, քանզի ուկրաինացիները բացահայտ հայտարարում են, որ դեմ են Մաքսային միությանը, որ չեն ցանկանում Ռուսաստանի հետ համատեղ ճանապարհ անցնել: Եվ սա մտնում է տրամաբանական բացատրությունների մեջ, քանզի վերջին մի քանի տարվա ընթացքում սրվել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները. Ռուսաստանն անընդհատ ստորացնում է Ուկրաինային, կեղծ համարում նրա պատմությունը, այդ երկիրը հռչակում իր անկապտելի մասերից մեկը: Ուստի, այս ընդվզումը դառնում է հասկանալի: Սակայն Պուտինի անսպասելի հայտարարությունը և մեկնաբանությունը պարտադրում են լրջորեն մտորել Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ըստ Ռուսաստանի առաջնորդի, Ուկրաինայում պատրաստվում են նոր նախագահական ընտրությունների, որոնք տեղի են ունենալու գարնանը, հետևաբար ընդդիմությունն ու Յանուկովիչին դեմ կանգնած ուժերն օգտագործում են իրավիճակը` նոր ընտրություններում նրան չընտրելու, գուցեև շատ ավելի շուտ արդյունքի հասնելու համար…

Այսինքն, Մաքսային միությունն ընդամենը պատրվակ է ուկրաինացիների համար` պատրաստվելու նոր ընտրությունների: Ըստ որոշ աղբյուրների, այս իրադարձութ յունների թիկունքին կանգնած են եվրոպական ուժեր, որոնք ամեն կերպ կամենում են ռուսամետ Յանուկովիչին հեռացնել իշխանությունից: Գուցե ասվածը մոտ է ճշմարտությանը, որովհետև այժմ Յանուկովիչը դարձել է անընդունելի ինչպես սեփական երկրում, այնպես էլ Ռուսաստանում և Եվրոպայում: Նա վերջին օրերին ճիգեր է գործադրում ցույց տալու իր հավատարմությունը ժողովրդին, ուշացած խոստովանություններ է անում, կոչեր հնչեցնում: Սակայն, ինչպես տեսնում ենք, նրան ոչ ոք չի հավատում… Յանուկովիչն այն նախագահն է, ով պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո որդեգրեց խաղի մի քանի կանոններ, որոնք իր երկրին մերթ Ռուսաստան են տանում, մերթ` Եվրոպա: Ավելին, Յանուկովիչը շարունակեց իր երկրի կապերն արևելյան մի շարք տերությունների հետ, որոնք բացահայտորեն վարում են ռազմատենչ քաղաքականութ յուն, ձգտում են թեժ կետերի ստեղծման:

Հրապարակայնորեն որևէ քայլ չկատարելով Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, Յանուկովիչն, այնուհանդերձ, ամենաջերմ հարաբերությունները հաստատեց Ադրբեջանի հետ` մեծացնելով այդ երկիր առաքվող զենքի խմբաքանակները: Այս ամենը, բնականաբար, չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի տեսադաշտից, հետևաբար այսօր ինչպես Ուկրաինայում գործող ռուսական ուժերը, այնպես էլ ընդդիմությունն ամեն ինչ անում են` արագացնելու Յանուկովիչի գահընկեցությունը: Մինչդեռ ինտրիգների մեջ հմտացած նախագահը ջանքեր է գործադրում, որպեսզի քավության նոխազ դառնա կառավարութ յունը, իսկ ինքը պահպանի իր իշխանությունը…