Փարիզի արթնացրած հույսերը


Թեև Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից արդեն մեկ շաբաթ անցել է, բայց անմիջապես արդյունքների մասին խոսելը դժվար էր` ինչպես կարող էր թվալ` դրանց բացակայության պատճառով: Սակայն այդպես թվում է առաջին հայացքից. իրականում յուրաքանչուր հանդիպում պետք է դիտարկել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ողջ համատեքստում:

Պետք է հիշել, որ Փարիզում հանդիպելու առաջարկությամբ Ֆրանսիայի նախագահ Հոլանդը հանդես եկավ դեռ մայիս ամսին, երբ տարածաշրջանային այցով գտնվում էր Հարավային Կովկասում:

Այն ժամանակ Ալիևը չընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի առաջարկը: Օգոստոսին սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին: Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն սադրանքները մեկը մյուսի հետևից խայտառակ պարտություններով ավարտվեցին` մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներով: Ողջ աշխարհը տեսավ ու համոզվեց, որ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը պարզապես անհիմն հոխորտանք է, իսկ հայկական զինուժը տարածաշրջանում խաղաղության պահպանման իրական երաշխավորն է: Դրան հետևեց Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ պարզապես ամրագրվեցին օգոստոսյան սահմանային սրացումների արդյունքները: Բանական է, որ Ֆրանսիան, չցանկանալով հակամարտության կարգավորման նախաձեռնությունն իսպառ Ռուսաստանին զիջել, հանդիպում կազմակերպեց Փարիզում, ինչից Ալիևը հրաժարվելու ոչ պատճառ, ոչ էլ հնարավորություն արդեն չուներ. նրա հրաժարվելը միջազգային հանրությունը չէր հասկանա ու չէր ընդունի:

Պետք է ուշադրություն դարձնել, որ փարիզյան հանդիպման ո´չ նախօրեին, ոչ էլ հաջորդ օրերին սահմանային միջադեպեր տեղի չունեցան, և ընդհանրապես կորել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը: Այլ խոսքերով` Փարիզում Հայաստանին հաջողվեց դիվանագիտական ասպարեզ տեղափոխել ռազմական հաջողությունը:

Հաջորդ դրական արդյունքն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և կրկին հանդիպել հաջորդ տարի սեպտեմբերին: Կարելի է ասել, որ սա ևս հայկական կողմի համար ձեռքբերում է, որովհետև մինչ այս Ադրբեջանը միշտ դժգոհում էր Մինսկի խմբից` աշխատելով ամեն կերպ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը: Իսկ Փարիզում հատուկ շեշտվեց բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում շարունակելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափը պահպանելուն, ապա միանշանակ է, որ համանախագահողներից ոչ մեկը` ո´չ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ո´չ Եվրամիությունը, ոչ էլ Ռուսաստանը չեն կարող հանդուրժել, որ իրենց փոխարեն մեկ ուրիշը հսկողություն սահմանի տարածաշրջանի այդքան կարևոր հանգուցային կետում: Նրանցից յուրաքանչյուրն այս գոտում իր շահերն ունի:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային հերթական փուլն ավարտվեց հայկական դիվանագի տության հաջողությամբ: Իսկ ո՞ւր մնաց բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությունը, կհարցնեն շատերը: Նկատենք, որ Ղարաբաղը մինչ այժմ էլ բանակցային գործընթացին մասնակցում էր. ճիշտ է` այդ մասնակցությունը միջնորդավորված բնույթ ունի: Համանախագահները տարածաշրջան այցելելիս հաճախ նաև Ստեփանակեր տում հանդիպում էին ԼՂՀ գործող իշխանություններին, տեղեկացնում նրանց իրենց հանդիպումների մասին, հարցնում նրանց դիրքորոշումներն այս կամ այն խնդրի վերաբերյալ: Այլ հարց է, որ բացակայում է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ շփումը: Միջնորդները բազմիցս նշել են, որ հակամարտության վերջնական կարգավորումը և երկարատև խաղաղության հաստատումը հնարավոր է միայն բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության պարագայում: Նրանք ավելացրել են, որ բանակցությունների ինչ-որ փուլում բանակցային սեղանի շուրջ կնստի նաև Ղարաբաղի ներկայացուցիչը: Բանակցային գործընթացի այս փուլում հայ դիվանագիտության արձանագրած հաջողությունը հիմք է ստեղծում, թույլ է տալիս հուսալ, որ այնքան էլ հեռու չէ բանակցային այն փուլը, երբ Բաքուն կհամաձայնվի բանակցությունների սեղանին տեսնել նաև Ղարաբաղը:

Թվում է` մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր, մինչև նախագահների մակարդակով հաջորդ հանդիպումը հակամարտության կարգավորման գործընթացում դադար կհաստատվի: Սակայն անելու բան շատ կա: Շուտով` հունվարին կլրանա Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում հայկական ջարդերի տարելիցը: Հարկավոր է հավուր պատշաճի անդրադառնալ ողբերգական իրադարձություններին: Այն Հայոց Ցեղասպանության շարունակությունն է, և 100-ամյակի միջոցառումների շրջանակից ադրբեջանցի կոչվող թուրք ելուզակների հանցագործությունը չպետք է մոռացության տրվի: