Մաֆիստ լինելն օգտակար էր որկորին


Իտալական սրճարանն «ընդառաջել» է մաֆիստական խմբի անդամ ներկայացած այցելուին ու մի քանի օր նրան կրուասաններ, սուրճ և ոչ ոգելից ըմպելիքներ հյուրասիրել:

Բարմենը հետո պատմել է, որ սրճարան այցելած 52-ամյա Ուբալդո Չիտարելան իրեն բազմիցս ասել է, թե «Կամորա» կլանի անդամ է: Կերած-խմածի համար վճարել պահանջող աշխատակցին վախեցնելու նպատակով` այս ճարպիկ ստախոսն ամեն անգամ բարի դռան մոտ դյուրավառ հեղուկով լցված շիշ է դրել` ակնարկելով, որ կարող է պայթեցնել շենքը:

Ի վերջո բարմենը հոգնել-ձանձրացել է ձրիակեր այս այցելուից և գանգատվել է ոստիկանությանը: Ինքնակոչ «մաֆիոզիկը» շուտով ձերբակալվել է (գրել է The LocΖl պարբերականը): Կկալանավորե՞ն հնարամիտ կրուասանաշորթին, թե՞ ոչ` ոչ մեկը չգիտի: Իսկ եթե անկեղծ` նա գողություն չի արել` հյուրասիրվել է: Նույնիսկ չի էլ սպառնացել:

Հայտնի է, որ իտալական մաֆիան հանցագործ խմբավորումներից ամենաճանաչվածն է աշխարհում: Նրանց խմբավորումները բաժանված են այսպես կոչված ընտանիքների (կամ կլանների), որոնց անդամ կարող են լինել միայն իտալացիները (սիցիլիականի մաֆիաներում` միայն սիցիլիացիներ): Սրանք երևի սրճարաններում անվճար սնվելու թուլություն ունեն, և շատ տպավորիչ է, որ «Կոզա Նոստրա» ազդեցիկ խմբավորման անդամներին պարտադրվող վարքականոնում հատուկ կետ կա` խմբավորման անդամները պետք է հրաժարվեն բարեր այցելելուց (LentΖ.ru):