ԱՇԽԱՏԱ՞ՆՔ ՉԿԱ, ԹԵ՞ ԱՇԽԱՏՈՂ


ՆՈՐԱՎԱՐՏ երիտասարդին աշխատանքի տեղավորվելու համար անչափ կարևոր է նաև աշխատանքային փորձ ունենալը, որը ուսանողը երևի պիտի ձեռք բերի ուսումնառությանը զուգընթաց: Հայաստանում բնակվող երիտասարդների կեսը չի կարողանում գտնել աշխատանք: Այս մասին բարձրաձայնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով Հայաստանում ապրում են 870 հազար երիտասարդներ` 14-30 տարեկան և նրանց 50 տոկոսը աշխատանքի որոնումների մեջ է, մի մասն էլ իր մասնագիտությամբ չի աշխատում:

- Երիտասարդությանն այսօր հուզում է ոչ միայն զբաղվածության, այլև ազատ ժամանցի կազմակերպման, բարոյահոգեբանական, ֆիզիկական, հոգևոր կրթություն ստանալու խնդիրները, միջազգային ծրագրերին մասնակցելու անկարողությունը: Հիմնախնդիր է նաև այն, որ ուսումնառության տարիների ընթացքում ուսանողներն ստիպված աշխատում են: Գործազրկությունը երիտասարդների նախաձեռնողականության բացակայության արդյունք է նաև: Պատրաստի մատուցվող ամեն ինչը լավն է, ընկալելի, մինչդեռ այն ամենը, ինչ պիտի ստեղծվի սեփական նախաձեռնությամբ, բարդ է ու գրեթե անհնար,- նշեց Գ. Մակարյանը:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Անահիտ Շահինյանը ևս պատկանում է այն երիտասարդ գործազուրկների թվին, որոնց համար աշխատանք գտնելը դարձել է անհնարին:

- Այսօր Հայաստանում գրեթե անիմաստ է դարձել ԲՈՒՀ ավարտելը. եթե «մեջք» չունեցար, ոչ-ոք էլ քո սիրուն աչքերի համար քեզ աշխատանքի չի վերցնի: Արդեն երկու տարի կլինի, որ աշխատանք եմ փնտրում, սակայն ապարդյուն:

Նույն բուհի ուսանող Արտակ Նազարյանը ասաց, որ այսօրվա երիտասարդների չնչին տոկոսն է իր ապագան տեսնում Հայաստանում.

- Այսօր երիտասարդների մեծ մասը դեռևս ուսումնառության առաջին տարվանից սկսում է Հայաստանից հեռանալու մասին մտածել: Մի երկրում, որտեղ կիրթ մարդը տեղ չունի, ի՞նչ իմաստ ունի մնալ ու գոյություն քարշ տալ:

Իսկ ահա ԵՊՃՀ ուսանող Գվիդոն Սիմոնյանը կարծում է, որ այս հարցում իրենց մեղավորությունը ունեն նաև երիտասարդները.

- Աշխատանք չգտնելը պայմանավորված է գիտելիքների նկատմամբ ունեցած անվստահությամբ: Իմ համոզմամբ, աշխատանք չեն գտնում նրանք, ովքեր չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ: Լավ մասնագետը միշտ էլ աշխատանք գտնում է, իսկ լավ մասնագետ միանգամից չեն դառնում: Դրա համար, սեփական փորձից եմ ասում, պետք է կամավորական աշխատանքներում ընդգրկվել` մասնագիտական հմտություններն ու կարողություններն ամրապնդելու համար,- համոզված էր զրուցակիցս:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Նոնա Սիմոնյանի համոզմամբ էլ` այս ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնցից մեկը կրթական ինստիտուտի և աշխատանքային շուկայի թույլ կապն է:

Այսօր կարևորագույն հարց է երիտասարդների աշխատանքի խնդիրը: Ունենք կրթական ինստիտուտի և աշխատանքային շուկայի թույլ կապ և գործազրկության բարձր աճ, իսկ գործազուրկների 25 տոկոսը երիտասարդներն են,- հայտնեց նախարարության աշխատակիցը:

ԵՊԲՀ-ի ուսանողուհի Արև Անտոնյանի կարծիքով աշխատանք մեծ իմաստով կա, բայց այն հնարավորություն չի տալիս արժանապատիվ ապրել.

- 8-9-ը տարի սովորում ենք բժիշկ դառնալու համար, սակայն ավարտելուն պես հասկանում ենք, որ հայտնվել ենք դատարկ տաշտակի առջև:

ԵՊՀ ուսանող Արամ Ալեքսանյանն էլ փաստում է, որ այսօր ամենուր կարելի է տեսնել աշխատանքի ընդունման հայտարարություններ, բայց…

- Դասախոսներից հաճախ ենք լսում` «աշխատանք կա´, աշխատո´ղ չկա» արտահայտությունը: Բայց ինչ աշխատանքի մասին են խոսում հարգարժան դասախոսները` վաճառողի՞, մատուցողի՞, թե՞ վարորդի: Շատ հաճախ նրանք աշխատանք չգտնելը կապում են գիտելիքների պակասի հետ, այն դեպքում, երբ ամենուր են կարմիր դիպլոմով գործազուրկները:

Ինչո՞ւ ենք ստանում բարձրագույն կրթություն, եթե հետո չենք կարողանալու մեր ստացած մասնագիտությամբ աշխատել: Իսկ որոշ դասախոսներ հորդորներ հնչեցնելուց առաջ մի պահ թող խորհեն` գուցե այստեղ իրենց բացթողումն էլ կա,- հավելեց Արամը:

Նոնա Սիմոնյանը հուսադրող մի տեղեկատվություն փոխանցեց, որ այժմ կառավարությունում նոր հայեցակարգ է մշակվում, որի նպատակը այն է, որ կարողանան այսուհետ այնպես անել, որպեսզի երիտասարդները մասնագիտություն ընտրելիս ոչ թե առաջնորդվեն ընտանիքի անդամների խորհուրդներով կամ ֆինանսական ապահովվածությամբ, այլ ընտրեն իրենց ունակություններին և նախասիրություններին համապատասխան մասնագիտություն: Արդյունքում կլինի մասնագիտության գիտակցված ընտրություն, ինչը սեփական նախասիրություններն ավելի իրատեսորեն կուղղորդի:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ