«ԻՊ» գրոհայինները գազի նոր հանք են զավթել


Հենց նրանք էլ հայտարարել են այդ մասին: Մեծարժեք նոր ավարը գտնվում է կենտրոնական Սիրիայի Հոմս գավառում: Խոսքը «Ջահար» գազահանքի մասին է (հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը):

Ի ապացույց իրենց այդ հայտարարության, ծայրահեղականները սոցցանցերում տեղադրել են լուսանկարներ հանքի տեսարաններով, որոնց վրա փողփողում է «Իսլամական պետության» դրոշը: Գրոհայինները հավաստել են, որ Սիրիայի կառավարական զորքերից նաև հափշտակել են մի քանի միավոր զենք ու փոխադրամիջոցներ` 2 տանկ, մի քանի զրահամեքենա ու մեծ տրամաչափի գնդացիրներ:

Ընդամենը մի քանի օր առաջ էլ` հոկտեմբերի 30-ին, հաղորդվել էր, որ «ԻՊ» հսկողության տակ են անցել գազի 3 հորանցքներ` Շաերի շրջանում: Այդ ամենից զատ, նրանք տիրացել են սիրիական մի քանի նավթամուղերի: Ահաբեկչական այս խմբավորման` միայն նավթի վաճառքից գոյացող եկամուտն օրական կարող է կազմել 2 միլիոն դոլար: Այս հաշվարկը կատարվել է Պետդեպարտամենտում, և վերջերս Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ծրագրում է ռմբակոծել այդ օբյեկտները` իսլամիստների եկամուտները սահմանափակելու նպատակով:

Այսօրվա դրությամբ չափազանցություն չէ ասելը, որ «ԻՊ» հաղթարշավը շարունակվում է: Նրանք ևս հստակ գիտեն, որ այս աշխարհում ամեն ինչի կարելի է տիրանալ փողով: Գիտեն և հարստության աղբյուրներ են հափշտակում: Եթե նույնիսկ աշխարհի քարտեզի վրա չկայանա «Իսլամական պետություն» կոչվող միավորը, միևնույն է, այդ խմբավորման առաջնորդներն ու հովանավորներն անբավ հարստություն կդիզեն` դարձյալ նոր ավերածություններ սփռելու: