ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ


Հայտնի է, որ արտասահմանյան ուղևորություններից առաջ միշտ էլ Ազգային ժողովում յուրատեսակ պայքար է սկսվում...

Ու ամենից շատ կռվողները կին պատգամավորներն են, ովքեր շատ են կամենում ընդգրկվել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների կազմում: Մասնավորաբար կռիվները թեժանում են, երբ խոսք է գնում այսպես կոչված էկզոտիկ երկրների մասին: Ասենք, վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել Հովիկ Աբրահամյանի Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցից առաջ: Այդ կռիվներն անգամ հասան զավեշտի, ու վերջում հաղթեցին նրանք, ովքեր շատ ավելի բարձր էին գոռում...

Բայց ահա ԱԺ նախագահի Հնդկաստան կատարած այցից առաջ կրքեր ու հուզումներ չեղան, ոչ ոք բուռն ցանկություն չհայտնեց մեկնելու «հետամնաց» այդ երկիր: Գուցե պատճառն ա՞յն էր, որ ժամանակին շատ կին պատգամավորներ հագեցել էին հնդկական ֆիլմերով, կամ էլ ամեն օր երևանյան փողոցներում հնդիկներ տեսնելով...

Ինչևէ: Հնդկական այցը կայացավ, ամեն ինչ անցավ խաղաղ, սակայն մի հարց մնաց հետաքրքրող. հատկապես ԱԺ պատվիրակությունների արտասահմանյան այցերն ի՞նչ են տալիս մեր խորհրդարանին, երբ շատ վաղուց սկզբունքային ու հիմնարար փոփոխություններ չեն արձանագրվում միջխորհրդարանական հարաբերություններում, երբ բացակայում են համագործակցության բազմաբնույթ դրսևորումները, որոնք ինտեգրման և շփումների լայն հեռանկարներ պիտի ստեղծեին...