Ֆրանցիսկ Պապը դատապարտել է դարիս ախտերը


Մասնավորապես` փողի պաշտամունքը և վայրի կապիտալիզմը:

Անցյալ շաբաթավերջին նա հանդես է եկել կաթոլիկական եկեղեցու արմատական բարենորոգման, ապաբյուրոկրատացման, ինչպես նաև մոլորակի չքավոր բնակչութ յան խնդիրներին անդրադառնալու կոչով:

Ինչպես նշել է Reuters-ը, հովվապետը դատապարտել է «վայրի կապիտալիզմը»` այն որակելով որպես «նոր բռնապետություն»: Համաշխարհային առաջնորդներին նա հորդորել է պայքարել աղքատության և անհավասարության դեմ, իրենց քաղաքացիներին ապահովել աշխատանքով, ուսանելու հնարավորությամբ և բուժսպասարկմամբ:

84 էջանոց իր Առաքելական ուղերձում Պապն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսական համակարգը դարձել է արատավոր, քանզի ամբողջապես հենված է «փողի պաշտամունքի» վրա:

Ճշմարիտ քրիստոնյային վայել նրա արդարամտությունը միայն խոսքերով չի հնչում. իր համեստագույն կենսակերպով Պապը լավագույն օրինակն է իրական հովվապետի: Ու պատահական չէ, որ աշխարհի իշխանավորներին դիմելուց առաջ նախ հայտարարում է, թե աշխարհի անարդարությունների դեմ պայքարելու համար գթասրտության քարոզչությունն ակտիվացնելուն զուգահեռ պետք է վերանայվի նաև Եկեղեցու կառուցվածքը: Նա գտնում է, որ Կաթոլիկ եկեղեցին իր կառուցվածքով չափից ավելի կենտրոնացված է, և նույնիսկ իր իշխանությունն ու լիազորությունները գերազանցում է սահմանը: Եկեղեցու և հասարակության հարաբերությունները նույնպես վերանայման կարիք ունեն:

Ֆրանցիսկ Պապի այս կոչին ծանո՞թ է մեր հոգևոր դասը: Ո´չ թե սոսկ տեսքին, այլ բովանդակությանը: Եթե այո, ապա նրանցից շատերը գոնե պետք է հիշեն, որ արծաթասիրությունից մինչև մատնություն մի կիսաքայլ է ընդամենը: