Մաքուր օդ` առանց խորովածանոցների


Իրենց քաղաքում օդի աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու մտահոգությամբ` Պեկինի իշխանությունները փողոցներում տեղադրված հարյուրավոր խորովածանոցներ են փակել (հաղորդել է Reuters-ը):

Այս ուղղությամբ նրանց պայքարն այնքան հիմնավոր է, որ եռամսյա ժամկետում բռնագրավել են 500 մետաղյա սարքեր և մանր կտորտանքի վերածել, որպեսզի այլևս հնարավոր չլինի օգտագործել:

Որոշ տվյալներով` չինական խորովածանոցներում աշխատում են գերազանցապես մուսուլման-ույգուրներ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանից:

Շրջակա միջավայրի պաշտպանների խոսքով` Պեկինի բնակիչները բողոքել են փողոցներում տարածվող խորովածի ծխից ու հոտից: Իրենց այս քայլը ճիշտ համարելով հանդերձ, ակտիվիստները գտնում են, որ ավելի մեծամասշտաբ պայքար պետք է ծավալել` հանուն մաքուր օդի:

Պեկինյան իշխանությունները օդի աղտոտվածության գնահատման հատուկ չափորոշիչ են սահմանել: Ու երբ այդ սանդղակը բարձր ցուցանիշ է նշում, արտակարգ միջոցներ են ձեռնարկվում: Դիցուք, կենտ կամ զույգ համարանիշերով մեքենաների երթևեկը թույլատրվում է օրումեջ, դադարեցվում է կրթօջախների աշխատանքը: Ավելին, փորձ է կատարվում արգելել մի շարք գործարանների աշխատանքը:

Փաստորեն բնակչության մեծ թիվը անտարբերություն չի ծնում մարդկանց առողջության հանդեպ: Իսկ օդի աղտոտվածությունը, ըստ վիճակագրության, ծայրահեղ բացասաբար է անդրադառնում պեկինցիների առողջության վրա` հարուցելով թոքերի քաղցկեղ: Քամի չեղած օրերին քաղաքը թանձր մառախուղով է պատվում: