Ամփոփվել են համագործակցության արդյունքները


Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 3-ից 6-ը Հայաստանում է գտնվում Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած բանակցությունների ընթացքում ամփոփվել են հայ-բելառուսական երկկողմ ռազմական համագործակցության 2014թ. արդյունքները, մշակվել է 2015թ. համագործակցության պլանի նախագիծը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Բելառուսի պաշտպանական գերատեսչության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցութ յան 2015 թվականի պլանը: